Քալիֆորնիայում պոլիոմիելիտի դեմ պատվաստված երեխաների շրջանում մեկ տարում հայտնաբերվել է նախկինում անհայտ հիվանդության 5 դեպք, որի ախտանիշերը նման են պոլիոմիելիտի նշաններին, հայտնի է դառնում Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի (AAN) մամլո հաղորդագրությունից: Մասնագետները զգուշացնում են էնտերովիրուսների ակտիվացման մասին, որոնք կարող են պոլիո-նման ախտանիշեր առաջացնել:
Զեկույցի հեղինակները՝ Քեյթ Վան Հարենը Սթենֆորդի համալսարանից եւ Էմմանուել Վոբանը Քալիֆորնիայի համալսարանից (Սան-Ֆրանցիսկո), հետազոտել են Քալիֆորնիայում 2012-ի օգոստոսից 2013-ի հուլիս ընկած ժամանակահատվածում երեխաների շրջանում պոլիոմիելիտի նման նշանների հայտնաբերման բոլոր դեպքերի մասին տվյալները:
Վան Հարենը, Վոբանը եւ նրանց գործընկերները 5 դեպք են հայտնաբերել, որոնց էթիոլոգիան պարզ չէ: Խոսքը պոլիոմիելիտի դեմ պատվաստված երեխաների մասին է, որոնք մեկ կամ մի քանի վերջույթների կաթված են տարել: 3 երեխայի դեպքում դրան նախորդել են շնչառական վարակի դրսեւորումները: Մյուս դեպքերում արյան մեջ հայտնաբերվել է էնտերովիրուս-68 (պոլիոմիելիտ արթնացնող poliovirus hominis-ը եւս դասվում է էնտերովիրուսների շարքին):
Բոլոր դեպքերում թերապիան զգալի արդյունք չի ունեցել եւ հիվանդության սկզբից կես տարի հետո երեխաների վերջույթները գրեթե չեն գործել:
Վան Հարենը նշում է, որ անցած տասը տարվա ընթացքում էնտերովիրուսների նոր շտամմեր են հայտնաբերվել, որոնք Ասիայում եւ Ավստրալիայում երեխաների շրջանում պոլիո-նման վարակի պատճառն են: Ամենայն հավանականությամբ, դրանք էլ կապված են Քալիֆորնիայում նկարագրված դեպքերի հետ:






