• Latest news

Շարժական երկրորդ կլինիկան կօգնի Հայաստանի մարզերում ՄԻԱՎ-ի ավելի արդյունավետ ախտորոշում կատարել

28 մարտի, 2016  15:22

Շարժական բուժախտորոշիչ երկրորդ համալիրը, որը Հայաստանը նվեր է ստացել Ռուսաստանի Դաշնության կառավարությունից, կօգնի ավելի արդյունավետ դարձնել հեռավոր մարզերի բնակչությանը ՄԻԱՎ-ի ախտորոշում եւ բուժծառայություններ տրամադրելու աշխատանքները: Այդ մասին լրագրողներին պատմել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը: 

Նրա խոսքով, առաջին կլինիկայի օգտագործման փորձը ցույց է տվել, որ այն իրոք էլ օգնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման ծառայություններն ավելի մատչելի դարձնել հեռավոր շրջանների բնակիչների եւ հատկապես միգրանտների` բնակչության առավել խոցելի խմբի համար: Մարդկանց մեծամասնությունն ամաչում է ՄԻԱՎ-ի թեստ անցնել իրենց բնակության վայրի ամբուլատորիաներում, բայց բոլորը հաճույքով օգտվում են շարժական կլինիկայի ծառայություններից, չէ որ ՄԻԱՎ-ի ախտորոշումն առաջարկվում է այլ բուժծառայությունների հետ նույն փաթեթում  (արյան ընդհանուր անալիզ, ԳՁՀ, վիրուսային հեպատիտների անալիզ, մասնագետների խորհրդատվություն): Ավելին, շարժական կլինիկայում բոլոր հետազոտություններն անվճար են կատարվում, միաժամանակ պահպանվում է հիվանդի լիակատար անանունությունը, ինչն այդ հետազոտություններն ավելի գրավիչ է դարձնում բնակչության համար: 

Առաջին շարժական բուժախտորոշիչ համալիրը Հայաստանին նվեր էր տրվել 2014-ի մայիսին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Չորրորդ համաժողովի ընթացքում: Անցյալ տարվա ընթացքում այդ կլինիկայում, ինչպես նաեւ տեղի ամբուլատորիաներում, որտեղ  աշխատում էին մասնագետների շարժական խմբեր, մոտավորապես  4600 մարդ է հետազոտովել ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլեւ հեպատիտների եւ սիֆիլիսի հայտնաբերման նպատակով: Այդ հետազոտությունների արդյունքում ՄԻԱՎ-ի մոտավորապես 30 նոր դեպք է հայտնաբերվել. Սամվել Գրիգորյանը նշել է, որ այդ բոլոր հիվանդներին կրկնակի հետազոտման են ուղարկել` ախտորոշումը հաստատելու համար, իսկ հետո նրանց վերահսկողության տակ են առել, իսկ հակավիրուսային թերապիայի կարիք ունեցողներին բուժում են տրամադրել: 

«ՄԻԱՎ-ի թեստի անցկացումը բոլորովին էլ ինքնանպատակ չէ: Մեր գլխավոր նպատակը ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց հայտնաբերելը, նրանց բուժում տրամադրելն է,  որովհետեւ  հակառետրովիրուսային թերապիայի միջոցով բուժում տրամադրելը նաեւ կանխարգելիչ նշանակություն ունի. եթե հիվանդը բուժում է ստանում, նրանից մեկ այլ մարդու վարակման ռիսկը զրոյի է հավասարվում:   Տեսականորեն, եթե հայտնաբերվեն ՄԻԱՎ-ով բոլոր վարակվածները, հնարավոր կլինի խոսել ՄԻԱՎ-ի համաճարակի ավարտի մասին, չէ որ նոր դեպքեր գործնականում այլեւս չեն լինի: Հենց դրան է ներկայումս ձգտում միջազգային հանրությունը», - նշել է Սամվել Գրիգորյանը: 

Նրա խոսքով, առաջին շարժական հիվանդանոցը շատ կարեւոր աշխատանք է կատարում երկրի շրջաններում եւ մայրաքաղաքում, իսկ երկրորդ կլինիկան կօգնի կազմակերպել միաժամանակ մի քանի մարզում բուժծառայությունների տրամադրումը, ինչն աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի եւ կօգնի ի հայտ բերել ՄԻԱՎ-ի ավելի շատ դեպքեր: 

Հիշեցնենք, որ երկու շարժական կլինիկան էլ Հայաստանին են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության կողմից` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների հարցերով  Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին օգնության ծրագրի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել