Կարմիր գինու բնական բաղադրիչներից մեկը` ռեսվերատրոլը, բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, սրտանոթային հիվանդությունների, գիրության, հիշողության կորստի եւ ատամների քայքայման դեմ պայքարի «հրաշք» միջոց է ճանաչվել: Սակայն պարզվում է` այն միաժամանակ կարող է վտանգավոր լինել պտղի զարգացման համար, տեղեկացնում է Daily Mail-ը:
Մակակա կապիկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը կարող է ընկերք ներթափանցել եւ կենդանու պտղի ենթաստամոքսային գեղձի համար լուրջ սպառնալիք ներկայացնել:
Հետազոտության հեղինակները վստահ են, որ ստացված եզրահանգումը կարելի է մարդկանց վրա տարածել, քանի որ փորձարկման ընթացքում հաստատվել են գինու հիշյալ բաղադրիչի նաեւ այն օգտակար հատկությունները, որոնք մարդու պարագայում են առկա:
Սա կարեւոր պատգամ է հղի կանանց համար առ այն, որ պետք է չափավոր գտնվեն կարմիր գինու եւ ռեսվերատրոլի բաղադրությամբ սննդային հավելումների սպառման հարցում: Քանի որ այլեւս ապացուցված փաստ է. այն, ինչ օգտակար է մոր համար, կարող է լուրջ վնաս հասցնել պտղին: Համենայն դեպս, նախքան «հրաշք» բաղադրիչն ընդունելը հարկ է բժշկի հետ խորհրդակցել:
Ավելի վաղ իրականացված հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ երեկոյան մեկ գավաթ գինի ըմպելով կարելի է հղիանալու հավանականությանը լուրջ խթան հաղորդել:
Սովորաբար մայրանալու ցանկություն ունեցող կանանց ընդամենը 50 տոկոսին է հաջողվում երկու ամիսների ընթացքում բեղմնավորման հասնել, մինչ 15 տոկոսը ստիպված է մինչեւ մեկ տարի սպասել: Իսկ ահա կարմիր գինու չափավոր օգտագործման արդյունքում երկու ամսից երկար սպասելու հավանականության 23 տոկոսի չափով նվազում է նկատվում:
Այդուհանդերձ, խմիչքի եւ հղիանալու հավանականության միջեւ կապի պատճառը դեռեւս բացատրություն չի գտել: Բեղմնավորման բարձր շանսերը կարող են նաեւ այն փաստի հետեւանքը լինել, որ գինի օգտագործող կանայք սովորաբար առավել առողջարար սննդակարգի են հետեւում:






