Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշում է. ինչպես ամբողջ աշխարհում, ընկճախտը հաճախ է հանդիպում Հայաստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով՝ դեպրեսիան տարածված հոգեկան խանգարումներից մեկն է, եւ դրանից տառապում է ավելի քան 300 միլիոն մարդ։ ԱՀԿ փորձագետները մատնանշում են, որ դեպրեսիան աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից է, եւ վատագույն դեպքում կարող է հանգեցնել ինքնասպանության։
Ի՞նչ ախտանշանների պետք է հատուկ ուշադրություն դարձնել։
Ինչպես նշեց Մարիամ Մեհրաբյանը NEWS.am Medicine-ի հարցազրույցում, երկարատեւ ընկճախտի դեպքում նկատվում են տրամադրության անկում, տրամադրության մշտական վատացում, ինչը հատկապես նկատելի է կենսուրախ մարդկանց մոտ։ Բացի այդ, ընկճախտն ուղեկցվում է ցածր ինքնագնահատականով, սեփական ուժերի հանդեպ անվստահությամբ եւ կամքի բացակայությամբ։
«Կյանքը մեր առջեւ խնդիրներ է դնում, որոնք ամեն ոք լուծում է յուրովի։ Օրինակ, «խորհրդային դարաշրջանի» մարդու համար դժվար է սոցիալացվել արդի պայմաններում։ Այս դեպքում տեղի է ունենում դարաշրջանների բախում, եւ եթե մարդու մոտ չկա մտածողության ճկունություն, ապա արդյունքում զարգանում է ներքին կոնֆլիկտ»,- նկատել է Մեհրաբյանը։
Եվս մեկ տագնապալի ախտանշան կա, որին արժե ուշադրություն դարձնել. դա անարդարության զգացողությունն է։ «Աշխարհը չի կարող անարդար լինել։ Մարդիկ տարբեր են, ռեսուրսներն ու հնարավորությունները նույնպես տարբեր են, եւ մենք պետք է մեր ռեսուրսների հիման վրա գտնենք մեր տեղն աշխարհում։ Շատ կարեւոր է չհամեմատվել ուրիշների հետ, եւ հենց սրա վրա պետք է առաջին հերթին աշխատի հոգեբանը նեւրոզների եւ դեպրեսիայի բուժման ժամանակ։ Մարդու համար լավագույն պաշտպանությունը մոտիվացիայի ակտիվացումն է»,- ավելացրել է Մեհրաբյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր