Ի՞նչ սնունդ օգտագործեն տղամարդիկ առողջ եւ ակտիվ լինելու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
«Սնունդը պարզապես քիմիական տարրեր եւ միացություններ չէ, որոնք մեզ էներգիա են տալիս եւ օրգանիզմի համար շինանյութի դեր կատարում: Սնունդն ունի իր էությունը, էներգետիկան»,- ասաց նա:
Պետրոսյանի խոսքով՝ սննդի էությանը և էներգետիկային ամենից շատ ուշադրություն դարձնում են Արեւելքում, չէ՞ որ հենց արեւելյան իմաստուններն են կարծում, որ սնունդն ունակ է ներդաշնակության մեջ պահելու օրգանիզմն ու ընդգծելու կանանց կանացիությունը և տղամարդկանց տղամարդկությունը:
Ինչպես նշեց Պետրոսյանը, տեստոստերոնը՝ «տղամարդկային» հորմոնը, սինթեզվում է հիմնականում խոլեստերինից: Խոլեստերինի ավելցուկը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ, բայց դրա նորմալ քանակությունն անհրաժեշտ է օրգանիզմին: Ուստի սնունդը, որի մեջ խոլեստերին կա, համարվում է տղամարդու սնունդ:
Առաջին հերթին տղամարդիկ պետք է անպայման իրենց սննդակարգում ներառեն ձու, միս եւ ձուկ. հենց այս մթերքներն են մեծացնում արյան մեջ արական հորմոնների քանակը եւ տղամարդուն ավելի ակտիվ ու առնական են դարձնում:
«Տղամարդու ճաշացանկում անպայման պետք է միս լինի, քանի որ այն տղամարդուն դարձնում է ավելի առնական, նախաձեռնող, ակտիվ, որոշումներ ընդունող, միջավայրն իրեն հարմարեցնող, ոչ թե հարմարվող»,-ասաց Պետրոսյանը:
Բացի դրանից՝ վերը նշված մթերքները հարուստ են սպիտակուցներով, որոնք, ինչպես հայտնի է, նպաստում են մկանների աճին, ինչը ոչ պակաս կարեւոր է տղամարդկանց համար:
Անշուշտ, սա չի նշանակում, որ տղամարդկանց ճաշացանկը պետք է բաղկացած լինի միայն մսից, ձկից կամ ձվից, քանի որ այս մթերքների չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: Օրինակ՝ խոլեստերինի ավելցուկը կարող է իր հետ մի շարք սրտանոթային հիվանդություններ բերել:
«Բացի դրանից՝ տղամարդկությունը եւս չափի մեջ է գեղեցիկ. տեստոստերոնի ավելցուկը տղամարդուն դարձնում է ագրեսիվ և կոպիտ»,- նշեց Վարդանուշ Պետրոսյանը:
Ամալյա Գաբրիելյան






