• Latest news

ԱՄՆ-ում սիֆիլիսով հիվանդացությունը հասել է վերջին 70 տարիների առավելագույնին. CDC

1 փետրվարի, 2024  15:35

Սիֆիլիսով հիվանդացությունն ԱՄՆ-ում հասել է ամենաբարձր մակարդակին վերջին 70 տարիների ընթացքում։ Այս մասին վկայում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալները, տեղեկացրել է The New York Post-ը։ 2022թ. ԱՄՆ-ում գրանցվել է սիֆիլիսի 207 000 դեպք՝ 80 տոկոսով ավելի, քան 2018թ.։

CDC-ի տվյալներով՝ 1951թ. գրանցվել է սիֆիլիսի ավելի քան 170 000 դեպք։ Դրանց թիվը կտրուկ կրճատվել է հակաբիոտիկների համատարած հասանելիությունից հետո։ 1998թ. հիվանդության դեպքերի թիվն ամեն տարի նվազել է՝ 40 000-ից ցածր, իսկ հետո նորից բարձրացել է վերջին երկու տասնամյակում։

«1990-ականերին Միացյալ Նահանգներում սիֆիլիսը մոտ էր վերացման, ուստի մենք գիտենք, որ կարելի է վերացնել այդ համաճարակը»,- ասել է CDC-ի ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների եւ տուբերկուլյոզի կանխման ազգային կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջոնաթան Մերմինը։

Սթեյտեն Այլենդի համալսարանական հիվանդանոցի  բժշկական թունաբանության բաժանմունքի տնօրեն, դոկտոր Նիմա Մայլեսին պատմել է, որ կան դեպքերի թվի աճի երկու հիմնական պատճառներ։ «Մարդիկ պահպանակներն օգտագործում են ավելի հազվադեպ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին տարիներին հանրային առողջապահության տեղեկությունները «նվազեցնում» են անվտանգ սեքսի կարեւորությունը։ Երկրորդ, դոկտոր Մայլեսիի խոսքով՝ վերջին տասնամյակներին սիֆիլիսը դարձել է այնքան հազվադեպ երեւույթ, որ այժմ այն վաղ փուլերում աննկատ է մնում անգամ բժիշկների կողմից։

Չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է հետագայում տարածվել ուղեղի, նյարդային համակարգի կամ աչքերի վրա՝ առաջացնելով կուրություն, խլություն եւ կաթված։

Մինչդեռ,  տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում նկատվում է նաեւ բնածին սիֆիլիսի դեպքերի աճ։ Բնածին սիֆիլիսը առաջանում է այն ժամանակ, երբ վարակված մայրը վարակը փոխանցում է նորածնին։ Հղիության ժամանակ փոխանցվելով՝ այն կարող է հանգեցնել վիժման, առողջական խնդիրների եւ նորածնի մահվան։ 2022թ. նորածինների շրջանում գրանցվել է բնածին սիֆիլիսի ավելի քան 3 700 դեպք՝ 10 անգամ ավելի, քան 2012թ.։

CDC-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ սիֆիլիսով հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է եղել ամերիկյան հնդկացիների եւ Ալյասկայի բնիկների շրջանում, բայց գեյերը եւ սեւամորթները ԱՄՆ-ում եւս անհամամասնորեն շատ են տառապում այդ հիվանդությամբ։ Չնայած սեւամորթ ամերիկացները կազմում են ԱՄՆ բնակչության 13 տոկոսը, նրանց բաժին է ընկնում սիֆիլիսի բոլոր դեպքերի մոտ 32 տոկոսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է