• Latest news

Բրիտանացի գիտնականները ձգտում են հասնել Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշմանը

20 ապրիլի, 2024  10:40

Մեծ Բրիտանիայում սկսվում են լայնածավալ կլինիկական փորձարկումներ, որոնց ընթացքում գիտնականները հույս ունեն սովորել, թե ինչպես կարելի է վաղ ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը (և հիշողության այլ խանգարումներ) արյան վերլուծության միջոցով, գրում է BBC-ն։

Եթե ​​փորձարկումը հաջող լինի, ապա դեմենցիայի զարգացման հակում ունեցող հիվանդները կկարողանան առաջադիմել հիվանդության հաղթահարման գործում՝ ստանալով անհրաժեշտ խնամք ու աջակցություն, ինչպես նաև բուժման նոր մեթոդների հասանելիություն արդեն հիվանդության վաղ շրջանում:

Լոնդոնի համալսարանական քոլեջի և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից իրականացվող հետազոտությանը, ընդհանուր առմամբ, շուրջ հինգ հազար չափահաս կամավոր կմասնակցի։

Փորձարկումը կտևի հինգ տարի։

Ներկա դրությամբ, դեմենցիայի գրեթե յուրաքանչյուր երրորդ դեպքը մնում է չախտորոշված:

«Ալցհեյմերի հիվանդության», որը հիվանդության ամենատարածված ձևն է, ախտորոշումը կարող է հաստատվել միայն երկու եղանակով. կա՛մ գլխուղեղի մասնագիտացված PET սկանավորմամբ, կա՛մ ողնուղեղի պունկցիայով:

Երկու մեթոդն էլ կարող է հայտնաբերել ուղեղի հյուսվածքում վնասակար սպիտակուցների (տաու և β-ամիլոիդ) առկայությունը, որոնք սկսում են այնտեղ կուտակվել դեմենցիայի ախտանիշների ի հայտ գալուց 20 տարի առաջ և ախտորոշել հիվանդությունն ամենավաղ փուլում:

Սակայն սրանք թանկարժեք ուսումնասիրություններ են, ուստի իրականում նման հետազոտություններ է անցնում հիվանդների միայն 2%-ը։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հույս ունեն նույն արդյունքի հասնել՝ իրենց մշակած, շատ ավելի պարզ և էժան արյան վերլուծության միջոցով:

Բացի վերը նշված սպիտակուցներից, որոնք վկայում են Ալցհեյմերի զարգացման վտանգի մասին, հետազոտողները նաև փնտրելու են բիոմարկերներ, որոնք  հիվանդության այլ ձևեր՝ անոթային դեմենցիա, ճակատաքունքային դեմենցիա և Լևի մարմնիկներով դեմենցիա են մատնանշում:

Ուսումնասիրությունը կանցկացվի Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում, հինգ տասնյակ մասնագիտացված կլինիկաներում՝ Օքսֆորդի պրոֆեսոր Վանեսա Ռեյմոնտի ղեկավարությամբ։

Ըստ նրա, թեև դեմենցիայի վաղ հայտնաբերման համար արդեն մի քանի խոստումնալից արյան թեստեր են մշակվել, սակայն դրանք բոլորն էլ զգալի սահմանափակումներ ունեն:

«Որպես կանոն, նման ուսումնասիրությունների մասնակիցների մեջ գործնականում չկան շատ տարեց մարդիկ կամ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչներ կամ այլ քրոնիկ հիվանդություններով տառապողներ,- պարզաբանել է նա։- Իսկ մենք պետք է հասկանանք, թե ինչպես է վիճակն իրական աշխարհում»:

Համալսարանական քոլեջի (UCL) թիմի ուշադրության կենտրում լինելու է Ալցհեյմերի հիվանդության ամենախոստումնալից բիոմարկերը, որը հայտնի է p-tau217 անունով:

«Ալցհեյմերի հիվանդության դեպքում վաղ և ճշգրիտ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս մարդկանց ավելի վաղ օգտվել համապատասխան խնամքից և դեղամիջոցներից», - նշել է հետազոտության այս ուղղությունը ղեկավարող, UCL-ի նյարդաբանության պրոֆեսոր Ջոնաթան Շոթը:

«Եթե մեր հույսերն արդարանան, և մոտ ապագայում հիվանդներին հասանելի դառնան բուժման նոր մեթոդները, որոնք կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, ապա վաղ ախտորոշումը կենսական նշանակություն կունենա», - ավելացրել է նա:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է