Բազմաթիվ օնկոլոգներ պնդում են, որ արեւայրուքը վնասակար է մաշկի համար եւ կարող է լուրջ խնդիրներ եւ նույնիսկ մաշկի քաղցկեղ՝ մելանոմա առաջացնել: Պարզվում է, արեւի ճառագայթները նաեւ կրծքագեղձերի առողջության համար են վտանգավոր եւ կարող են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Թեմայի շուրջ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն է խոսել:
Նրա խոսքով՝ կրծքագեղձերի կամ վահանաձեւ գեղձի հետ խնդիրներ ունեցող կանանց խորհուրդ չի տրվում արեւային լոգանքներ ընդունել, քանի որ արեւի ճառագայթների ազդեցության տակ առկա խնդիրները կարող են սրվել եւ էլ ավելի լրջանալ:
Խաչանուշ Հակոբյանը հիշեցրել է, որ առեւային լոգանքները ցերեկվա ժամը 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում են առավել վտանգավոր, քանի որ այդ ժամերին արեւի ճառագայթների ծայրահեղ ակտիվություն է նկատվում, եւ դրանց ազդեցության ներքո օրգանիզմում առկա բոլոր խնդիրները նույնպես ակտիվանում են: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանվել արեւի ճառագայթներից, իսկ եթե արեւայրուք ստանալու խիստ ցանկություն կա, ցանկալի է դա առավոտյան՝ մինչեւ ժամը 11-ը, կամ երեկոյան՝ ժամը 17-ից հետո անել:
Իր հերթին, Հայ-Ամերիկյան մշակութային միության նախագահ, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Ռիտա Պալյանը նշել է, որ բրոնզագույն արեւայրուքն, իհարկե, գեղեցիկ բան է, բայց պետք է հիշել, որ այն հետագայում կարող է լուրջ խնդիրներ եւ կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել՝ եթե ոչ միանգամից, ապա գուցե 20 կամ ավելի տարի հետո:
Հիշեցնենք նաեւ, որ վերջերս NEWS.am Medicine-ը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար հատկություններին էր անդրադարձել: Կարդացեք նաեւ այն մասին, թե ինչու արժե ընդհանրապես հրաժարվել արեւայրուքից եւ ինչով են սոլյարիները վտանգավոր:






