Խալերը, բծերն ու բնածին հետքերը մշտապես կապել են մաշկի քաղցկեղի առաջացման վտանգի հետ։ Բայց երկու նոր հետազոտություն ցույց են տվել, որ մարմնի վրա առկա խալերի քանակը  մեծացնում է նաեւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։

Խալերը բավականին տարածված երեւույթներ են։ Դրանք առկա են երեխաների մեծ մասի մոտ եւ տարիքին զուգընթաց ավելի են մգանում ու տեսանելի դառնում։ Ըստ Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի տվյալների՝ յուրաքանչյուր չափահաս մարդ մարմնի տարբեր հատվածներում ունի 10-40 խալ, ինչը նորմայի սահմաններում է։ 50-ից ավել խալ ունեցող մարդկանց մոտ մելանոմայի (մաշկի քաղցկեղի վտանգավոր մի տեսակ) առաջացման հավանականությունը ավելի մեծ է, հայտնում է Medical Daily-ն։

Ամերիկացի հետազոտողները հաստատել են, որ ձեռքի վրա 15-ից ավելի խալ ունեցող (նեւուս) կանայք ավելի հակված են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալ, քան մյուսները։ Ֆրանսիացի գիտնականների կողմից անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ մարմնի վրա չափից շատ խալեր ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը 13 տոկոսով ավելի մեծ է։

Ամերիկացի հետազոտողները ենթադրել են, որ վտանգը կարող է պայմանավորված լինել էստրոգենի (որը կապված է կրծքագեղձի ուռուցքի առաջացման եւ տարածման, ինչպես նաեւ նեւուսների աճի հետ) ավելցուկով։ «Դրանք փաստացի կարող են վկայել էստրոգենի ազդեցության մասին»,-ասել է Արկանզասի բժշկական գիտությունների համալսարանից դոցենտ Բարբարա Ֆուրմանը։

Ամերիկացի գիտնականները օգտվել են «Բուժքույրերի առողջության հետազոտության» տվյալներից, որին 24 տարվա ընթացքում մասնակցել է 74500 կին։ Հետազոտողները պարզել են, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացել են նեւուսով կանանց 8,48%, առանց նեւուսի՝ 11,4%-ը։