• Latest news

Հագեցած գիտական ծրագիր, սատելիտային սիմպոզիումներ, սոցիալական բաղադրիչ. Ի՞նչ ակնկալել Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարից

5 հուլիսի, 2023  15:54

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին, որն այս տարի կկայանա Երեւանում հուլիսի 6-8-ը, արդեն գրանցվել է ավելի քան 600 բժիշկ՝ Հայաստանից եւ Սփյուռքից: Այս մասին համագումարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց համագումարի համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյանը:

Նրա խոսքով՝ 10-ից ավելի երկրներից մասնագետներ են մասնակցելու համաժողովին, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Ավստրալիայից եւ այլ երկրներից: Սփյուռքից եկած բժիշկների քանակը 300-ից կանցնի:

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի ինֆորմացիոն գործընկերն է NEWS.am Medicine-ը:

Հագեցած գիտական ծրագիր

Համագումարի գիտական ծրագիրն այս տարի շատ հագեցած է: Ինչպես նշեց համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը, միջոցառման մասնակիցները քննարկելու են բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր Հայաստանի համար արդիական են; լինելու են նաեւ հետաքրքիր զեկույցներ ապագայի բժշկության մասին:

Մասնավորապես, հանրահայտ բժիշկ Ռոջեր Հաջջարը խոսելու է գենային եւ բջջային թերապիայի եւ դրանց՝ սրտաբանության ոլորտում կիրառման մասին: Բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ բժշկության ապագան հենց այս տեխնոլոգիաներն են:

Պլենար զեկույցով հանդես կգա նաեւ Ավագ Գահվեջյանը, ով «Մոդեռնա»-ի գիտական գործընկերն է: Նա կներկայացնի MRNA-ի պատվաստանյութերի ապագան: Դրանք, մասնագետների խոսքով, ոչ միայն որպես պատվաստանյութ են օգտագործելու, այլ նաեւ որպես քաղցկեղ, սրտային անբավարարություն եւ այլ հիվանդություններ բուժող դեղորայք:

Համագումարի ընթացքում նախատեսված է 251  բանավոր զեկույց եւ 56 պաստառային զեկույց: Նաեւ 10 գիտնականներ իրենց գիտելիքներով եւ փորձով կկիսվեն պլենար զեկույցների ընթացքում:

Համաժողովի մասնակիցների կողմից կատարված գիտական աշխատանքները տպագրվելու են հատուկ ժողովածուում: Բժիշկ Բազարչյանի խոսքով, այս պահի դրությամբ ժողովածուում 386 աբստրակտ կա: Դրանք շուտով լույս կտեսնեն էլեկտրոնային տարբերակով, իսկ վաղը՝ արդեն տպագրված գրքի տեսքով:

Համագումարը կրեդիտավորված է. այն նախատեսում է 18 ՇՄԶ կրեդիտ ավագ բուժաշխատողներին համար եւ 6 կրեդիտ՝ միջին բուժաշխատողներին համար:

Բժիշկների համար միջոցառումը լավ հնարավորություններ կստեղծի միմյանց հետ ծանոթանալու, փորձի փոխանակման, նոր կապեր ստեղծելու համար: Երկրում բժշկության զարգացման, նոր տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից այն եւս շատ կարեւոր է:

Ինչպես նշեց համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, միջոցառմանը մասնակցում է Վաշինգտոնի մանկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար Միքայել Պետրոսյանը, ով իր հետ բերել է հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով բժիշկները եւ ապագա բժիշկները կսովորեն լապարոսկոպիկ վիրահատություններ անել:

Աննախադեպ թվով սատելիտային սիմպոզիումներ

Համագումարի շրջանակում անցկացվելու են բազմաթիվ սատելիտային սիմպոզիումներ՝ նախատեսված տարբեր ոլորտներում աշխատող բժիշկների համար: Դրանք ամբողջովին անվճար են լինելու եւ հնարավորություն են տալու նոր գիտելիքներ ստանալ եւ գործընկերների հետ փորձով փոխանակվել:

«Մենք ունենք աննախադեպ քանակի՝ 23 սատելիտային սիմպոզիումներ, որոնք տեղի են ունենալու համագումարից առաջ, հետո եւ ընթացքում: Օգտվելով առիթից, որ բժիշկները եկել են Հայաստան, մենք մեր պրոֆեսիոնալ ասոցիացիաներին խնդրեցինք, որ նրանք Հայաստանում եւ շրջաններում աշխատող բժիշկների համար կազմակերպեն ամբողջովին անվճար կոնֆերանսներ տարբեր հյուրանոցներում, ինստիտուտներում: Այս պահի դրությամբ արդեն 7 սիմպոզիում կայացել է մոտ 700 մարդու մասնակցությամբ: Եվս 7 սատելիտ էլ այսօր է տեղի ունենում», — ասաց բժիշկ Յաղջյանը:

Պատմություն եւ փորձություններ

Աշխարհի հայ բժիշկների համագումարներն ունեն պատմություն՝ սկսած 1973 թվականից, երբ Սփյուռքի հայ բժիշկները համախմբվեցին եւ Լիբանանում անցկացրեցին առաջին համագումարը: Իր խոսքում այս մասին նշեց համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

«1992-ից սկսած Հայաստանի բժիշկները մասնակցել են նման համագումարների: Առաջին համագումարը Հայաստանում տեղի ունեցավ 2003-ին, այսօր արդեն մենք կանցկացնենք 6-րդ համագումարը», — ասաց նա:

Համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյանն էլ նշեց, որ 2019-ին կայացած  նախորդ համագումարից հետո հաջորդ 4 տարիներին ծանր փորձությունների միջով են անցել, եւ նման մասշտաբային միջոցառում կազմակերպելը կապված է եղել տարբեր դժվարությունների հետ.

«Բայց մենք կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները եւ կազմակերպել համագումարը՝ բավականին մեծ մասնակցությամբ», — ասաց նա:

Սոցիալական բաղադրիչ

Համագումարը ոչ միայն հագեցած գիտական ծրագիր ունի, այլ նաեւ հետաքրքիր սոցիալական բաղադրիչ:

«Մենք  մեր հյուրերին առաջարկել ենք 10-ից ավելի հետաքրքիր այցելություններ: Սկսել ենք Մատենադարանից, որտեղ կլինի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի փակ դիտում: Մեր հյուրերը երեկ նաեւ հրավիրված էին Սերգեյ Սմբատյանի բարեգործական համերգին, որի հասույթը գնալու է Արցախի երեխաներին», — ասաց բժիշկ Յաղջյանը:

Այս տարվա համագումարը եւս մեկ հետաքրքիր առանձնահատկություն ունի. պայուսակները, որ տրամադրվելու են մասնակիցներին, պատրաստվել են տարեցների ցերեկային խնամքի այցելու տատիկների եւ պապիկների կողմից:

«Սա եւս մեկ միջոց էր փոխանցելու մեր աջակցությունը այդ կենտրոնի զարգացման համար», — ասաց համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյանը:

Հայապահպան ուղղվածություն

Համագումարը, Արա Բաբլոյանի խոսքով, ունի նաեւ հայապահպան ուղղվածություն:

«Մենք իրեն կոչել ենք միջազգային համագումար, բայց եթե պարզ ասենք, դա աշխարհի հայ բժիշկների համագումարն է», — նշեց նա:

Նրա խոսքով, Ծիծեռնակաբերդի՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում կա աշխարհի հայ բժիշկների կողմից ստեղծված ճեմուղի:

«Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք աշխարհի հայ բժիշկներին բերել, որ նրանք սիրեն Հայաստանը, համագործակցեն Հայաստանի հետ եւ մնան հայ: Սա շատ կարեւոր է», — ասաց բժիշկ Բաբլոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել