• Latest news

Կնոջ առողջության պահպանում եւ առողջ բալիկի ծնունդ. ի՞նչ են քննարկել վերարտադրողականությանը նվիրված գիտաժողովում

4 դեկտեմբերի, 2023  09:42

Ցիտոգենետիկական ախտորոշումը բժշկության զարգացող ճյուղ է, և Հայաստանն իր առաջին քայլերն է անում այդ ուղղությամբ։ Այդուհանդերձ, ակնկալվում է երկրում ունենալ գենետիկական և ցիտոգենետիկական լիարժեք ծառայություն։ Այս մասին «Վերարտադրողական առողջության ախտորոշիչ պարադիգմերը» գիտաժողովի շրջանակում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, «EcoSense» ախտորոշիչ կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընթացող գիտաժողովը եւս մեկ քայլ է այդ ճանապարհին։ Նա հավելեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվում են գինեկոլոգիայի եւ վերարտադրողական բժշկության հարցերի լայն շրջանակ, եւ դրանք բոլորն էլ ծառայում են մեկ ընդհանուր նպատակի` կանանց առողջության պահպանմանը և արդյունքում առողջ երեխաներ ունենալուն։

image1.jpeg (4.11 MB)

Գիտաժողովը կազմակերպել է «EcoSense» ախտորոշիչ կենտրոնը. այն նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների եւ վերարտադրողական ոլորտի մասնագետների համար։ Ռուսուդան Վարդանյանի խոսքով՝ հրավիրյալ դասախոսները Հայաստանում առաջին անգամ են գիտաժողովի մասնակցում, սակայն ինքը հույս ունի նրանց հետ հետագայում սերտ համագործակցություն հաստատել։

«Այսօրվա միջոցառումը նվիրված է գինեկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման մեթոդների ընտրությանը, հարակից մասնագիտությունների հետ ե՛ւ ախտորոշման, ե՛ւ կլինիկական բնագավառում համագործակցությանը։ Մենք հավաքել ենք արհեստավարժների շատ հետաքրքիր խումբ, որոնք ներկայացնում են հորմոնալ խնդիրների հետ կապված դաշտանային ցիկլի խանգարումներին, սովորութային վիժումներին, կլինիկական էնդոմետրիտին, ցիտոգենետիկական հետազոտություններին, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման նոր մոտեցումներին, ինչպես նաեւ գենետիկական նախաիմպլանտացիոն ախտորոշմանը վերաբերող զեկույցներ», - ասաց Ռուսուդան Վարդանյանը։

«EcoSense» ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Ինեսսա Նազարյանը նշեց, որ իրենց կենտրոնում ներդրված նոր տեխնոլոգիաների և բարձր որակավորում ունեցող բժիշկների շնորհիվ Հայաստանում հասանելի են դարձել գենետիկական թեստերը, որոնք թույլ են տալիս մանկաբարձ-գինեկոլոգներին հղիության վաղ փուլում ախտորոշել պտղի գենետիկական խանգարումները և կայացնել ճակատագրական որոշումներ: Սակայն, ըստ նրա, Հայաստանում դեռևս առկա չէ նախածննդյան և նախաիմպլանտացիոն ախտորոշման ամբողջական շրջանակը, սակայն բժիշկները պատրաստ են նոր գիտելիքներ ձեռք բերել եւ նոր մեթոդների տիրապետել, և այս գիտաժողովը նման հնարավորություններից է։

image5.jpeg (2.54 MB)

«Համենայն դեպս, ես վստահորեն կարող եմ ասել, որ բժիշկների թե՛ որակի և թե՛ գիտելիքների մակարդակով մենք ոչ մի բանով չենք զիջում զարգացած երկրների առաջատար կլինիկաների բժիշկներին։ Մենք էլ փորձում ենք բերել տեխնոլոգիաները և ունենալ դրանք Հայաստանում, որպեսզի մեր բժշկությունը, մենք կանգնենք զարգացած երկրների շարքում  լինենք առաջատարներից մեկը»,- ասաց նա։

Ինեսսա Նազարյանը հավելեց, որ միջազգային գիտաժողովի երկրորդ թեման կանանց վերարտադրողական առողջությունն է, որը եղել է, կա և կլինի Առողջապահության կարևորագույն ոլորտներից մեկը, քանի որ «կանանց առողջությունն ապագան է, առողջ երեխաների ծնունդը»։

Հայաստանի Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը նշեց, որ այս գիտաժողովի նպատակը, ինչպես ցանկացած գիտաժողովի, նոր գիտելիքներ ձեռք բերելն է։

«Բժշկությունը պահանջում է շարունակական ուսուցում, դա մասնագիտություն է, որը զարգանում է ամեն օր, եւ նման միջոցառումներն են, որ հնարավորություն են տալիս բժիշկներին ծանոթանալու արդի նորություններին։

Այս գիտաժողովի թեմաները շատ արդիական են, որովհետեւ քննարկվում են վերարտադրողականության խնդիրները, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները, գենետիկական հետազոտությունները, որոնք, կարելի է ասել, լայն ծավալով նոր են մտել ոլորտ»,- ասաց Գրիգորյանը։

Սանկտ Պետերբուրգի Օտտի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտից պրոֆեսոր Մարիա Յարմոլինսկայայի դասախոսությունը «Էնդոմետրիոզ. խնդրի տարբեր կողմերը» թեմայի շուրջ է: Նրա խոսքով՝ ժողովրդագրական նման անբարենպաստ պայմաններում ներկայումս վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր 10-րդ կին տառապում է էնդոմետրիոզով։ Իսկ սա լուրջ խնդիր է՝ ուշացած ախտորոշման և բուժման սահմանափակ հնարավորությունների պատճառով, ինչը հանգեցնում է հիվանդության քրոնիկական, զարգացող, կրկնվող ընթացքի, հետևաբար՝ անպտղության։ Յարմոլինսկայան մասնագիտացած է էնդոմետրիոզի վաղ ախտորոշման նոր, ոչ ինվազիվ մեթոդների և բուժման նոր ռազմավարությունների գծով, որոնք հնարավորություն են տալիս կանխել անպտղության զարգացումն ու հետագա վիժումները:

image0.jpeg (2.67 MB)

«Բացի այդ, էնդոմետրիոզով հիվանդները տառապում են տարբեր տեսակի ցավային համախտանիշերով, ինչը չափազանց բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա։ Այսինքն՝ էնդոմետրիոզի վաղ կանխարգելումը կյանքի որակը բարելավելու հնարավորություն է, մեր հիվանդների համար՝ մայր դառնալու հնարավորություն»,- ասաց նա։

«Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների գենոմային միտումները» Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տոմսկի ազգային հետազոտական բժշկական ինստիտուտից գենետիկ, պրոֆեսոր Իգոր Լեբեդեւի դասախոսության թեման է։ Նրա խոսքով՝ գենետիկները սիրում են ասել, որ ժամանակակից բժշկական գիտությունը, ցանկացած գիտակարգ անհնար է պատկերացնել առանց գենետիկական գիտելիքների։

«Իրոք, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի, վերարտադրողական առողջության ոլորտում ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաները կարեւոր են վերարտադրողական խանգարումների, վիժումների պատճառներն ախտորոշելու, դրանք կանխելու համար, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գիտաժողովում իմ ելույթը նվիրված է գենետիկական տեխնոլոգիաների ինտեգրմանը վերարտադրողական բժշկության դինամիկ զարգացող ոլորտում՝ կապված սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկական թեստավորման հետ։

Նման մեթոդները հնարավորություն են տալիս կանխել վիժումը` բացառելով քրոմոսոմային անոմալիաներով սաղմի տեղադրումը, իսկ երբեմն դուրս են գալիս բուն վերարտադրողական բժշկության սահմաններից, երբ ժառանգական հիվանդությամբ երեխա լույս աշխարհ բերելու մեծ ռիսկ ունեցող, բայց վերարտադրողական խնդիրներ չունեցող ընտանիքը կարող է օգտվել նման ծառայությունից՝ թեստավորելով սաղմն ու բացառելով հիվանդ երեխա ունենալու հնարավորությունը»,- ասաց ռուս մասնագետը։

image2.jpeg (2.68 MB)

 https://www.facebook.com/share/r/sg4RuHwz5WcXHasP/?mibextid=UalRPS 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է