Աուտիզմի առաջացման իրական պատճառները գիտությանը առայժմ հայտնի չեն, բայց շատ ենթադրություններ եւ տեսություններ կան, որոնցից մեկն էլ աուտիզմը կապում է պատվաստումների հետ։ Այդ տեսության մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը խոսեց «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիր», հոգեբանության դոկտոր Այրա Պաուլ Հեյվեյլի հետ։

Ըստ Հեյլվեյլի, այս հարցը միանշանակ չէ, որովհետեւ ոչ ոք հստակ չգիտի աուտիզմի առաջացման իրական պատճառները։ Աուտիզմը պատվաստումների հետ հաճախ կապում են այն պատճառով, որ այն սովորաբար ի հայտ է գալիս մինչեւ 18 ամսական՝ հենց այն ժամանակ, երբ երեխաները պատվաստում են ստանում։ Շատ հաճախ աուտիզմի առաջին ախտանշանները նշմարվում են անմիջապես պատվաստումներից հետո։

«Որոշ պատվաստանյութերում առկա է տիոմերսալ կոնսերվանտը, որը հիմնականում ստանում են սնդիկից»,- բացատրեց բժիշկ Հեյլվեյլը։ - Սնդիկի թունավորման ախտանիշները իդենտիկ են աուտիզմի առաջացման ախտանիշներին։ Սա, իհարկե, էլեգանտ տեսություն է, բայց դրա հիմնական խնդիրն այն է, որ ճիշտ չէ է, որովհետեւ պատվաստանյութից այդ կոնսերվանտի հեռացման դեպքում աուտիզմով երեխաների թիվը ճի պակասի։ Հենց այդ պատճառով շատ պատասխանատու գիտնականներ չեն հավատում աուտիզմի եւ պատվաստումների կապին»։

Մասնագետը նաեւ նշեց, որ վերջերս մի հետազոտություն ցույց է տվել, որ առողջ երեխաների օրգանիզմը պարունակում է նույնքան ծանր մետաղներ (որոնք մնում են, օրինակ, պատվաստումներից հետո), որքան եւ աուտիզմով հիվանդ երեխաների մոտ։

Սակայն նա նաեւ նշեց, որ թեպետ շատ գիտնականներ չեն հավատում պատվաստումների եւ աուտիամի կապին, չի բացառվում, որ որոշ երեխաների մոտ մի քանի գործոնների, որոնք կարող են եւ պատվաստումը ներառել, անհաջող համակցումը կարող է աուտիզմի առաջացման պատճառ դառնալ։

Ինքը բժիշկը ավելի հակված է աուտիզմի պատճառները փնտրել գենետիկայում, սակայն նշում է, որ այս տեսությունն էլ դեռեւս ապացուցված չէ։

Բացի այդ, պատվաստումներից հրաժարումը ավելի շատ վտանգներ է պարունակում, քան աուտիզմի ռիսկն է, կարծում է Այրա Պաուլ Հեյլվեյլը։

Աուտիզմով տառապող երկու երեխաների ծնողներն հայտնեցին NEWS.am Medicine-ի թղթակցին, որ իրենց երեխաներին պատվաստում արել են, իսկ մեկ այլ հիվանդ երեխայի մայրը խոստովանեց, որ իր երեխան ոչ մի պատվաստում չի ստացել։