Հետազոտությամբ պարզվել է, որ վազէկտոմիայի օգնությանը դիմող մարդկանց մոտ շագանակագեղձի ագրեսիվ կամ մահաբեր քաղցկեղի առաջացման վտանգը 20 տոկոսով բարձր է: Եզրահանգման համար շուրջ 50 հազար տղամարդկանց վերաբերյալ բժշկական տվյալների ուսումնասիրությունն է հիմք ծառայել, հաղորդում է FoxNews-ը:
Այդուհանդերձ, փորձագետները վստահ չեն, որ խոսքը պատճառահետեւանքային կապի մասին է եւ վարկածի լիարժեք հաստատման համար հետագա հետազոտությունների կարիք են զգում:
Բացի այդ, փոխկապակցվածության մակարդակն այնքան էլ բարձր չէ, այնպես որ չի կարելի պնդել, թե վազէկտոմիան հակացուցված է տղամարդկանց: Գիտնականների խոսքով, պարզապես կարելի է ասել, որ երեւույթի հետ կապված «ինչ-որ բան այն չէ»:
Վազէկտոմիան տղամարդկանց շրջանում ամենալայն տարածում գտած կոնտրացեպտիվ միջոցներից մեկն է համարվում: Հարվարդի համալսարանի հանրային առողջության դպրոցի տվյալներով, ամերիկացի տղամարդկանց շուրջ 15 տոկոսը գոնե մեկ անգամ վազէկտոմիայի օգնությանն է դիմել:
Փորձագետների կարծիքով, վազէկտոմիայի եւ քաղցկեղի միջեւ կապը կարող է նաեւ շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) հետազոտության կամ բժշկական այլ ստուգումների հաճախականությամբ պայմանավորված լինել, ինչը վազէկտոմիայի օգնությանը դիմած տղամարդկանց մոտ նշանակալիորեն բարձր է:
Բացի այդ, վազէկտոմիան հիմնականում 30-40 տարեկան տղամարդկանց շրջանում է իրականցվում, իսկ շագանակագեղձի քաղցկեղն ավելի ուշ՝ շուրջ 35 տարի անց է ի հայտ գալիս, այնպես որ գիտնականները չեն շտապում ընտանիքի պլանավորման հարցերին միջամտել՝ գտնելով, որ դա անձնական ընտրության հարց է:
Իսկ ահա PSA հետազոտության հաճախականության շուրջ կարելի է բժշկի հետ խորհրդակցել:






