Ի՞նչ է կատարվում մարդու օրգանիզմում՝ Էբոլա վիրուսի ազդեցությամբ: Եվ ինչո՞ւ է այն սպանում մարդուն: Հարցերի պատասխանները՝ նկարազարդումներով, Washingtonpost.com կայքն է տվել:
Վարակում
Էբոլա վիրուսի մասնիկները մարդու արյան եւ օրգանիզմի այլ հեղուկ զանգվածների մեջ են «հիմնավորվում», որտեղից էլ կարող են աչքերի, լորձաթաղանթների, մաշկի վրա առկա վերքերի եւ ներարկան միջոցով այլ մարդկանց օրգանիզմ անցնել: Օդակաթիլային ճանապարհով կամ միջատների խայթոցի արդունքում այն չի փոխանցվում: Փոխարենը հիվանդությունից մահացած մարդկու մարմինը սարսափելի վարակիչ է՝ առանց հատուկ պաշտպանիչ հագուստի դիպչել չի կարելի (իրականում, աֆրիկյան փոքրիկ գյուղերում Էբոլան հենց այդպես էլ տարածվում է՝ մարդիկ մահացած ազգականներին են դիպչում եւ վարակվում): Վարակված մարդու հետ ձեռքսեղմումը կամ պարզապես նրան մոտ գտնվելն առավել նվազ ռիսկային է. այդուհանդերձ, խորհուրդ է տրվում նմանատիպ շփումները նվազագույնի հասցնել կամ պաշտպանիչ հագուստ կրել:
Ինկուբացիոն շրջան
Հիվանդության ինկուբացիոն շրջանը 2-21 օր է տեւում, իսկ առավել հաճախ՝ 4-10 օր, որից հետո տենդի առաջին ախտանշաններն են ի հայտ գալիս:
Ինչպես է վիրուսը բջիջների մեջ ներթափանցում
1. Էբոլան ֆիլովիրուս է, որի բաղադրության մեջ առկա սպիտակուցները վիրուսի բազմացման եւ մարդու իմունային համակարգից պաշտպանության համար անհրաժեշտ 7 գեները պարունակող մենավոր ՌՆԹ-ների շուրջ հավաքվելու հատկություն ունեն:
2. Մարդու օրգանիզմ անցնելով, վիրուսը բջջաթաղանթին է կառչում, այնուհետեւ էլ՝ բուն բջջի մեջ ներթափանցում: Վիրուսի սպիտակուցները դեպի մեմբրանն են ձգտում՝ ՌՆԹ-ին ներթափանցման եւ ինքնակրկնօրինակմամբ բազմացման հնարավորություն ընձեռելու համար:
3. Գիտնականների համար դեռեւս հստակ պարզ չէ, թե ինչպես է վիրուսն այնուհետեւ դուրս մղվում բջջից: Կարծիք կա, որ դրա մասնիկները բջջի մակերեսին են կուտակվում՝ այլ բջիջների փոխանցվելու համար:

Տենդի առաջին ախտանշանները
Սովորաբար Էբոլա հեմոռագիկ տենդի առաջին ախտանշանները վարակման պահից մոտավորապես մեկ շաբաթ անց են ի հայտ գալիս. հիվանի մոտ տենդ, սարսուռ, մկանային ցավ, կոկորդի ցավ եւ ընդհանուր թուլություն է նկատվում: Զարգացման այս փուլում Էբոլան հաճախ են սովորական մրսածության, շնչառական ուղիների բակտերիալ ինֆեկցիայի, երբեմն նույնիսկ մալարիայի եւ որովայնային տիֆի հետ շփոթում:
Հարձակման սկիզբը
Նախ եւ առաջ վիրուսը մարդու արյան շրջանառության մեջ առկա իմունային բջիջների նկատմամբ է հարձակում գործում: Հենց այդ բջիջներն են այնուհետեւ վարակը լյարդին, փայծաղին եւ լիմֆային հանգույցներին հասցնում: Ավելի ուշ վարակված բջիջները վիրուսի՝ բոլոր օրգանների եւ հյուսվածքների նկատմամբ հասանելիությունն են ապահովում:
Միեւնույն ժամանակ Էբոլան սկսում է վիրուսների դեմ պայքարի կազմակերպման նպատակով իմունային բջիջների կողմից ստեղծվող սպիտակուցի՝ ինտերֆերոնի սինթեզն արգելափակել:

