Սեպտեմբերի 15-ը ողջ աշխարհում նշվում է որպես լիմֆոմաների դեմ պայքարի համաշխարհային օր։ Ինչպես եւ այլ հիվանդություններին նվիրված համաշխարհային օրերի դեպքում, այս օրվա գլխավոր նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը եւ հանրության ուշադրությունը լիմֆոմաների խնդրին գրավել ։

2003 թվականի սեպտեմբերից գործում է Լիմֆոմաներով հիվանդների միությունը, որն այսօր ունի մոտ 7000 անդամ։ Միությունը համագործակցում է ԱՀԿ-ի եւ Քաղցկեղի դեմ միջազգային միավորման հետ եւ աշխատում է իրազեկել հանրությանը լիմֆոմաների մասին, քանի որ ճիշտ գիտելիքները մարդկանց հնարավորություն կտան ժամանակին դիմել բժիշկի, իսկ դա իր հերթին կմեծացնի բուժման հավանականությունը։

Լիմֆոմաները իմունային համակարգի բջիջների չարորակ ուռուցքներ են։ Ցավոք, Հայաստանում հիվանդացության մասին ստույգ տվյալներ այս պահին չկան, սակայն Արեւմտյան Եվրոպայում լիմֆոմայի 30 տեսակներից մեկը ամեն տարի ախտորոշվում է 100 000-ից մոտ 12-15 մարդու մոտ։

Շատ բժիշկներ պնդում են, որ լիմֆոմաները մոտ 80 տոկոս դեպքերում բուժելի են, եթե, իհարկե, պացիենտը ժամանակին դիմի բժիշկին եւ ճիշտ բուժում ստանա։