• Latest news

Մահվանը հաղթողը. Չնայած Ղարաբաղյան պատերազմում երկու ոտքերի կորստին՝ Արշակը հոկեյի թիմի ավագ է դարձել

22 հունվարի, 2019  21:28

Ղարաբաղյան պատերազմում երկու ոտքերը կորցրած Արշակ Հովհաննիսյանն իր օրինակով ցույց է տալիս, որ դժվարությունները չեն կարող կոտրել մարդուն, եթե նա ցանկանում է ապրել եւ իր ապագան կառուցել:

Հովհաննիսյանի կյանքը փոխվեց 1994-ի սկզբին: Ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանն էր եւ նրան՝ 20-ամյա պատանուն սեփական կամքով առաջնագիծ ուղարկեցին:

«Լինելով ժամկետային զինծառայող ես համաձայնեցի իմ ծառայության մնացած մասը առաջնագծում անցկացնել՝ պաշտպանելով իմ ժողովրդին եւ հայրենիքը», - NEWS.am Medicine-ին ասաց Հովհաննիսյանը:

1994 թվականի հունվարի 30-ին պատանին սահմանի մոտ պայթել էր ականի վրա:

«Ես չկորցրեցի գիտակցությունս եւ ամեն ինչ պարզ հիշում եմ: Այդ ժամանակ ինձ թվում էր, որ ես  գնդակոծության տակ եմ հայտնվել, բայց մեքենայում, ուր ինձ տարել էին օգնության հասած տղաները, ես տեսա, որ զրկվել եմ ձախ ոտքից», - ասաց նա:

Բուժման երկար շրջան սկսվեց: Բժիշկները փորձում էին պահպանել պատանու երկրորդ ոտքը, սակայն անարդյունք: Գրեթե մեկ ամիս անց վիրաբույժները անդամատեցին նրա աջ ոտքը:

Տղամարդը չի թաքցնում, որ սկզբում նա ապագայի հանդեպ վախ էր զգում:

«Սակայն հենց դա ինձ ստիպեց ուժեղ լինել եւ պայքարել: Ես երդվեցի ինձ, որ այս հանգամանքներն ինձ չեն կոտրի, որ ես լիարժեք կյանքով կապրեմ, սպորտով կզբաղվեմ, կաշխատեմ, ընտանիք կստեղծեմ», - նշեց նա:

Վերականգման շրջանը մոտ 6 տարի տեւեց եւ այս ընթացքում Հովհաննիսյանին ոսկրերի աճի պատճառով ստիպված էին նորից անդամատել: Բայց կյանքի հենց այս բարդ շրջանում նա հանդիպեց իր երկրորդ կեսին եւ ամուսնացավ:

«Հիվանդանոցում ես ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Լուսինեի հետ: Նա որպես բժշկական քոլեջի ուսանող պրակտիկա էր անցնում, իսկ ես սովորում էի պրոթեզներով ինքնուրույն քայլել:

Իմ զբոսանքների ժամանակ նա ձեռքով պահում էր ինձ, ինձ պայքարելու ուժ էր տալիս: Նրա ծնողները դեմ էին մեր ամուսնությանը, այնպես որ ես ստիպված էի շատ անգամներ նրան փախցնելու ծրագիր իրականացնել», - պատմում է Հովհաննիսյանը:

Տղամարդու ընտրությունը ճիշտ եղավ. նա ամուր ընտանիք ունի, մեծ երեխաներ (23-ամյա Վահան եւ 17-ամյա Կատյա):

Հովհաննիսյանը նշում է, որ մշտապես ձգտել է  հենարան լինել ընտանիքի համար: 90-ականներին ինչպես եւ շատ երեւանցիներ, ովքեր փորձում  էին կերակրել իրենց ընտանիքներին, նա նույնպես փողոցում իր «սեղանն» ուներ, որի վրա ամեն տեսակ բաներ էր վաճառում:

Հետո նա զբաղվել է տարբեր բիզնես նախագծերով, մի քանի տարի առաջ հեռակա ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

Սակայն, նրա գլխավոր կիրքը, թերեւս, սպորտն է: Հովհաննիսյանը զբաղվում է տարբեր տեսակի սպրոտաձեւերով, եղել է սայլակով հաշմանդամների բասկետբոլի թիմի ավագ, իսկ այսօր սլեջ-հոկեյի (տափօղակով հոկեյի տեսակ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար):

«Մենք շատ կոշտ ենք խաղում, ինչպես որ ընդունված է իսկական հոկեյում: Կարող ենք նաեւ մրցակցի առաջը կտրել եւ հարվածել նրան պատնեշին», - ժպտում է նա:

Հովհաննսիյանը բազմիցս բասկետբոլում, փաուերլիֆթինգում զբաղեցրել է առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: Սա նրա սպորտային ձեռքբերումների ամբողջական ցանկը չէ: Անցյալ տարվա աշնանը նրան հաջողվեց Արագած լեռ բարձրանալ:

Հովհաննիսյանը պարգեւատրվել է  «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով,  «Արիության», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» մեդալներով:

Հովհաննսիյանի կյանքի հավատամքը երբեք չհանձնվելն է.

«Բոլոր նրանց, ովքեր բախվել են հաշմանդամության հետ, ես կոչ եմ անում հավատալ սեփական ուժերին եւ երբեք չհանձնվել: Դուք նույնպես կարող եք լիարժեք կյանք ունենալ, պետք է միայն հավատալ դրան եւ ամբողջ սրտով ցանկանալ: Չի կարելի տանը փակված մնալ: Դուք կարող եք ընտանիք ստեղծել, երեխաներ ունենալ, բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանքի ընդունվել: Կարեւորը առաջ գնալն է եւ թույլ չտալ կյանքի հանգամանքներին կոտրել ձեզ: Եվ իհարկե, շատ կարեւոր է, սպորտով զբաղվելը»:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է