Աուտիզմի առաջացման իրական պատճառները ոչ ոք չգիտի, բայց մասնագետների մեծ մասը համոզված է, որ ամեն ինչում մեղավոր են գենետիկան եւ էկոլոգիան: PLOS Computational Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աուտիզմի առաջացման գործում էկոլոգիայի դերը նույնիսկ ավելի կարեւոր է, քան կարելի էր ենթադրել, հայտնում է Fox News-ը:
Իրենց հետազոտության շրջանակներում Չիկագոյի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում ապրող 100 մլն մարդու տվյալները և նորածին տղաների դեպքում կապ են գտել աուտիզմի եւ սեռական տձեւությունների միջեւ (ինչպես՝ փոքր սեռական օրգան, հիպոսպադիա, ձվերի զարգացման հետ կապված խնդիրներ եւ այլն): Պարզվել է, որ բնածին արատների հաճախության 1%-ով ավելացման դեպքում աուտիզմով հիվանդացությունն ավելացել է 283%-ով:
«Բնածին արատների թվի հիման վրա հնարավոր է կանխատեսել աուտիզմով հիանդացությունը: Այն երեկրներում, որտեղ տարածված են բնածին արատները, աուտիզմը շատ ավելի հաճախ է հանդիպում»,- ասում է հետազոտության հեղինակը՝ Չիկագոյի համալսարանի գենետիկական բժշկության պրոֆեսոր Անդրեյ Ռժեցկին:
Ռժեցկին չի կարող միանշանակ պնդել, որ հենց շրջակա միջավայրն ու էկոլոգիան են աուտիզմի առաջացման հիմնական պատճառը, բայց նա վստահ է, որ այդ գործընթացում էկոլոգիայի դերն իրապես մեծ է, քանի որ շատ բնածին արատներ եւս առաջանում են շրջակա միջավայրի աղտոտվածության հետեւանքով:
«Բանն այն է, որ հղիության ընթացքում շրջաններ կան, երբ պտուղը հատկապես զգայուն է մի շարք պլաստիֆիկատորների փոքր մոլեկուլների, դեղատոմսով տրվող դեղերի, թունաքիմիկատների եւ այլնի նկատմամբ: Այդ մոլեկուլներից որոշներն ազդում են պտղի նորմալ զարգացման վրա»,- ասում է Ռժեցկին:
Ռժեցկին հույս ունի, որ աուտիզմի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները կդադարեն այդքան կենտրոնանալ միայն գենետիկ գործոնների վրա ու վերջապես ուշադրություն կդարձնեն էկոլոգիական գործոնին:






