Ո՞ր սնունդն է առավել օգտակար կանանց համար: Մեր նախորդ հոդվածում դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը պատմեց, թե որ սնունդն է օգտակար տղամարդկանց համար:

Ի՞նչ ուտեն տղամարդիկ. պարզաբանում է մասնագետը

Այս հոդվածում նա խորհուրդներ է տալիս կանանց՝ ինչ ուտել, որպեսզի լինել առողջ եւ կանացի:

Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ տղամարդկանց մեջ գերակշռում է ակտիվ սկիզբը. տղամարդիկ ուժեղ են, նախաձեռնող, ակտիվ, եւ այս բոլոր առանձնահատկությունները կարելի է եւ պետք է ընդգծել մսային, սպիտակուցներով հարուստ սննդով: Կանանց դեպքում գերակայում է ավելի պասիվ սկիզբը. կինն ավելի հանգիստ է, հնազանդ, հավասարակշռված, ինտուիտիվ, նրան ավելի, քան տղամարդուն բնորոշ են դիվանագիտությունն ու հնարամտությունը: Այս բոլոր գծերը, ինչպես տղամարդկանց դեպքում, ընդգծվում են ճիշտ ընտրված սննդի միջոցով:

Դիետոլոգի կարծիքով՝ կանանց համար, ի տարբերություն տղամարդկանց, ավելի օգտակար է ոչ թե սպիտակուցներով հարուստ սնունդը (միս, ձուկ, ձու), այլ բուսական: Կանանց սննդակարգը պետք է հարուստ լինի մրգերով, բանջարեղենով եւ հացահատիկներով: Կանանց համար առավել օգտակար է գունավոր բանջարեղենը՝ բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, գազարը, դդումը եւ ամենակարեւորը՝ մուգ կանաչ գույնի կանաչեղենը, որը ոչ միայն օգնում է վերականգնել կնոջ ներքին ներդաշնակությունը, այլեւ շատ օգտակար է նրա առողջության համար: «Մրգերի եւ բանջարեղենի 8-9 չափաբաժինը պետք է անպայման ընդգրկված լինի յուրաքանչյուր կնոջ ամենօրյա ճաշացանկում»,- նշեց դիետոլոգ Պետրոսյանը:

Անշուշտ, սա չի նշանակում, որ կանայք պետք է հրաժարվեն սպիտակուցներով հարուստ սննդից. սպիտակուցն անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին, բայց Պետրոսյանի խոսքով՝ ցանկալի է, որ կանանց սննդակարգում, այնուամենայնիվ, գերակշռի բուսական սնունդը:

«Կարող է տարօրինակ հնչել, բայց կարելի է բնավորության փոփոխություններ նկատել այն մարդկանց մոտ, որոնք սնվում են միայն մսային կամ միայն հացահատիկային սննդով: Օրինակ՝ պահքի ժամանակ տղամարդկանց ագրեսիվությունը, ակտիվությունը նվազում է: Այն ազգերը, որոնք ավելի բուսակեր են, ավելի զիջող են, հանգիստ»,- ասաց դիետոլոգը: