Ճարպակալման եւ շաքարախտի զարգացման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն սառը ըմպելիքները, նույնսկ ջուրը։ Այսպիսի եզրահանգման են եկել Արկանզասի համալսարանի գիտնականները։ Բանն այն է, որ սառնությունը թուլացնում է քաղցրի համի զգացողությունը։ Արդյունքում մարդու համի զգացումը փոխվում է, եւ նա ավելի է գերադասում քաղցր ըմպելիքն ու մթերքը։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, փորձի ժամանակ կամավորներին տվել են տարբեր ջերմաստիճանի ջուր, որով պետք էր ողողել կոկորդը։ Հետո նրանք ուտում էին կամ շոկոլադ, կամ պանիր։ Մարդիկ համարում էին, որ շոկոլադի համն այդքան հագեցած չէ, եթե ջուրը սառցահամ էր։ Իսկ պանրի համը միեւնույն կերպ էր ընկալվում անկախ ջրի ջերմաստիճանից։

Ըստ երեւույթին, ջուրը թուլացնում է լեզվի վրայի համային ընկալիչների զգայունությունը։ Այդ պատճառով սառը քաղցր ըմպելիքները հրահրում են շաքարի չափից շատ օգտագործում։  Սա սպառնում է ճարպակալմամբ եւ մի շարք այլ խնդիրներով։