Երակներում ու զարկերակներում տեղի ունեցող փոփոխություններ
1. Մարդու արյան շրջանառությամբ բորբոքում է տարածվում, ինչի արդյունքում անոթները սկսում են իրենց ամբողջականությունը կորցնել եւ «արտահոսել»:
2. Էբոլայի՝ մակրոֆագ անվամբ հայտնի իմունային բջիջների ուղղությամբ հարձակման արդյունքում վերջիններս սկսում են արյան մակարդելիության մակարդակը բարձրացնող եւ լյարդի, ուղեղի ու երիկամների նկատմամբ հոսքն արգելակող սպիտակուցներ արտազատել:
3. Թրոմբի ձեւավորման հանգեցնող խցանումներով լի բարակ անոթները հատող արյան կարմիր գնդիկների քայքայման գործընթաց է սկսվում: Վնասված անոթները սկսում են հավելյալ ճնշում գործադրել փայծաղի վրա:
4. Լյարդի բջիջների քայքայման արդյունքում արյան մակարդելիության կորուստ է հրահրվում, ինչի արդյունքում ներքին եւ արտաքին արյունահոսություններ են առաջանում:

Ինչպես է հիվանդությունը զարգանում
Մոտավորապես 5 օր անց հիվանդի մոտ Էբոլային հատուկ ախտանշաններն են ի հայտ գալիս.
• Կարմիր ցան՝ դեմքին, պարանոցին, իրանին եւ ձեռքերին. մաշկը սկսում է թեփոտել,
• Ուժեղ փորլուծություն, սրտխառնոց եւ փսխում,
• Ցավեր՝ կրծքավանդակի շրջանում, ծանր շնչառություն, գլխացավ, աղոտ գիտակցություն, աչքերի կարմրություն, զկռտոց եւ ցնցումներ
• Մաշկի ինքնաբուխ կապտուկներ եւ արյան զեղումներ,
• Արյունահոսություն՝ աչքերից, ականջներից, բերանից, լորձաթաղանթներից եւ աղիներից,
• Վիժում:
Ինչ է տեղի ունենում հաջորդիվ
Էբոլան օրգանիզմի բազմաթիվ հյուսվածքներ եւ համակարգեր ախտահարելու հատկություն ունի.
• Վերերիկամային խցուկները դադարում են աշխատել, եւ ճնշումը վտանգավոր ցածր մակարդակի է հասնում: Օրգանիզմի՝ ստերոիդ հորմոններ սինթեզելու կարողության կորուստ է նկատվում:
• Օրգանիզմի շարակցական հյուսվածքները հարձակման են ենթարկվում:
• Լյարդը եւ երիկամները դադարում են աշխատել:
• Վարակը ենթաստամոքսային գեղձին է հասնում, ինչը կարող է որովայնի հատվածում սարսափելի ցավերի առաջացման պատճառ դառնալ:
• Աղիների ախտահարմանը ուժեղ փորլուծությունն ու օրգանիզմի ջրազրկումն է հետեւում:

Ուղեղ
Վարակված մարդու ուղեղի մեջ սկսում են հեղուկներ կուտակվել. արդյունքում կարող են շրջապատող մարդկանց վարակմանը նպաստող ցնցումներ առաջանալ:

Մահ
Չափազանց ցածր ճնշմամբ եւ մի շարք կենսական նշանակություն ունեցող օրգանների անբավարարությամբ հրահրված մահը, որ վարակվածների մեծ մասին է սպառնում, որպես կանոն, հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորման պահից 6-16 օր անց կարող է վրա հասնել:

Ինչպես են որոշ դեպքերում ողջ մնում
Մահացու վտանգավոր հիվանդությանը հաջողությամբ դիմակայած մարդկանց օրգանիզմը, ի պատասխան վարակի, արագ եւ ուժեղ բորբոքային ռեակցիայով է աչքի ընկնում: Նրանց մեծ մասի պարագայում արյան կարմիր գնդիկները վնասված անոթները «վերանորոգելու» կարողությամբ աչքի ընկնող սպիտակուցներ արտազատելու հնարավորություն են ձեռք բերում, ինչի արդյունքում Էբոլան սովորական մրսածության ընթացք է ստանում եւ մոտավորապես 6-11 օր անց անհետանում: Սակայն նման դեպքերում էլ լիարժեք ապաքինման համար անհամեմատ առավել երկար ժամանակ է հարկավոր:






