Պրոֆեսիոնալ մարզուհի Անիտա Ալբրեխտին (Anita Albrecht) բուժքույրը անվանել է գեր եւ ասել, որ նրան անհրաժեշտ է շտապ նիհարել, իսկ փոքրամարմին չինացի ուսանողուհի Ֆրենսիս Չանին (Frances Chan) քիչ էր մնացել, որ հեռացնեին Յելի համալսարանից իր նիհարության պատճառով: Ամեն ինչում մեղավոր է մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ), որը դեռ շատերն օգտագործում են պարզելու համար, թե արդյոք մարդն ունի ավելորդ քաշ կամ քաշի պակաս։ Վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ մասնագետներ են համարում, որ ՄԶՑ-ը իրականում քաշի ավելցուկի կամ պակասի մասին իրատեսական պատկերացումներ չի տալիս:
Մարմնի զանգվածի ցուցանիշը հաշվարկվում է m/h2 բանաձեւով, որտեղ m-ը մարմնի զանգվածն է կիլոգրամներով, իսկ h-ը հասակը մետրով: Օրինակ եթե մարմնի զանգվածը 70 կգ է իսկ հասակը 170 սմ, ապա նրա ՄԶՑ-ն 24,22 է (75/1,70*1,70): ՄԶՑ-ն 18,5-25-ի սահմաններում նորմա է համարվում: Եթե ՄԶՑ-ն ցածր է 18,5-ից, ապա մարդու մոտ քաշի պակաս է, իսկ եթե 25-ից ավելի է, ապա ավելցուկ: Այս համակարգի հիմնական խնդիրն այն է, որ այն հաշվի չի առնում օրգանիզմի անհատական առանձնահատկությունները. երկու մարդիկ կարող են ունենալ նույն հասակը եւ քաշը, սակայն մեկի մոտ ոսկրերը կարող են խիտ եւ ծանր լինել, իսկ մյուսի մոտ թեթեւ ոսկրեր եւ շատ ճարպային կուտակումներ:
Վերջերս երկու կանայք իրենց մաշկի վրա են զգացել ՄԶՑ հասկացության ողջ անիրատեսականությունը:
Անիտա Ալբրեխտին ճարպակալումից մեկ քա՞յլ է բաժանում
39-ամյա Անիտա Ալբրեխտը պրոֆեսիոնալ մարզուհի է, եւ արդեն շատ տարիներ զբաղվում է բոդի-բիլդինգով եւ անհատական մարզիչ է աշխատում: Վերջերս նա ստիպված եղավ այցելել Մեծ Բրիտանիայի պետական առողջապահական ծառայության կլինիկա, որտեղ բուժքույրը նրան կշռելով եւ հասակը չափելով հայտարարեց, որ նա ավելորդ քաշ ունի եւ ճարպակալումից մեկ քայլ է հեռու:

150սմ հասակ ունենալով՝ մարզուհին կշռում է 66կգ, եւ նրա ՄԶՑ-ը 29 է (հիշեցնենք, որ նորմա է համարվում 18,5-25-ը իսկ 30-ից սկսվում է ճարպակալումը): Բուժքույրը ասել էր Անիտային, որ նա հավանաբար չափից դուրս շատ է ուտում, եւ որ նրան անհրաժեշտ է դիետա պահպանել, սկսել օգտագործել օրական 1000 կալորիա, դադարեցնել ալկոհոլ օգտագործելը եւ ֆիզիկական վարժություններ կատարել: Անիտան վիրավորված էր, չէ որ բուժքույրը, նույնիսկ չցանկանալով իմանալ կնոջ մասնագիտության մասին, չգիտես ինչու որոշել էր, որ նա անառողջ ապրելակերպ է վարում:
«Բուժքրոջ ինձ տված խորհուրդներն իրականում վտանգավոր են: Օրական 1000 կալորիա միայն կարելի է օգտագործել ճարպակալման ծայրահեղ աստիճանով տառապող ոչ ակտիվ մարդկանց: Իսկ տարվա 9 ամիսների ընթացքում ես ալկոհոլ նույնիսկ չեմ էլ օգտագործում, չէ որ ես մրցումների մասնակցող մարզուհի եմ», - պատմել է Անիտան Metro.co.uk-ին:

Անիտան փորձել էր բացատրել բուժքրոջը, որ ինքը մարզուհի է, եւ իր քաշի մեծ մասը կազմում են մկանները եւ ոչ թե ճարպը: Սակայն բուժքույրը չէր լսել՝ պնդելով դիետայի եւ ֆիզիկական վարժությունների ամհրաժեշտության մասին:
Ֆրենսիս Չանին անհապաղ անհրաժեշտ է քաշ հավաքե՞լ
20-ամյա Ֆրենսիս Չանը սովորում է Յելյի համալսարանում: Վերջերս համալսարանական մասնագետները որոշել էին, որ նա չափազանց նիհար է եւ տառապում է սննդային վարքագծի խանգարումներով: Նրան նույնիսկ սպառնացել էին համալսարանից դուրս թողնել, եթե քաշ չհավաքի:
Ֆրենսիսը ծագումով չինուհի է՝ մանկական հասակից փոքրամարմին է եղել, ինչպես եւ իր ողջ ընտանիքը: Huffingtonpost-ի համար իր հոդվածում նա պատմել է, որ միշտ լավ է սնվել եւ շատ ոչ դիետիկ կերակուր է կերել, սակայն երբեք չի գիրացել: Այժմ, 157 սմ հասակ ունենալով, աղջիկը կշռում է 40կգ: Նրա ՄԶՑ-ը ընդամենը 16 է, սակայն նա առողջ է, իրեն լավ է զգում, ակտիվ ապրելակերպ է վարում եւ ուտում է այն ամենն ինչ ցանկանում է:

«Վերջին 3 շաբաթների ընթացքում ես մեր ուսանողների առողջության կենտրոնի Yale Health բաժանմունքում 10 ժամ եմ անցկացրել: Դեկտեմբերից ինձ ամեն շաբաթ կշռում են եւ ստիպում մեզի քննություններ հանձնել: Ես արդեն 3 անգամ արյան անալիզ եմ հանձնել, հոգեկան առողջության մասնագետի մոտ խորհրդատվության եղել, եւ սիրտս ստուգելու նպատակով ինձ նույնիսկ ԷՍԳ են կատարել: Իսկ ինչո՞ւմն է խնդիրը», - վրդովվում է աղջիկը:
Վերջիվերջո, ուղղակի համալսարանական բժիշկներից ազատվելու համար, Ֆրենսիսը համաձայնվեց փորձել քաշ հավաքել եւ սկսեց օրական մի քանի անգամ պաղպաղակ, շոկոլադ, թխվածքաբլիթներ եւ ածխաջրերով հարուստ այլ ուտելիք ուտել: Նա նույնիսկ սկսեց սանդուղքի փոխարեն վերելակից օգտվել: Նա նույնիսկ մեկ կիլոգրամ հավաքել էր, եւ չնայած որ ստիպողական անառողջ ապրելակերպը վատացրել էր նրա ինքնազգացողությունը, նա հույս ուներ, որ վերջապես իրեն հանգիստ կթողնեն: Սակայն նրան սկսեցին համոզել եւս մի քանի կիլոգրամ հավաքել:

«Այսպիսի տեմպերով ես իրոք սննդային վարքագծի խանգարում ձեռք կբերեմ», - գրել է վրդովված աղջիկը եւ որոշել է դադարել լսել բժիշկներին:
Այժմ վերջապես նրա թերապեւտը փոխվել է, եւ նոր բժիշկը հավատացել է, որ նա ոչ մի խանգարում չունի, ուղղակի նիհար է: Նա նաեւ համաձայնվել է, որ ՄԶՑ-ն իրականում ոչ մի պատկերացում չի տալիս այն մասին, թե մարդն իրականում քաշի ավելցուկ կամ պակաս ունի, թե ոչ։






