Ձեր երեխան միայն շագանակագույն կամ դեղին սնունդ է ուտում եւ տանել չի կարողանում գազար ու ոլո՞ռ: Խուսափեք սեղանի շուրջ մարտերից եւ դիետոլոգ Քրիստինա Բոուենի հուշմամբ՝ մի քանի հնարքների օգնությամբ խրախուսեք բազմազան եւ առողջ դիետան, խորհուրդ է տալիս Քլիվլենդի կլինիկան:
Ուտելը հաճելի արարողության վերածեք: Թաքցրեք էլեկտրոնիկան, անջատեք հեռուստացույցը եւ հաճույք ստացեք միմյանց հետ շփումից: Երեխային ընդգրկեք ուտելիքի պատրաստման գործին, նրան հեշտ առաջադրանքներ տվեք՝ թող մրգերն ու բանաջարեղենն ընտրի շուկայում, չափի ապուրի համար անհրաժեշտ ջուրը, շիլան զգուշորեն խառնի:
Առողջ սնունդը «ծածուկ» մատուցեք: Դդմիկի պյուրե պատրաստեք եւ ավելացրեք մարինարա սոուսին: Կտրտված մրգերից եւ բանջարեղենից ժպտացող դեմքեր կամ ծիածան պատրաստեք: Մանր կտրտած մրգերն ավելացրեք յոգուրիտի մեջ:
Մի պնդեք, եթե երեխան երկու կամ երեք անգամ հրաժարվել է ուտել: Կարող է անհրաժեշտ լինել 10 անգամ փորձել, միչեւ երեխան նոր ճաշատեսակ ուտի: Փորձեք այլ կերպ պատրաստել կամ մատուցել:
Կերած ուտելիքի համար սնունդով մի պարգեւատրեք: Մեկ գդալ շիլայի դիմաց նախուտեստ առաջարկելու փոխարեն՝ այլ պարգեւ խոստացեք՝ տեսախաղ, էլեկտրոնային գիրք կամ այց կենդանաբանական այգի:
Ամբողջ օրը ոտքի վրա մի սնվեք: Փորձեք մշտական սննդակարգ սահմանել՝ օրական երկու կամ երեք անգամ: Համոզվեք, որ ուտեստներն օգտակար են եւ ածխաջրերով հարուստ չեն, հատկապես եթե երեխան նախորդ անգամ վատ է կերել:
Մթնոլորտը մի սրեք: «Երբ Դուք սկսում եք հանդիմանել երեխային, դա ավելի է մեծացնում լարվածությունը»,- ասում է Բոուենը:
Պետք չէ միանգամից մի քանի անծանոթ ուտեստ մատուցել: Մի նոր կերակուրը փորձեք երկու-երեք սովորականի հետ: Բոուենը մեկամյա երեխայի համար առաջարկում է 3 ուտեստ, իսկ ավելի մեծ երեխաների համար՝ 4-5:






