Հայաստանում ներառական կրթության մի քանի կենտրոններ են գործում, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են թե կրթություն եւ հոգեբանի խորհրդատվություն, եւ թե վերականգնողական բուժում ստանալ: Սակայն քչերն են գիտակցում, թե որքան կարեւոր է հոգեբանական աշխատանքներ տանել նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ եւ հատուկ գիտելիքներ հաղորդել նրանց:

Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը հոգեբան Նունե Աղասյանի հետ է զրուցել, ով տարիներ շարունակ աշխատում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների եւ նրանց ծնողների հետ:

Նախեւառաջ, հոգեբանը նշել է, որ ծնողները երբեմն դժվարությամբ են իրենց երեխայի խնդիրն ընդունում եւ դրա նկատմամբ ճիշտ մոտեցում ցուցաբերում: Նրանք հաճախ չեն պատկերացնում, թե ինչպես է պետք վարվել հաշմանդամություն ունեցող երեխայի հետ, եւ հենց այդ չիմացության պատճառով էլ կարող են տարատեսակ խնդիրների բախվել:

Բացի այդ, եթե նման երեխայի ծնողները միմյանց հետ չեն շփվում, տեղեկություններով եւ փորձով չեն կիսվում եւ փորձում են ամեն ինչ իրենց մեջ թաքցնել, սկսում են մտածել, թե միայնակ են՝ իրենց խնդրի հետ: Շփումը հոգեբանի եւ այլ ծնողների հետ կարող է օգնել նրանց՝ գիտակցելու, որ բոլորովին էլ միայնակ չեն, իսկ ճիշտ գիտելիքերն էլ կարող են իրականությունն ընդունելու եւ խնդիրների մեծ մասը հեշտությամբ լուծելու հնարավորություն ընձեռել:

Նունե Աղասյանի խոսքով, հատուկ կարիքներ ունեցող երեխաները երբեմն շատ ավելի զգայուն եւ խոցելի են, եւ ծնողների տրամադրությունն ու հոգեվիճակը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նրանց վրա: Եթե ծնողները միշտ վատ տրամադրություն ունեն եւ կարծում են, որ անելանելի վիճակում են հայտնվել, նրանց հոգեվիճակն անմիջապես անդրադառնում է երեխայի ինքնազգացողության եւ վարքի վրա: Եւ հակառակը՝ եթե ծնողներն ուժեղ են ու հավատով լի, կարող են մեծ հաջողությունների հասնել եւ օգնել իրենց երեխային:

«Իմ փորձից կարող եմ ասել, որ այն ծնողները, որոնք հավատով լցված եւ հոգեբանական ներդաշնակությամբ աշխատում են իրենց երեխաների հետ, շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում», - նշել է հոգեբանը՝ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանում «Երազի Տուն» ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնն է բացվել, որն, ի տարբերություն մյուսների, ոչ միայն երեխաներին, այլ նաեւ նրանց ծնողներին է օգնություն առաջարկում: Հենց այս կենտրոնում է աշխատում հոգեբան Նունե Աղասյանը:

Նրա խոսքով, կենտրոնում հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողները կարող են մասնակցել թրեյնինգների եւ սեմինարների, շփվել այլ ծնողների հետ, փորձով փոխանակվել, ինչպես նաեւ հոգեբանի անհատական կամ խմբային խորհրդատվություն ստանալ: Այս ամենը կօգնի նրանց՝ ազատվելու իրենց հուզող խնդիրներից, որոնք պարտադիր չէ, որ երեխաների խնդիրների հետ կապված լինեն: Իսկ եթե ծնողներն ավելի առողջ ու ներդաշնակ դառնան, դա կարող է նաեւ երեխաների վրա անդրադառնալ, վստահեցնում է հոգեբանը: