Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կինը տառապում է կրծքագեղձի քաղցկեղով: Այսպսին են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ( ՀԱԱԿ) տվյալները, որոնք հունվարի 15- ին մամլո-ասուլիսի ժամանակ հայտնեց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ նրա, կենտրոնը օրական ընդունում է 150 հիվանդ, իսկ տարեկան՝ 35000-36000: Կենտրոնի գույության 17 տարիների ընթացքում այն ընդունել է 325 164 հիվանդ, որոնցից 182 831 հետազոտել է կուրծքը, եւ 8000 կանանց մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Խ.Հակոբյանը փաստում է, որ մեծացել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը, բայց աճել է նաեւ կենտրոն դիմելիության թիվը, ինչը բնկաչության տեղեկացվածության ապահովման բնագավառում նրանց տարած աշխատանքի արդյունքն է:
Կենտրոնի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ իրենց աշխատակիցները մշտապես ստուգիչ այցեր են կատարում Հայաստանի տարբեր մարզեր: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր մակարդակը, ըստ Կենտրոնի տվյալների, գրանցվել է Գեղարքունիքի մարզում:
Ըստ Հակոբյանի, հայերն ու հրեաները ամենաշատն են հակված կրքագեղձի քաղցկեղի առաջացմանը մինչեւ 25 տարեկան: Դրա բացատրությունը, ինչպես եւ երեւանյան հիվանդության դեպքում՝ գենետիկ գործոնն է: Կենտրոնի ամենաերիտասարդ հիվանդը, ում ախտորոշվել է կրքագեղձի քաղցկեղ, 16-ամյա աղջիկ է:
Բայց եւ այնպես, ըստ ճառագայթաբանության բաժնի վարիչ Անի Հակոբյանի, հիմնական տարիքային խումբը ՝ 35-60 տարեկան կանայք են: Նրանք պետք է տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն: Մինչեւ 35 տարեկան կանայք կարող են սահմանափակվել սոնոգրաֆիկ հետազոտությամբ:
Կրծքագեղձի ընդհանուր հետազոտությունը (մամոգրաֆիա եւ սոնոգրաֆիա) ՀԱԱԿ –ում արժե 20 000 դրամ ( սոնոգրաֆիան 8000 դրամ): Կենտրոնի ղեկավարը նշեց, որ զարգացած երկրներում այս հետազոտությունն արժե 1000 դոլար, բայց մեզ մոտ գները սահմանվել են՝ հաշվի առնելով բնակչության ֆինանասական հնարավորությունները: Կետնրոնում սահմանված են նաեւ արտոնություններ բազմազավակ մայրերի, ազատամարտիկների կանանց եւ սոցիալապես անապահով այլ խմբերի համար:
Եթե նախկինում կենտրոնում բաց դռների օր կար, որի ժամանակ կատարվում էր անվճար հետազոտուոթյուն, ապա այսօր, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, նրանց մոտ ամեն օրն է բաց դռների օր. «Այնպես է ստացվել, օր օրական 10-12 հիվանդ մենք անվճար ենք ընդունում»:
«Մեր ժամանակներում մահը կրծքագեղձի քաղցկեղից՝ առնվազն անկրթության հետեւանք է։ Առավել եւս, որ կենտրոնում առկա է 3D սարքավորում, որը թույլ չի տալիս բժիշկներին սխալվել»,- ասաց նա, ավելացնելով, որ պետք է հետեւել առողջությանը եւ, «եթե ընտանիքի մայրը անառողջ է, ապա անառողջ է ողջ ընտանիքը»: Հաճախ կանայք որպես բժշկի չդիմելու պատճառաբանություն բերում են ֆինանսական գործոնը, բայց Կենտրոնի հետազոտությունը ցույց է տվել, որ գերակշռում է հենց հետազոտության վախը, բացասական ախտորոշում ստանալու վախը:
«Մեր կարգախոսն է՝ ախտորոշել ուռոցքը, քանի դեռ այն չի շոշափվում: Չէ որ ժամանակին ախտորոշելով ուռուցքը՝ կարելի է այն շուտ հեռացնել»,- նշեց նա:
[gallery id=6]
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի






