Ծխող կանանց մոտ ուժեղ հակում է լինում դեպի ճարպոտ եւ քաղցր սնունդը, ցույց է տվել նոր միջազգային հետազոտությունը:

Փորձին մասնակցել են ճարպակալումից տառապող 14 ծխող կանայք, հավելյալ քաշով 11 չծխող կանայք, 10 ծխող կանայք առանց քաշի հետ կապված խնդիրների եւ 12 նույնպիսի չծխող կանայք: Գիտնականներն առաջարկել են բոլոր մասնակիցներին փորձել մի քանի կտոր վանիլային պուդինգ եւ որոշել, թե ինչքանով է այն քաղցր, յուղայնության աստիճանը, ինչպես նաեւ գնահատել համային հատկանիշները հատուկ սանդղակով: Հետազոտության արդյունքները հրապարակված են Obesity ամսագրի կայքում:

Պարզվել է, որ ծխող, գեր կանանց մեծամասնությանը պուդինգը թվացել է ոչ քաղցր եւ գրեթե ոչ յուղոտ: Այդ ամենի հետ միասին, նշված խմբի կանանց մեծամասնությանը պուդինգը անհամ է թվացել:

«Կարելի է պնդել, որ մեր կողմից հայտնաբերված յուղայնության եւ շաքարի համի ընկալման առանձնահատկությունները կապված են ուտելիս ստացված հաճույքի ցածր մակարդակի հետ: Այդպիսի փոփոխությունները կարող են դրդել կանանց ուտելու ավելի շատ յուղային եւ քաղցր սնունդ «բաց թողնված» դրական էմոցիաները լրացնելու համար: Արդյունքում կարող է ճարպակալում առաջանալ»,- նշել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Յանինա Պեպինոն (Yanina Pepino):

Հատուկ վտանգված են ծխող, գեր կանայք, որոնց մոտ խիստ խանգարված է սննդամթերքի յուղայնության եւ քաղցրության ընկալման հատկությունը, ինչը բերում է ավելորդ կալորիաների օգտագործման: