Չծնված երեխաները ժպտում են դեռեւս մոր արգանդում, հայտնաբերել են գիտնականները:
Հետազոտղները արգանդում գտնվող երեխաների մի շարք 4D-պատկերներ են ստացել, որոնց վրա հստակ երեւում է նրանց դեմքի արտահայտությունը ծնվելուց 16 շաբաթ առաջ, հաղորդում է The Daily Mail-ը:
Ըստ հոգեբանների՝ երեխաները արտահայտում են իրենց էհույզերը, որպեսզի շփվեն ծնողների հետ ծնվելուց հետո:

Հետազոտողները 15 առողջ պտուղների պարբերաբար ուլտրաձայնային հետազոտություն են կատարել հղիության 24-36-րդ շաբաթների ընթացքում, եւ հայտնաբերել, որ երեխաները կարող են բավականին վաղ արտահայտել իրենց հույզերը:
4D սկանավորումը կադր առ կադր օգտագործելով՝ գիտնականները հետեւել են չծնված մանկիկների բերանների շարժումներին եւ համեմատել դրանք ուղեղի տարբեր մասերի զարգացման հետ:
Մարդկային ուղեղի աջ կեսը կապված է էմոցիոնալ կարողությունների հետ եւ վերահսկում է բերանի ձախակողմյան շարժումները, միեւնույն ժամանակ ուղեղի ձախ կեսը կապված է լեզվական կարողությունների հետ եւ վերահսկում է բերանի աջ կեսը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ երեխաների բերանի շարժումները ավելի շատ ձախակողմյան, հուզական են եղել:
Նրանք եկել են եզրակացության, որ երեխան դեմքի միմիկա է մշակում, որը նրան պետք կգա ծնվելուց հետո, որպեսզի հաղորդի էմոցիաները ծնողների հետ շփվելիս:
Physiology and Behaviour ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ բոլոր 15 երեխաների մոտ (8 աղջիկ, 7 տղա) դեմքի ձախ կեսը ավելի արտահայտիչ է եղել:

Բացի այդ հետազոտողները երեխաների մոտ նկատել են լաց եւ ժպիտ, ցավ եւ դժգոհություն՝ արտահայտված ճակատի վրա ծալքով, կնճռոտված քթով եւ վեր քաշված շրթունքներով:







