Սնունդը կարող է ազդել պսորիազի բուժման արդյունավետության եւ ընթացքի վրա, պարզել են Լայպցիգի համալսարանական կլինիկայի մասնագետները: Անառողջ սնունդը, որում շատ հագեցած ճարպեր են պարունակվում, վատթարացնում է այդ հիվանդության ընթացքը: Իսկ սննդում ոչ հագեցած ճարպերը կարող են թեթեւացնել պացիենտի վիճակը:
Պսորիազը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որի ժամանակ մաշկի վրա առաջանում են կարմիր, չափազանց չոր բծեր: Պսորիազից տառապում է բնակչության 2-4 տոկոսը, իսկ դրա զարգացման հստակ պատճառները գիտությանը դեռեւս հայտնի չեն, բայց հիվանդությունն, ամենայն հավանականությամբ, ունի աուտոիմունային բնույթ:
Համարվում է, որ արտաքին գործոնները (սխալ սնվելը, էկոլոգիան, սթրեսը եւ այլն) խորացնում են խնդիրը: Ավելորդ քաշը նույնպես կարող է ազդել պորիազի ընթացքի վրա. ավելորդ կիլոգրամներով պացիենտների մոտ ավելի հաճախ են հանդիպում այս հիվնադության ծանր տեսակները:
Պրոֆեսոր Յան Քրիստոֆ Սիմոնի՝ հետազոտության հեղինակներից մեկի խոսքով, պսորիազի զարգացման եւ դրա վրա ավելորդ քաշի ազդեցության մասին այօսրվա դրությամբ բավականին տեղեկատվություն կա, սակայն դրանց փոխկապակցվածությունը դեռեւս ապացուցված չէ:
Ճարպակալումը եւ բորբոքումը փոխկապակցված խնդիրներ են, սակայն պսորիազի դեպքում իմունիտետի աշխատանքի խանգարման պատճառով օրգանիզմում արդեն բորբոքային գործընթաց է տեղի ունենում :
Քրոնիկ բորբոքումն, ըստ բժիշկների, խթանվում է ադիպոցիտներով՝ ճարպային բջիջներով:
Փորձագետները պարզել են, որ մսի, երշիկեղենի, ֆրիի, արագ սննդի, պանրի, խմորեղենի մեջ պարունակվող հագեցած ճարպաթթուները ուժեղացնում են բորբոքումը եւ բացասաբար ազդում պսորիազի ընթացքի վրա:
Բայց չհագեցած ճարպաթթուները, օրինակ՝ օմեգա-3-ը, կարող են բարենպաստ ազդել հիվանդության վրա: Օմեգա-3 ճարպաթթուները պաշտպանում են զարկերակները մաշվելուց եւ ունեն հակաբորբոքային հատկություններ: Դրանք առկա են սկումբրիայի, սաղմոնի, ծովատառեխի, ինչպես նաեւ որոշ քամված բուսական յուղերի մեջ:
Լայպցիգի փորձագետները մտադիր են շարունակել աշխատել տվյալ հարցի ուսումնասիրման ուղղությամբ, որպեսզի ցույց տան ինչպես են սնվելու սովորությունների փոփոխությունը եւ դիետան ազդում պսորիազի բուժման արդյունավետության եւ հաջողության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր