• Latest news

Հայ տղամարդիկ ավելի հաճախ են սկսել դիմել մազերի փոխպատվաստման. պլաստիկ վիրաբույժ

9 ապրիլի, 2024  19:14

17-18 տարեկանում, երբ տղամարդու մոտ արտահայտվում եմ անդրոգեն հորմոնները, ի հայտ են գալիս մազաթափության առաջին նշանները, ուղղակի երբ խիտ են մազերը, անմիջապես չի նկատվում,  մի քանի տարի անց արդեն նկատվում է: Սովորաբար մազերը թափվում են ճակատային ու գագաթային շրջանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանը:

Մազաթափության պատճառները

Նրա խոսքով, մազաթափության տարբեր տեսակներ կան, ամենատարածվածը ժառանգական մազաթափությունն է: Կա նաև օջախային մազաթափություն, որի պատճառները տարբեր կարող են լինել՝ նյութափոխանակության խանգարումներ, մաշկային հիվանդություններ, վնասվածքներ: Բժիշկը շեշտում է՝ մազաթափություն առավել հաճախ նկատվում է տղամարդկանց մոտ, կանայք շատ հազվադեպ են նման խնդիր ունենում, 100-ից մեկի կամ երկուսի մոտ կարող է հանդիպել:

«Սթրեսը նույնպես կարող է մազաթափության պատճառ դառնալ, բայց այդ դեպքում, սովորաբար մազերը վերականգնվում են, օրինակ կորոնավիրուսից հետո շատերի մոտ եղավ մազաթափություն»,- հավելեց Արմեն Հովհաննիսյանը:

Ի՞նչ է մազերի փոխպատվաստումը

Պլաստիկ վիրաբույժի խոսքով, մազերի փոխպատվաստումը խնդրի լավագույն լուծումն է: Էսթետիկ միջամտությունն իրենից ենթադրում է մազերի տեղափոխություն  գլխամաշկի այն հատվածից, որտեղից երբեք մազերը չեն թափվում՝ ծոծրակային և քունքային հատվածներից դեպի ճակատային ու գագաթային հատվածներ: Տեղափոխված մազերը երբեք չեն թափվում:

Վիրաբույժի խոսքով, հիմնականում ծոծրակային հատվածից են մազերը վերցվում, որովհետև մազերի խտությունն այդ հատվածում մեծ է: Հազվադեպ նաև մարմնի այլ հատվածներից վերցված մազերով են իրականացնում փոխպատվաստումը, երբ ծոծրակի մազերը չեն բավականացնում: Մազերի փոխպատվաստումն իրականացվում է տեղային անզգայացմամբ: Հետվիրահատական շրջան որպես այդպիսին չկա, 2 ամիս անց փոխպատվաստված մազերը սկսում են սովորականի նման աճել:

Մազերի փոխպատվաստման եղանակները

«Մազարմատների տեղափոխման 2 եղանակ գոյություն ունի՝ FUE (follicular unit extraction) և FUT (follicular unit transplantation): Մենք կիրառում ենք երկուսն էլ: Առաջինի դեպքում ծոծրակային հատվածից վերցվում է մաշկալաթ, վերքը կարվում է կոսմետիկ կարերով և ծոծրակային հատվածում մնում է բարակ սպի, որը, շատ հեշտությամբ քողարկվում է նույնիսկ կարճ կտրած մազերի տակ:  Մյուս տարբերակում մազարմատները վերցվում են հատ-հատ՝ էլեկտրական սարքի միջոցով և անհրաժեշտ է ընդգրկել համեմատաբար ավելի մեծ դոնորական մակերես»,-պարզաբանեց Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մազերի փոխպատվաստումը հակացուցված է մաշկային խնդիրների, պարբերաբար բորբոքային պրոցեսների, բշտիկների դեպքում:

«Գնալով ավելի ու ավելի հաճախ են հայ տղամարդիկ դիմում մազերի փոխպատվաստման համար: Մի ժամանակ բոլորը Թուրքիա էին գնում դրա համար, որովհետև այնտեղ մազերի փոխպատվաստման մեծ կենտրոններ կան: Հիմա մեզ մոտ էլ շատ զարգացել է մազերի փոխպատվաստումը, նույն տեխնոլոգիան ենք օգտագործում և նույն որակն ենք ստանում»,-ասում է պլաստիկ վիրաբույժը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել