57-ամյա բուժառուն  հիվանդության մասին  պատահական է իմացել։ Ոչ մի արտահայտված ախտանշան չի ունեցել, պարզապես կնոջ հորդորով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն և անցել սքրինինգային հետազոտություն։ Շագանակագեղձի քաղցկեղի օնկոմարկեր հանդիսացող PSA թեստի ցուցանիշը նորմայից բարձր էր։

«PSA–ն 7.45 էր: Իմ տարիքային շեմով պետք է լիներ 4–ի կարգի։  Մոտեցանք ուրոլոգին, Ռուբեն Օգանեսովիչի մոտ, նայեց, խորհուրդներ տվեց, նշանակումներ արեց, 6 ամիս հետո նորից անալիզներ տվեցինք, թիվը մի փոքր նորից էր աճել։ Բնականաբար արդեն խորհուրդ տվեց բիոպսիա, անցանք բիոպսիա, ոչ մի բացասական բան չհայտնաբերվեց, նորից խորհուրդ տվեց վեց ամիս հետո կրկնել։ երեք անգամ բիոպսիա անցա, 3 անգամ էլ նորմալ էր, վտանգավոր ոչինչ չհայտնաբերվեց, բայց թիվը կամաց–կամաց աճում էր», - պատմում է Արամ Բրուտյանը։  

Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո՝ բուժառուի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Եվ քանի որ հիվանդությունը հայտնաբերվել էր վաղ փուլում՝ որոշում է ընդունվել իրականացնել  շագանակագեղձի ամբողջական հեռացում։

«Ժամանակին հայտնաբերելու պարագայում շագանակագեղձը հեռացվում է, եւ հեռացնելով գեղձը հեռացնում ենք ամբողջ հիվանդությունը։ Եթե այն սահմանափակված է դեռ գեղձով։ Եվ գործնականորեն կյանքի որակի վրա այդ վիրահատությունը չի անդրադառնում», – ասում է «Նաիրի» ԲԿ Լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը։

Հետադարձ հայացք նետելով՝ բուժառուն գոհունակությամբ է հիշում , որ  հետեւեց բժշկի խորհրդին եւ չդադարեց հետազոտվել, ինչի արդյունքում էլ հիվանդությունը ժամանակին հայտնաբերվեց ու լիարժեք բուժվեց։

«Ոչ մի ախտանշան։ Համենայն դեպս ես ոչ մի բացասական բան չեմ զգացել։ Ինչ–որ կատարվել է, բոլորը անալիզների պատասխանների եւ կարելի է ասել սկզիվբը պատահականության վրա։

Ոնց կարամ անհետեւողական թողեմ։ Եվ բժիշկն ա խորհուրդ տալիս, եւ կողքի ինֆորմացիան, որ կարող ես ոչ մի բան չզգաս, չզգաս, եւ վերջում արդեն կզգաս, բայց ավելի խիստ», – ասում է Արամ Բրուտյանը։

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված չարորակ հիվանդություններից է։ Բարդացած շրջանում այն ծանր հետևանքներ է ունենում հիվանդի համար․ Այդ պատճառով շատ կարևոր է հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլերում։ Չնայած, որ վաղ փուլերում իսպառ բացակայում են ախտանշանները։

«Շագանակագեղձի քաղցկեղը իսկապես եզակի է, որովհետեւ քանի դեռ բուժելի է, չի տալիս գանգատներ։ Երբ որ հայտնվում են գանգատներ սպեցիֆիկ շագանակագեղձի քաղցկեղին, այդ հիվանդությունը 80-90 տոկոս դեպքերում արդեն անբուժելի է։

Եվ բնականաբար այս մեր զրույցի իմաստներից մեկն էլ նաեւ այն է, որ մենք կարողանանք, մեր տղամարդկանց հասկացնել, որ շագանակագեղձի քաղցկեղը մի սարսափելի հիվանդություն է, երբ այն դառնում է արդեն տարածված, եւ դա մի լիարժեք բուժելի հիվանդություն է, երբ որ մենք ժամանակին հայտնաբերում ենք։ ++Երբ ասում եմ լրիվ բուժելի է, հենց դա էլ նկատի ունեմ», – ասում է բժիշկը։

Արամ Բրուտյանի վիրահատությունը կատարվել է լապարասկոպիկ եղանակով։ Դա այսօր ուրոլոգիայում ամենաշատ կիրառվող վիրահատական մեթոդներից  է  և ունի մի շարք առավելություններ։

«Պետք է ասեմ, որ դա իսկապես հեղափոխական մեթոդ է։  Երբ մենք խոսում ենք շագանակագեղձի հեռացման մասին, մենք քննարկում ենք մի քանի ասպեկտ՝ մեկը դա ֆունկցիոնալ արդյունքն է, ֆունկցիոնալի մեջ ներառվում է միզապահությունը և սեռական ֆունկցիան, օնկոլոգիական արդյունքն է, որպեսզի մենք կարողանանք բուժել պացիենտին շագանակագեղձի քաղցկեղից, եւ կյանքի որակն է, որ այդ ամենի ամբողջությունն է պլյուս եւս մի քանի բան։ Այս բոլոր պարամետրերով եթե պրինցիպիալ էլ չի տարբերությունը, ապա կյանքի որակի առումով կյանքին շուտ վերադառնալու առումով , առօրյա, ընտանիք, աշխատանք, համեմատության եզրեր չկան», – ասում է մասնագետը։

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով մեթոդը կիրառելու համար։ Եթե նախկինում Հայաստանից շատ էին մեկնում արտերկիր քաղցկեղի բուժման համար, ապա այսօր դրա անհրաժեշտությունն այլևս չկա։  Անհրաժեշտ է հետևել բժիշկների խորհուրդներին և պարբերաբար հետազոտվել ՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար։ Մասնավորապես՝ տղամարդիկ 45 տարեկանից հետո պետք է պարբերաբար այցելեն ուրոլոգի և անցնեն համապատասխան հետազոտություններ։