Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեմքի յոգան կարող է որոշակի, սակայն, ավելի հաճախ, համեստ արդյունքներ տալ: Դեմքի վարժությունները պահանջում են կանոնավոր պրակտիկա և մեծ ջանասիրություն։ Դրանց ազդեցությունը նկատելի է դառնում միայն մի քանի շաբաթ համակարգված մարզումներից հետո, հայտնում է Health-ը։
Մարդու դեմքը բաղկացած է երեք հիմնական շերտից՝ մաշկի ծածկույթից, ճարպային կուտակումներից և մկաններից։ Տարիքի հետ մաշկը ծերացման բնական ընթացքի պատճառով սկսում է կորցնել առաձգականությունը, իսկ ճարպային կուտակումները և մկանները ենթարկվում են ձգողականության ազդեցության, ինչը կարող է հանգեցնել դեմքի թուլացման և ծավալի կորստի:
Դեմքի յոգան ուղղված է դեմքի մկաններն աշխատեցնելուն՝ հատուկ վարժությունների և մերսման միջոցով։ Չնայած այս տեխնիկան օգնում է ամրապնդել առանձին մկանները և բարելավել մաշկի տոնուսը, սակայն այն չի կարողանում վերականգնել կորցրած ճարպային կուտակումները: Այնուամենայնիվ, դեմքի յոգայի կանոնավոր պարապմունքները կարող են օգնել դեմքի մաշկին ավելի հարթ և խնամված տեսք տալուն:
2018 թվականին հրապարակված հետազոտությունն արվել է 16 հոգուց բաղկացած խմբի հետ, որը 20 շաբաթ կանոնավոր կերպով յոգայով էր զբաղվում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարժությունները իսկապես մեծացրել են դեմքի ծավալը այտերի և կզակի հատվածում, սակայն դեմքի մյուս մասերի վրա ազդեցությունն աննշան է եղել:
Կարևոր է նշել, որ դեմքի յոգայի արդյունավետությունը կարող է անհատական լինել և կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ գենետիկայից, ապրելակերպից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Ուստի մարզվելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ և հաշվի առնել դեմքի մաշկի առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու բոլոր ասպեկտները։
Ընդհանուր առմամբ, չնայած դեմքի յոգան կարող է որոշակի օգուտներ տալ և բարելավել մաշկի վիճակը, բայց երկարաժամկետ կամ արմատական արդյունքի պետք չէ սպասել: Այնուամենայնիվ, կանոնավոր վարժությունները կպահեն դեմքի տոնուսը և դրան թարմ ու առողջ տեսք կտան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր