Ըստ ԱՄՆ-ում անցկացված նոր ազգային հետազոտության, յուրաքանչյուր երրորդ ծնող նշում է, որ վերջին երկու տարում իր երեխայի մոտ առաջացել է կարիես, բծեր ատամների վրա, լնդերի հետ կապված խնդիր կամ ատամնացավ, գրում է Health Day-ը:

Այս խնդիրները հաճախ կապված են հիգիենիկ վատ սովորությունների հետ, հատկապես այն երեխաների մոտ, որոնք չեն հետևել ատամները մաքրելու, ատամնաթելի և բերանի ողողման հեղուկների օգտագործման վերաբերյալ առաջարկվող կանոններին, ասվում է երեխաների առողջության ազգային հարցման մեջ, որն անցկացրել է C.S. Mott մանկական հիվանդանոցը։

«Վաղ տարիքից բերանի խոռոչի առողջության պահպանումը, ներառյալ ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաթելի օգտագործումը, օգնում է կանխել ատամների կարիեսը, լնդերի հիվանդությունը և այլ խնդիրներ, որոնք խանգարում են երեխաներին նորմալ ուտել և խոսել», - հայտնել է հետազոտության համահեղինակ Սառա Քլարկը:

«Մեր հարցմանը մասնակցած ծնողների ավելի քան մեկ երրորդը հայտնել է, որ իրենց երեխան կանոնավոր կերպով ատամները օրական երկու անգամ  չի լվանում, սա բերանի խոռոչի հիգիենայի տարրական մակարդակն է», - ավելացրել է նա:

Հետազոտությունները հիմնված են 4-ից 17 տարեկան երեխաներ ունեցող 1801 ծնողների շրջանում օգոստոսին անցկացված հարցման վրա:

Ընդհանուր առմամբ, ծնողների 64%-ը պատասխանել է, որ իրենց երեխան ատամները լվանում է օրական երկու անգամ, իսկ 60%-ը պնդել է, որ ատամների մաքրումը տևում է առնվազն երկու րոպե: