Կանանց սովորաբար խորհուրդ է տրվում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նպատակով ասեղային բիոպսիա անցնել, բայց իրենք` բժիշկներն անգամ երբեմն նախընտրում են առավել խորը ներթափանցմամբ ընթացակարգեր իրականացնել, գրում է Newsmax Health-ը:

ԱՄՆ Տեքսաս նահանգում գտնվող Անդերսոնի քաղցկեղային կենտրոնի ավագ գիտաշխատող դոկտոր Բենջամին Սմիթը հիշեցրել է, որ ասեղային բիոպսիան պետք է շարունակի ախտորոշման եւ բուժման ստանդարտ միջոցը մնալ: «Վիրաբուժական ներթափանցումն անհամեմատ ավելի ցավոտ է եւ դրա դրա հետեւանքներն ավելի ուշ են անցնում», - նշել է նա:

Մամոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերված ուռուցքի որակը պարզելու համար հարկավոր է նմուշ վերցնել հյուսվածքից եւ հետազոտել այն: Ախտաբան-ռադիոլոգների օգնությամբ կարելի է ղեկավարել ասեղի տեղաշարժը` նմուշարկման գոտի հասնելու համար: Չնայած նույնը, առանց հավելյալ սարքավորումների, նաեւ վիրաբույժները կարող են անել: Մինչդեռ վիրաբուժական տարբերակը, որին երբեմն «բաց բիոպսիա» են անվանում, ուռուցքին հասնելու համար կտրվածք է պահանջում:

Եթե ուռուցքը քաղցկեղային է, բիոպսիայի արդյունքում կարելի է արժեքավոր տեղեկություն ստանալ դրա մասին: Բայց երկու վիրաբուժական միջամտության փոխարեն` մեկը` ախտորոշման եւ մյուսը` հեռացման նպատակով, կարելի է խուսափել առաջինից. Ասեղային բիոպսիան գրեթե բոլոր դեպքերում կարող է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել:

Պարզելու համար, թե որքան հաճախ են կանայք ասեղային բիոպսիայի դիմում` վիրաբուժականի փոխարեն եւ ինչ գործոնների ազդեցությամբ է որոշումը կայացվում, դոկտոր Սմիթն իր գործընկերների հետ միասին 2003-2006թթ. ընթացքում կրծքագեղձի աշխտորոշման նպատակով դիագնոստիկ կենտրոններ դիմած 90 հազար կանանց տվյալներն է ուսումնասիրել: Նրանք բոլորը (նվազագույն տարիքը` 66) հետագայում բուժման նպատակով վիրահատության եւ ռադիացիայի են ենթարկվել:

Տվյալները ցույց են տվել, որ կանանց ընդամենը երկու երրորդ մասն է ասեղային բիոպսիայի դիմել: Իսկ այն հիվանդները, ովքեր խորհրդակցել են բժշկի հետ` ընթացակարգի ընտրության շուրջ, ավելի հաճախ են ասեղային բիոպսիան ընտրել (54 տոկոս):