Մոտ երկու անգամ մեծացել է այն նյութերի քանակը, որոնք կարող են նեյրոդեգեներատիվ հիվանդություններ առաջացնել, մասնավորապես՝ աուտիզմ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակված են Lancet Neurology ամսագրում:
Քիմիական նյութերի ցուցակում, որոնք, ինչպես ենթադրվում է, վտանգավոր են չծնված երեխաների և մանկահասակ երեխաների համար, գիտնականները նախորդ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների վերլուծության հիման վրա վեց նոր տոքսին են ավելացրել՝ մանգան, ֆտոր, քլորպիրիֆոս, երկքլորերկֆենիլեռքլորէթան (ԴԴՏ), քառաքլորէթիլեն և պոլիբրոմինացված եթերներ:
«Քլորպիրիֆոսն օրգանական թունաքիմիկատ է… 10 տարի առաջ արգելվել է դրա օգտագործումը կենցաղում, բայց այն նախկինի պես լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության մեջ և կարող է մեծ քանակությամբ լինել մրգերի և բանջարեղենի մեջ»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է հետազոտության համահեղինակ բժիշկ Ֆիլիպ Լանդրիգանը՝ Նյու Յորքի Մաունթ Սինայ համալսարանի Իկան բժշկական դպրոցից:
Քառաքլորէթիլենը, որը կարող է հանգեցնել նյարդաբանական գործառույթի խանգարման եւ հոգեկան խանգարումների ռիսկի մեծացման, տարածված լուծիչ է, որն օգտագործվում է քիմմաքրման համար: Եվ այն դեպքում, երբ ԴԴՏ թունաքիմիկատն արգելված է ԱՄՆ-ում, քանի որ վտանգավոր է մարդու առողջության համար, այն նախկինի պես կարող է լինել ներմուծվող մրգերի և բանջարեղենի մեջ, ինչպես նաև ամբողջ երկրի հողի եւ ջրի մեջ:
Այս քիմիական նյութերն ավելացվել են 5 այլ նեյրոտոքսինների՝ կապար, մեթեիլսնդիկ, պոլիքլորացված բիֆենիլներ, մկնդեղ և տոլուոլ:
Արտադրական քիմիկատներն ավելի վտանգավոր են զարգացող պտղի, մանկիկների եւ փոքր երեխաների, քան մեծահասակների համար, նշել է Լանդրիգանը:
Համենայն դեպս, անհանգստացած ծնողները կարող են ազդեցությունը նվազեցնելու պարզ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ սննդի մեջ օրգանական մթերքներ օգտագործել կամ տնից հանել գորգերը, որոնց մեջ կարող են քիմիական նյութեր և թունաքիմիկատներ կուտակվել:






