• Latest news

Գիտնականներն ուսումնասիրում են աչքի քաղցկեղի հազվագյուտ տեսակի բուժման հնարավորությունը

16 ապրիլի, 2024  21:53

ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի նոր հետազոտությունը բացահայտել է, թե ինչու է մետաստատիկ ուվեալ մելանոման դիմացկուն ավանդական իմունոթերապիայի նկատմամբ և թե ինչպես ադոպտիվ թերապիան, որը ներառում է հիվանդի T բջիջների աճեցումը մարմնից դուրս և այնուհետև փոխպատվաստում, կարող է հաջողությամբ բուժել այս հազվագյուտ և ագրեսիվ քաղցկեղը:

Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները բացատրում են նաև, թե ինչպես են մշակել նոր կլինիկական գործիք, որը կանխատեսում է, թե որ հիվանդներն են արձագանքելու ադոպտիվ թերապիային:

Նոր եղանակն օգնում է անհատականացված թերապիան բարելավելուն և մետաստատիկ ուվեալ մելանոմայի ապարդյուն բուժումներից խուսափելուն:

«Ուվեալ մելանոման համարվում էր «սառը» քաղցկեղ, ինչը նշանակում է, որ T բջիջները չեն կարող ներթափանցել այս ուռուցքների մեջ: Մենք ցույց ենք տալիս, որ ուռուցքում T բջիջները իրականում ներթափանցում են մետաստազների մեջ և ակտիվանում, բայց դրանք պարզապես քնած վիճակում են, որովհետև ինչ-որ բան ճնշում է դրանց: Ադոպտիվ թերապիան մեզ հնարավորություն է ընձեռում այս բջիջները փրկել ճնշող ուռուցքային միկրոմիջավայրից և հաջողությամբ բուժել որոշ հիվանդների»,- նշել է հետազոտության ավագ հեղինակ, բժշկական գիտությունների թեկնածու Ուդայ Կամուլան:

Ուվեալ մելանոման ի հայտ է գալիս աչքի ուվեալ տրակտից, բայց միտված է ամբողջ մարմնով, հաճախ՝ դեպի լյարդ, ագրեսիվորեն տարածվելու: Երբ մետաստազները սկսում են տարածվել օրգանիզմում, քաղցկեղի այդ տեսակը շատ դժվար է բուժվում, և կանխատեսումը հիվանդների համար գրեթե միշտ տխուր է լինում:

Lancet Oncology ամսագրում հրապարակված նախորդ ուսումնասիրության մեջ Կամուլան և նրա թիմը օգտագործել են ադոպտիվ թերապիա՝ ուվեալ մելանոմա ունեցող 19 հիվանդների մետաստատիկ ուռուցքները վիրահատական ​​ճանապարհով հեռացնելու և լաբորատորիայում այդ ուռուցքներից T բջիջներ աճեցնելու համար համար:

Երբ նրանք վերականգնել են բջիջները, հիվանդների 35%-ի մոտ քաղցկեղի մասնակի կամ ամբողջական ռեգրեսիա է նկատվել՝ հակադրվելով այն գաղափարին, թե քաղցկեղի դեմ պայքարող բջիջները, որոնք կոչվում են ուռուցքային ներթափանցող լիմֆոցիտներ (TIL), չեն հայտնաբերվել ուվեալ մելանոմայում: Սակայն մինչ այժմ առեղծված էր մնում, թե ինչու են T բջիջների ակտիվությունը խթանող իմունային կետերի արգելակիչներն անարդյունավետ հիվանդության բուժման համար:

Կամուլան այս հարցին պատասխանելու պատեհություն տեսավ՝ օգտագործելով եզակի ռեսուրսը՝ ուվեալ մելանոմայի նմուշների, հարակից հյուսվածքների և կլինիկական տեղեկատվության ամենախոշոր հայտնի պահուստը, որը նա և իր թիմը ստեղծել են վերջին տասնամյակի ընթացքում:

Ուդայ Կամուլան այժմ հեռանկարային է համարում TIL թերապիայի շարունակական կլինիկական փորձարկման արդյունքները մետաստատիկ ուվեալ մելանոմայով հիվանդների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել