Մամոգրաֆիան չի կարող փոքրացնել մահացության ռիսկը, ասված է բրիտանական բժշկական ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ: Ուստի վերջին տարիներին բժշկական համայնքում շատ է քննարկվում հարցը՝ արժե՞ ընդհանրապես մամոգրաֆիա անել:

Ցանկացած բժշկական թեստ առավելություններից բացի՝ պոտենցիալ վտանգ է պարունակում, ուստի որոշ փորձագետներ ավելի ու ավելի հաճախ են պահանջում վերանայել մամոգրաֆիա անելու սկզբունքները, հաղորդում է Fox News-ը։

British Medical Journal study ամսագրի հետազոտության համար կանադացի գիտնականներն ուսումնասիրել են Կրծքագեղձի սքրիննինգի Կանադայի ազգային բազայի 40-59 տարեկան 89835 կանանց տվյալները՝ հետազոտության սկզբում: Կլինիկական հետազոտություն անցնելուց հետո ուսումնասիրության մասնակից կանանց երկու խմբի են բաժանել՝ առաջին խումբ, որում ընդգրկվածները պետք է 4 տարվա ընթացքում ամեն տարի  մամոգրաֆիա եւ կլինիկական հետազոտություն անցնեին, եւ երկրորդ խումբ, որի կանայք պետք է 4 տարվա ընթացքում միայն ամենամյա կլինիկական հետազոտություն անցնեին (իսկ 40-49 տարեկան կանայք պարզապես մնում են իրենց բժշկի հսկողության տակ):

Բժիշկները մասնակիցներին շարունակել են հետեւել հետազոտության սկզբից հետո հաջորդ 25 տարվա ընթացքում:

Կրծքագեղձի նախնական սքրինինգի շրջանում կրծքագեղձի քաղցկեղի 1190 դեպք է հայտնաբերվել, 666-ը՝ մամոգրաֆիայի խմբում, 524-ը՝ մյուս խմբում: Սակայն երկու խմբում մահացության մակարդակը շատ չի տարբերվել՝ 25 տարում մամոգրաֆիայի խմբում մահացել է 180 կին, մյուս խմբում՝ 171 կին:

Ավելին՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ քաղցկեղի՝ մամոգրաֆիայով արված 5 ախտորոշումից մեկը ճիշտ չի եղել: Այլ կերպ ասած՝ եթե այդ ուռուցքները չհայտնաբերեին եւ չբուժեին, դրանք, միեւնույն է, առողջական ոչ մի խնդիր չէին առաջացնի:

Ամեն դեպքում, տվյալ հետազոտության մեջ որոշ հարցեր բաց են մնում, ասում է բժիշկ Մարիսա Վեյսը՝ Breastcancer.org-ի հիմնադիրը: Օրինակ՝ հետազոտվել է միայն ողջ մնալու խնդիրը, այլ ոչ այնպիսի գործոններ, ինչպիսին՝ կյանքի որակն է: «Շատ կանայք ուզում են ուռուցքի մասին իմանալ, երբ այն դեռ վաղ փուլում է՝ քիմիայից խուսափելու համար»,- ասում է նա: