• Latest news

Գլաուկոմայով պացիենտները Ալցհեյմերի հիվանդության զարգացման զգալի ռիսկի են ենթարկված․ հետազոտություն

1 հոկտեմբերի, 2022  23:51

Թայվանում անցկացված խոշոր համազգային հետազոտությունը ցույց է տվել, որ նորմալ լարվածության գլաուկոմա ունեցող մարդիկ Ալցհեյմերի հիվանդության զարգացման զգալի ռիսկի են ենթարկված: Հետազոտողները կարծում են, որ այս տեսակի գլաուկոմա ունեցող մարդիկ պետք է հետազոտվեն Ալցհեյմերի հիվանդության համար: Հետազոտության արդյունքները կներկայացվեն Ամերիկյան ակնաբուժության ակադեմիայի 126-րդ տարեկան հանդիպմանը, գրում է Medical Xpress-ը։

Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, որը վնասում է տեսողական նյարդը՝ աչքը ուղեղին միացնող հյուսվածքը։ Գլաուկոմայի ամենատարածված տեսակները կապված են աչքի ներսում անոմալ բարձր ճնշման հետ: Սակայն նորմալ լարվածության գլաուկոմայի դեպքում, որը նաեւ հայտնի է որպես ցածր լարվածության գլաուկոմա, տեսողական նյարդի վնասումը տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ աչքի ճնշումը նորմայի սահմաններում է:

Հետազոտողները վերլուծել են Թայվանի բժշկական ազգային ապահովագրության բազայի տվյալները, որոնք հավաքագրվել են 12 տարվա ընթացքում: Նրանք համեմատել են Ալցհեյմերի հիվանդության դեպքերը նորմալ լարվածության գլաուկոմայով 15 317 մարդկանց եւ նույն տարիքի ու սեռի 61 268 առանց գլաուկոմայի մարդկանց մոտ:

Դիաբետի, հիպերտոնիայի, հիպերլիպիդեմիայի, սրտի իշեմիկ հիվանդության եւ ինսուլտի համար ճշգրտումներ անելուց հետո նրանք պարզել են, որ նորմալ լարվածության գլաուկոմա ունեցող մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը 52 տոկոսով ավելի հավանական է, քան գլաուկոմա չունեցող մարդկանց մոտ: Հիվանդության ամենաբարձր հաճախականությունը դիտարկվել է տարեցների, կանանց եւ ինսուլտ ստացած մարդկանց մոտ։ Բացի այդ, նրանք հայտնաբերել են, որ գլաուկոմայի դեմ աչքի կաթիլների օգտագործումը չի պաշտպանում Ալցհեյմերի հիվանդությունից կամ չի մեծացնում հիվանդացությունը:

Թեեւ գլաուկոմայով ոչ բոլոր հիվանդների մոտ է Ալցհեյմերի հիվանդություն զարգանում, այս հետազոտությունը ընդգծում է դրանց փոխադարձ կապը: Երկու հիվանդություններն էլ առաջանում են, երբ նյարդային բջիջները քայքայվում եւ մահանում են։ Այդ գործընթացը կոչվում է նեյրոդեգեներացիա: Գլաուկոմայի դեպքում նեյրոդեգեներացիան ազդում է օպտիկական նյարդի ցանցաթաղանթի գանգլիոզային բջիջների վրա՝ ժամանակի ընթացքում հանգեցնելով կուրության: Ալցհեյմերի հիվանդության դեպքում այն ախտահարում է ուղեղի նյարդային բջիջները, որոնք պատասխանատու են հիշողության եւ ճանաչողության համար:

Հույս կա, որ այս հիվանդությունների նմանությունների եւ տարբերությունների հետագա ուսումնասիրությունը թույլ կտա երկու հիվանդությունների բուժման նոր մեթոդներ գտնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է