Պլաստիկե շշերում առկա քիմիական նյութ բիսֆենոլ A-ի (ԲՖA) ազդեցությունը պտղի վրա դեռեւս մոր արգանդում ավելի ուշ տարիքում հանգեցնում է շագանակագեղձի քաղցկեղի, ցույց է տալիս մկների վրա իրականացված հետազոտությունը:
Միչնդեռ հետազոտության արդյունքները չեն կարող ապացուցել ԲՖA-ի եւ քաղցկեղի առաջացման միջեւ պատճառահետեւանքային կապը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Համաձայն հետազոտության հեղինակների, ԲՖA-ն սովորաբար պարունակվում է առօրյա սննդամթերքի մեջ, ինչպես օրինակ՝ պլաստիկե շշերի ջրի եւ պահածոյացված ապուրների, եւ բարձրացնում է ցողունային բջիջների զգայունությունը էստրոգենի հանդեպ: Էստրոգենն առկա ինչպես կանանց, այնպես ել տղամարդկանց օրգանիզմում:
Ժամանակի ընթացքում հորմոնի հանդեպ զգայունությունը կարող է տղամարդկանց մոտ խոցելիություն առաջացնել շագանակագեղձի քաղցկեղի նկատմամբ, ասում են հետազոտողները:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Endocrinology օնլայն ամսագրում, գիտնականները վերցրել են մահացած երիտասարդների շագանակագեղձի ցողունային բջիջները եւ փոխպատվաստել մկներին: Հետո մկներին երկու շաբաթվա ընթացքում տվել են ԲՖА՝ պարզելու համար վերջինիս ազդեցությունը:
Մեկ ամիս անց մկներին տվել են էստրոգեն՝ նմանակելու համար հորմոնի մակարդակը, որը սովորաբար տարիքի հետ բարձրանում է տղամարդկանց մոտ: 2-4 ամիս անց վերցրել են մկների հյուսվածքի նմուշներ՝ շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգի համար:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ԲՖА-ով կերակրվող մկներից վերցված հյուսվածքների նմուշները ունեցել են կա՛մ նախաքաղցկեղային ախտահարումներ, կա՛մ շագանակագեղձի քաղցկեղ: Ստուգիչ խմբում, որտեղ մկներին ԲՖА չեն կերակրել, այդ ցուցանիշը կազմել է 12%։






