• Latest news

Հայաստանում անվճար ստենտավորման ծրագրով շահառուների ցանկը կարող է ընդլայնվել

29 սեպտեմբերի, 2022  15:07

Հայաստանում առաջին տեղը զբաղեցնում են սրտանոթային  հիվանդությունները, իսկ այդ հիվանդություններից ընդհանուր մահացության  ցուցանիշը կազմում է 48,3 տոկոս։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարեց Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դիանա Անդրեասյանը։

Նա նշեց, որ 2020 թվականի համեմատ 2021 թվականին Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվը նվազել է 525-ով, իսկ 2021 թվականին հանրապետությունում գրանցվել է մահացության 16589 դեպք։ Մինչեւ 2019 թվականը մահացությունների թվի նվազման միտում է եղել, իսկ 2020 եւ 2021 թվականների իրադարձությունների արդյունքում գրանցվել է աճ։

Մինչեւ 70 տարեկան տղամարդկանց մոտ, կանանց համեմատ, մահացությունը մեր երկրում կրկնակի բարձր է։ Սա, ըստ Անդրեասյանի, վկայում է այն մասին, որ ռիսկի խմբում են մինչեւ 70 տարեկան տղամարդիկ, մասնավորապես 35-65 տարեկանները։ Որպես սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառներ մասնագետը նշեց անառողջ ապրելակերպը՝ ծխելը (Հայաստանում ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը), արյան բարձր ճնշումը, նստակյաց ապրելակերպը, ավելորդ քաշը (Հայաստանի ընդհանուր բնակչության 48 տոկոսը տառապում է ճարպակալմամբ), աղի չարաշահումը (Հայաստանում այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է նորման):

Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը պարզաբանեց, որ Սրտաբանների եվրոպական  միության մեջ մտնող 57 երկրների շարքում Հայաստանն առաջին տեղում է որպես սրտանոթային հիվանդության պատճառ ծխելու մասով։ Ուստի մասնագետները նշում են քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման եւ առողջ ապրելակերպի պահպանման կարեւորությունը։

Առողջապահության նախարարության ստացիոնար բժշկական քաղաքականության վարչության պետ Լիանա Բարսեղյանն էլ ասաց, որ պետության կողմից երաշխավորված «Stent for life»  անվճար բժշկական օգնության եւ վիրաբուժական ծառայությունների մատուցման շրջանակում այս տարի արդեն կատարվել է սրտի շուրջ 1400 վիրահատություն։  2018 թվականին ոչ դեղապատ ստենտները փոխարինվեցին դեղապատ ստենտներով, իսկ 2019 թվականին՝ մեկ տարի անց, ընդլայնվեց շահառուների ցանկը։

«Ծրագրի մեկնարկի պահից մինչեւ այս տարվա հուլիսը մատուցվել է շուրջ 14338 ծառայություն եւ շուրջ 1500 վիրահատություն։ Եթե ​​2015 թվականին «Stent for life»  ծրագրի բյուջեն կազմում էր 950 միլիոն դրամ, ապա 2022 թվականին այն  1 միլիարդ 650 միլիոն դրամ է։ Ֆինանսավորման տեսակետից խնդիրներ չեն եղել»,-ընդգծեց Բարսեղյանը։ Նա հավելեց, որ սուր եւ/կամ ենթասուր ուղեղային իշեմիկ ինսուլտի եւ/կամ ենթասուր ուղեղային իշեմիկ ինսուլտի թրոմբոլիտիկ բուժման եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայությունների մատուցման մեկ այլ ծրագրի շրջանակում  տրամադրվել է մոտ 1500 ծառայություն: Համլետ Հայրապետյանն ասաց, որ ինֆարկտից ներհիվանդանոցային մահացությունը 2015 թվականի համեմատ կրկնակի նվազել է. «Հայաստանում այս վիճակագրությունը համեմատելի է եվրոպական երկրների պատկերի հետ։ «Stent for life»  ծրագրի շնորհիվ սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունների ընդհանուր թիվը նվազել է»,-վստահեցրեց նա։

Հայրապետյանը չբացառեց, որ կարող է ընդլայնվել այն շահառուների ցանկը, որոնք կարող են օգտվել ծրագրից։ «Բացի այդ, այսօր շուրջ 400 հազար քաղաքացի կարող է օգտվել անվճար ծառայություններից սրտի եւ ուղեղի արյան անոթների բաց եւ փակ վիրահատությունների համար։ Պետությունը նաեւ բարձր ճնշումը հայտնաբերելու ծրագիր է իրականացնում։ Դրա շրջանակում պոլիկլինիկաներում կարող են հետազոտվել 35-68 տարեկան քաղաքացիներ»,-ասաց Լիանա Բարսեղյանը։

Համլետ Հայրապետյանը խոսեց նաեւ սրտանոթային համակարգի հիվանդությունների ռեգիստրի ներդրման նախապատրաստական ​​աշխատանքների մասին, ինչը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացում կազմել երկրում տիրող իրավիճակի մասին։ «Մենք քննարկում ենք ծրագրերի իրականացման հնարավորությունը, որոնք ուղղված են սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի խախտման եւ սրտի կաթվածի հետ կապված խնդիրների լուծմանը»,-հավելեց  նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է