• Latest news

Ինչո՞ւ է շոգին մեծանում սրտի եւ ուղեղի կաթվածի զարգացման վտանգը

13 հուլիսի, 2018  14:45

Ցուրտը բավականին վտանգավոր է սրտի առողջության համար, քանի որ ցուրտ ժամանակ անոթները նեղանում են, ինչը կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Սակայն  կարող է շատ վտանգավոր լինել նաեւ շոգը, պնդում է սրտաբան Մարինա Օրդյանը:

Բանն այն է, որ շոգին մարդն սկսում է առատ քրտնել, իսկ քրտինքի հետ նրա օրգանիզմը կորցնում է կալիում, մագնիում եւ այլ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Հեղուկի եւ հանքանյութերի կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ սրտի աշխատանքի վրա:

Ավելին՝ ջրազրկման հետեւանքով արյունը թանձրանում է, մեծանում է անոթներում թրոմբի ձեւավորման վտանգը, ինչն, իր հերթին, կարող է բերել սրտի կամ ուղեղի կաթվածի՝ կախված այն հանգամանքից, թե կոնկրետ որ անոթներում են թրոմբներ առաջացել:

Շոգը վտանգավոր է նաեւ դիաբետով հիվանդների համար, քանի որ ջրազրկման պատճառով նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, ինչը կարող է մի ամբողջ շարք տհաճ հետեւանքներ ունենալ:

Ինչպես նշեց մասնագետը, արդեն 30 աստիճան շոգի պայմաններում օրգանիզմն օրվա մեջ կորցնում է մոտ 3-4 լիտր հեղուկ, իսկ եթե ջերմաստիճանն ավելի է բարձրանում, օրգանիզմը կարող է կորցնել մինչեւ 6-8 լիտր հեղուկ: Այս կորուստն անհրաժեշտ է վերականգնել. դրա համար խորհուրդ է տրվում օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմել: Եթե մարդն առողջ է եւ ոչ մի հակացուցում չունի, խորհուրդ է տրվում շոգին խմել օրական ոչ պակաս 2-2,5 լիտր ջուր: Կարելի է նաեւ տաք թեյ ու թան խմել (ցանկալի է առանց աղի, քանի որ աղը նպաստում է օրգանիզմում ջուրը պահելուն): Շոգին կտրականապես չի կարելի ոգելից խմել, նշեց մասնագետը:

Սիրտ-անոթային հիվանդությունների սրումը կանխելու համար նաեւ խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի ժամը 12-ի եւ 15-ի միջակայքում փողոց դուս չգալ, սա հատկապես վերաբերում է երեխաներին եւ տարեցներին: Դուրս գալով պարտադիր պետք է գլխարկ դնել, հագուստի հարցում ցանկալի է նախապատվությունը տալ բնական գործվածքներին: Շոգին ֆիզիկական ակտիվություն խորհուրդ չի տրվում:

Մարինա Օրդյանը հիպերտոնիայով հիվանդներին նաեւ խորհուրդ է տալիս շոգին խորհրդակցել իրենց բուժող բժիշկների հետ եւ շտկել դեղերի չափաքանակները. քանի որ շոգին ճնշումն ընկնում է, բարձր չափաքանակով ճնշման դեղերի ընդունումը կարող է ծանր խնդիրներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել