Consumer Reports փորձագիտական խմբի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հղի կանանց սննդակարգում թյունոս ներառել չի կարելի: Եզրահանգման պատճառն այն է, որ օգտակար սպիտակուցներով եւ ճարպաթթուներով աչքի ընկնող ձկան օրգանիզմում կարելի է նաեւ ոչ անվտանգ քանակությամբ սնդիկ գտնել: Հետազոտության հեղինակների պնդմամբ, այն ոչ միայն հղիներին, այլ նաեւ՝ կրծքով կերակրող կամ հղիության պատրաստվող կանանց է հակացուցված:
Ընդհանուր առմամբ, պահածոյացված թյունոսի մեկ տարայի մեջ բավականաչափ մեծ ծավալով (60 միկրոգրամ) սնդիկ կարելի է գտնել, ինչը երեխայի աճի եւ զարգացման վրա բացասաբար անդրադառնալու սպառնալիք է պարունակում: Համեմատության համար ասենք, որ պահածոյացված սաղմոնի մեկ տարայում կարելի է ընդամենը 2 միկրոգրամ սնդիկ գտնել, իսկ թրաձկան պարագայում՝ անհամեմատ շատ՝ 150 միկրոգրամ:
Սնդիկը ձկան օրգանիզմ, բնականաբար, ջրից է անցնում: Ընդ որում, որքան մեծ է կենդանու չափը, այնքան ավելի շատ է վնասակար տարրի առկայություն նկատվում: Իսկ ջերմային մշակման արդյունքում սնդիկի գոլորշիացման հնարավոր չէ հասնել, այնպես որ նշանակություն չունի՝ հում վիճակում եք ձուկն ուտում, պահածոյացված, թե՝ եփված: Բոլոր դեպքերում այն հավասարապես վնասակար է թե արդեն լույս աշխարհ եկած երեխայի, եւ թե մոր արգանդում զարգացող պտղի համար, քանի որ սնդիկը, որի ազդեցությամբ հիշողության կորուստ, ինչպես նաեւ ուսման ու շարժական հմտությունների հետ կապված դժվարություններ կարող են ի հայտ գալ, ընկերքով անցնելու հատկություն ունի:
Ընդ դրում, սնդիկի ավելցուկից ազատվելու համար օրգանիզմը բավականին երկար ժամանակ է պահանջում, ուստի հղիության պատրաստվող կանանց եւս խորհուրդ է տրվում հրաժարվել խոշոր չափերով աչքի ընկնող ձկնատեսակներից:
Մասնավորապես, սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունն առաջարկում է հետեւյալ ձկնատեսակներից հրաժարվել.
• Թրաձուկ
• Շնաձուկ
• Թագավորական սկումբրիա
• Հոլպոստետա
• Մառլինա
• Մեքսիկական թայֆլիշ
Իսկ ահա ստորեւ թվարկված ձկնատեսակները համեմատաբար անվտանգ են, թեւ դրանց օգտագործման հաճախականությունն էլ հարկավոր է շաբաթական 2-3 անգամով սահմանափակել
• Տիլապիա
• Կրեւետկաներ
• Սարդինաձուկ
• Ոստրե
• Վայրի սաղմոն՝ ալյասկայից
• Կատարիկներ
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր