Մարդու օրգանիզմի համար սթրեսը միայն հուզական ցնցումներ եւ ապրումներ չէ: Կարեւոր է օրգանիզմին օգնել ճիշտ սննդով, կանխել օգտակար վիտամինների դեֆիցիտը եւ էլ ավելի խորը սթրեսի մեջ չգցել: Այս մասին Life-ին պատմել է սննդաբան Սոֆյա Լիտոշենկոն։
Նրա խոսքով՝ սթրեսի ժամանակ չպետք է քաղցրի դիմել, օսլա պարունակող եւ յուղոտ սնունդ ուտել, քանի որ այդպիսի մթերքներից «էմոցիոնալ հանգստությունը» կարճաժամկետ ազդեցություն է ունենում. ժամանակավորապես նվազեցնում է կորտիզոլի մակարդակը եւ ավելացնում դոֆամինի մակարդակը։ Իսկ հետեւանքները չեն ստիպի սպասել։ Նաեւ սթրեսի ժամանակ պետք չէ չարաշահել սուրճը, քանի որ կոֆեինը խթանում է ադրենալինի եւ կորտիզոլի արտադրությունը մակերիկամների կողմից։
Ըստ Լիտոշենկոյի՝ սննդի միջոցով սթրեսի դեպքում անհրաժեշտ է պահպանել երկաթի, մագնեզիումի, օմեգա-3-ի, ցինկի եւ սելենի մակարդակը։ Մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել ֆերմենտացված բանջարեղեն, ինչպիսիք են կիմչին կամ առանց աղի թթու կաղամբը: Այն պրոբիոտիկների, վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է։ Մասնավորապես, այդ մթերքները հարուստ են վիտամին C-ով, բարերար ազդեցություն են ունենում նաեւ աղիքային միկրոֆլորայի վրա, որի վիճակն ուղղակիորեն կապված է էմոցիոնալ վիճակի, այդ թվում՝ դեպրեսիայի հետ:
«Ավելի շատ բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ կերեք, որոնք վիտամին C-ի, ֆոլաթթվի, մագնեզիումի աղբյուրներ են: Այդ ամենն օգնում է կարգավորել էմոցիոնալ վիճակը եւ ավելի լավ հաղթահարել դեպրեսիվ վիճակները, նպաստում է տրամադրությունը կարգավորող նեյրոհաղորդիչների, այդ թվում՝ սերոտոնինի եւ դոֆամինի արտադրությանը։ Հապալասը եւ այլ հատապտուղներ հակաօքսիդանտների հարուստ աղբյուրներ են եւ նեյրոպաշտպանիչ ազդեցություն ունեն, օգնում են պաշտպանել բջիջները եւ նվազեցնել սթրեսից առաջացած բորբոքումները: Բրազիլական ընկույզը սելենի աղբյուր է»,- խորհուրդ է տվել սննդաբանը։
Նա նաեւ նշել է, որ չիայի սերմերը, ընկույզը, արեւածաղկի սերմերը, կտավատի սերմերը եւ այլ ընկույզներ եւ սերմեր առողջ ճարպերի, վիտամին E-ի, ցինկի, մագնեզիումի աղբյուրներ են, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ։ Իսկ լոբին եւ ոսպը հարուստ են երկաթով, որի պակասը կապված է քրոնիկական հոգնածության, դեպրեսիայի եւ խուճապի նոպաների հետ։
Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ սննդակարգից ամբողջությամբ հանել գերվերամշակված մթերքները, շաքարավազը եւ ալկոհոլը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր