• Latest news

Էպիլեպսիայի բուժման նորարարական մեթոդ՝ «Նաիրի» ԲԿ–ում

29 հունիսի, 2024  22:05

«Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատության են պատրաստում երիտասարդ բուժառուի, որը  դեռահասության տարիքից ունենում է էպիլեպտիկ ցնցումներ՝ ամսական առնվազն 3-5 անգամ։ Դրանք նվազեցնելու նպատակով կիրառվել են դեղորայքային տարբեր բուժումներ. Սակայն անարդյունք:

«Դա լինում է 30 տոկոս դեպքերում և որոշում է կայացվել վիրահատական կերպով այդ հարցին լուծում տալ», –ասում է  «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ
Քրիստինե Բաղդասարյանը։

Վիրահատության որոշումը կայացվում է ախտորոշիչ փուլերից հետո։ Հիվանդի պատմությունը լսելուց ու ՄՌՏ հետազոտությունից հետո, որը կատարվում է հատուկ ռեժիմով: Եթե ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է նմանատիպ ցնցումների համար, հայտնաբերվում են կառուցվածքային փոփոխություններ, իրականացվում է էլեկտրա-էնցեֆալոգրաֆիա։


«Որը մեզ ինֆորմացիա է տալիս ուղեղի ֆունկցիոնալ վիճակի մասին տվյալ պահին», – ասում է նա։

Կա նաև ախտորոշիչ մեկ այլ տարբերակ։ Այսպես կոչված, ստերեո ԷԷԳ-ն, երբ էլեկտրոդները տեղադրվում են ոչ դե գլխամաշկի վրա, այլ՝ գլխուղեղում։

«Ահա ներուղեղային էլեկտրոդը, որոնք որ տեղադրվելու են գլխուղեղի մեջ, որպեսզի հստակ իմանանք, թե որ էլեկտրոդի շրջանից է գալիս էպիլեպտիկ ակտիվությունը». – ասում է «Նաիրի» ԲԿ Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Արման Հակոբյանը։

Բուժառուի մոտ միաժամանակ  տեղադրվել է երկու էլեկտրոդ՝ ներուղեղային և երկկեղևային, քանի որ ախտածին օջախները երկուսն են։

«Եթե հաստատվեց, որ էպիլեպտիկ ակտիվությունը համապատասխանում է այն տեղին, որտեղ տեղադրված է այս էլեկտրոդը, կատարվելու է նրա այրում։ Գրավականն այս վիրահատության, որ այն կատարվելու է մեկ անցքից։ Սա բաց վիրահատություն չէ։ Սա վիրահատություն է ասեղով», – ասում է նա։

Մինչև էլեկտրոդների տեղադրումը՝ ՄՌՏ հետազոտության ժամանակ բուժառուի գլխին հարմարացվում է հատուկ սարք, որը հստակ կոորդինատներ է տալիս հնարավոր թիրախի վերաբերյալ։

«Սա թույլ է տալիս մեզ էլեկտրոդը տեղադրել մինչև կես մմ ճշգրտությամբ։ Այսինքն, մենք սխալվելու հնարավորություն պրակտիկապես չունենք», – ասում է բժիշկը։

Էպիլեպտիկ ցնցումները նվազեցնելու համար վիրահատությունը կատարվում է երկու փուլով։ Առաջինն էլեկտրոդների տեղադրումն է, որի ժամանակ բուժառուն կարող է լինել արթուն կամ քնած։ Բժիշկը հաշվի է առնում նաև հիվանդի ցանկությունը։ Երկրորդ փուլը տեղադրված էլեկտրոդով պաթոլոգիկ օջախների այրումն է։

«Որը պետք է արվի միմիայն հիվանդի արթուն վիճակում։ Քանի որ մինչև այրումը կատարվում է սիմուլյացիա։ Այսինքն, տալիս ենք հոսանք, որը հավասարազոր է այրմանը, բայց վերադարձելի պրոցես է։ Եվ եթե այդ հոսանքը տալուց հիվանդի մոտ առաջանում է ինչ-որ խնդիր, օրինակ՝ ձեռքն է թուլանում կամ խոսքն է վատանում , նշանակում է այրումն այդ տեղում հակացուցված է», – ասում է Արման Հակոբյանը։  

Արման Հակոբյանը շեշտում է՝ վիրահատությամբ հնարավոր չէ ամբողջությամբ ազատվել ցնցումներից։ Այն պակասեցնում է ցնցումների հաճախականությունն ու օգտագործվող բարձր դոզայով դեղերի քանակը։ Սակայն պետք է ընդգծել, որ  «Նարիրի» բժշկական կենտրոնում էպիլեպտիկ վիրահատությունները բավական լավ արդյունք են ունեցել։

«Ամբողջ աշխարհում ընդունված որպես վիրահատական արդյունք դա 60-80 տոկոս արդյունավետությունն է վիրահատական բուժման։ Չնայած, որ Նաիրի բժշկական կենտրոնում կատարված էպիլեպսիայի վիրահատություններից մենք ունենք, բնականաբար, նաև 100 տոկոսանոց արդյունքներ, որոնց դեռ ժամանակի պետք է գնահատական տանք», – ասում է Քրիստինե Բաղդասարյանը։

Այս եղանակով, ստերեոտակտիկ սարքի կիրառմամբ «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարում են գլխուղեղի վիրահատություններ ոչ միայն էպիլեպսիայի դեպքում, այլև փոքր ուռուցքների, ինչպես նաև Պարկինսոնի հիվանդության բուժման համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել