• Latest news

Ինչպե՞ս է աշխատում լսողությունը

25 սեպտեմբերի, 2022  22:16

Այն, թե ինչպես ենք մենք ընկալում երաժշտությունը եւ խոսքը, տարբերվում է նրանից, ինչ մինչ այժմ ենթադրվում էր: Նման եզրակացության են եկել Շվեդիայում գործող Լինկյոփինգի համալսարանի եւ Միացյալ Նահանգներում գործող Օրեգոնի առողջապահության ու գիտության համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում եւ կարող են հանգեցնել ավելի լավ կոխլեար իմպլանտների զարգացմանը:

Արտաքին ականջ մտնող ձայնը թմբկաթաղանթով տեղափոխվում է ներքին ականջ, որն ունի պարուրաձեւ տեսք եւ կոչվում է կոխլեա։ Լսողության զգայական բջիջները՝ արտաքին եւ ներքին մազային բջիջները, գտնվում են կոխլեայում։ Ձայնային ալիքները ստիպում են ներքին մազային բջիջների «մազերը» թեքվել՝ նյարդերի երկայնքով ազդանշան ուղարկելով ուղեղ, որը մեկնաբանում է նրա լսած ձայնը:

«Վերջին 100 տարիների ընթացքում մենք հավատում էինք, որ յուրաքանչյուր զգայական բջիջ ունի իր «օպտիմալ հաճախականությունը»: Մազային բջիջը ամենաուժեղ արձագանքում է այս հաճախականությանը: Այս գաղափարը նշանակում է, որ 1000 Հց օպտիմալ հաճախականությամբ զգայական բջիջը շատ թեթեւ կպատասխանի մի փոքր ավելի ցածր կամ ավելի բարձր հաճախականությամբ հնչյուններին: Ենթադրվում էր նաեւ, որ կոխլեայի բոլոր մասերը նույն կերպ են աշխատում։ Այժմ, սակայն, հետազոտական ​​թիմը պարզել է, որ դա չի վերաբերում զգայական բջիջներին, որոնք մշակում են ցածր հաճախականություն համարվող 1000 Հց-ից ցածր ձայներ: Մարդկային խոսքում ձայնավոր հնչյունները պատկանում են այս տարածքին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներքին ականջի շատ բջիջներ միաժամանակ արձագանքում են ցածր հաճախականության ձայնին: Մենք կարծում ենք, որ դա հեշտացնում է ցածր հաճախականության ձայների ընկալումը, քանի որ ուղեղը միաժամանակ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ զգայական բջիջներից»,- նշում են հետազոտողները:

Գիտնականները կարծում են, որ մեր լսողական համակարգի այս կառուցվածքն այն ավելի հուսալի է դարձնում: Եթե ​​որոշ զգայական բջիջներ վնասված են, շատ ուրիշներ են մնում, որոնք կարող են նյարդային ազդակներ ուղարկել ուղեղ:

Այս արդյունքները կարող են ի վերջո նշանակալից լինել լսողության լուրջ խանգարումներ ունեցող մարդկանց համար: Նման դեպքերում ամենահաջող բուժումը կոխլեար իմպլանտացիան է՝ խուլ մարդկանց լսողությունը վերականգնելու բարձր տեխնոլոգիական մեթոդ՝ ականջի իմպլանտի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։