• Latest news

«Եվրոպայի դանդաղ մարդասպանը». ինչպե՞ս կանխել բարձր ճնշումը

28 մայիսի, 2024  08:46

Հիպերտոնիան կարող է հանգեցնել սրտային հիվանդությունների եւ ինֆարկտի, եթե այն չբուժվի, ուստի բժիշկները հաճախ այն անվանում են «դանդաղ մարդասպան»։

Հիպերտոնիան արյան բարձր ճնշումն է (նույն զարկերակային հիպերտենզիան)։ Եթե չպայքարենք հիպերտոնիայի դեմ, այն կարող է հանգեցնել ինֆարկտի եւ ինսուլտի։

ՄԱԿ տվյալներով՝ հիպերտոնիայով տառապում է մոլորակի ավելի քան մեկ միլիարդ բնակիչ։ ԱՀԿ տվյալներով՝ մարդկանց մոտ կեսը անգամ չգիտի, որ հիպերտոնիա ունի։

Բրիտանիայի սրտաբանական ֆոնդի ավագ բուժքույր Ջուլի Ուորդը Euronews Health-ի հարցազրույցում ասել է. «Դա անհանգստացնում է, որովհետեւ կյանքի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում եւ մնում է աննկատ, որովհետեւ արյան բարձր ճնշման դեպքում հազվադեպ են հանդիպում որեւէ ախտանշաններ։ Կարող են առաջանալ գլխացավ, գլխապտույտ կամ տեսողության մթագնում, բայց սովորաբար դա տեղի է ունենում, եթե ճնշումն առանձնապես բարձր է»։

Մայիսի 17-ին նշվում է Հիպերտոնիայի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Փորձագետներն աշխատում են տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի որքան հնարավոր է կանխվի այդ հիվանդությունը։

Արյան բարձր ճնշման դեպքում արյունը ճնշում է արյունատար անոթների պատերը, վկայում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան։ Այն բնութագրվում է երկու թվերով՝ սիստոլիկ եւ դիաստոլիկ ճնշմամբ եւ չափվում է սնդիկի սյան միլիմետրերով։

Սիստոլիկը ավելի բարձր թիվն է, զարկերակների ճնշումը, երբ սիրտը այնտեղ արյուն է մղում, իսկ դիաստոլիկը ավելի ցածրն է, երբ սիրտը «թուլանում» է զարկերի արանքում։

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալներով՝ «արյան բարձր ճնշումն» այն է, երբ այդ ցուցանիշները գերազանցում են 140/90-ը։ 120/80-ից 140/90-ն արդեն «բարձր» ճնշում է։

Ռիսկի գործոններից են մեծ տարիքը, հիպերտոնիա ունեցող հարազատների առկայությունը եւ ավելորդ քաշը։

Հիպերտոնիայի առաջացման վրա կարող են ազդել նաեւ կենսակերպը՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, աղի ավելցուկը եւ անբավարար ֆիզիկական ակտիվությունը։

Ռիկարդո Լադեյրաս Լոպեսը սրտաբան է Պորտուի համալսարանից, նա ասում է, որ սթրեսը հիպերտոնիայի առաջացման գործոններից մեկն է։

Քրոնիկական հիվանդությունները՝ դիաբետ, երիկամների հիվանդություններ, նույնպես կարող են բարձրացնել դրա առաջացման հավանականությունը։

Ռիսկի գործոններն են մեծ տարիք, ավելորդ քաշ, ծխելը, ալկոհոլ, աղի ավելցուկ, անբավարար ֆիզիկական ակտիվություն եւ սթրես։

Մարդկանց մեծ մասը, որոնք արյան բարձր ճնշում ունեն, որեւէ ախտանշան չեն ունենում, բայց այն կարող է վնասել ներքին օրգանները։

«Արյան բարձր ճնշումը բոլոր ինֆարկտների եւ ինսուլտների գրեթե կեսի պատճառն է Մեծ Բրիտանիայում։ Դա իսկապես լուրջ խնդիր է»,- ասում է Ջուլի Ուորդը։

Այն երկար ժամանակ կարող է անախտանշան լինել, բայց ի վերջո հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի։

Դոկտոր Լոպեսի խոսքով՝ հիպերտոնիան սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գլխավոր գործոններից է։ Այն կարող է հանգեցնել նաեւ այլ լուրջ խնդիրների, ինչպիսին են երիկամային անբավարարությունը, տեսողության թուլացումը, սրտային անբավարարությունը։ Հիպերտոնիան անվանում են նաեւ «դանդաղ մարդասպան», որովհետեւ այն կարող է տարիներ ընթանալ առանց ախտանշանների եւ հանգեցնել լուրջ բարդությունների, եթե չբուժվի»։

Եվրոստատի տվյալներով՝ արյան ճնշումը բարձր է ԵՄ բնակիչներ մոտ մեկ քառորդի մոտ։

Այդ տվյալների համաձայն՝ Խորվաթիայում ոչ միայն բարձր է հիպերտոնիայիով հիվանդների թիվը, այլեւ 2014-2019թթ. նկատվել է այդ թվի աճ։

Անա  Իվիչեւիչ Ուգերնիկ, Խորվաթիայի հանրային առողջապահության ինստիտուտ. «Թեեւ մենք չենք կարող վստահաբար ասել Խորվաթիայում դեպքերի ավելացման ստույգ պատճառները 2014-2019թթ., հիպերտոնիան հանրային առողջապահության ամենանշանակալի խնդիրներից է երկրում»։

Նրա իրականացրած եւ 2023թ. հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ Խորվաթիայում նկատվել է հիպերտոնիայի տարածվածության աճ։

«Խորվաթ բնակչության ծերացման հետ կապված՝ մենք սպասում ենք դրա տարածման հետագա աճ ապագայում»,- ասել է նա։

«Կարելի է շատ բան անել, եւ առաջին հերթին դա վերաբերում է կենսակերպին»,- ասում է Ջուլի Ուորդը՝ ավելացնելով, որ «դա անհնար է լիովին կանխել. հիպերտոնիան կարող է հայտնվել 65-ն անց յուրաքանչյուր մարդու մոտ, քանի որ դա «ծերության հիվանդություն է»։

Օգնել կարող են ծխելուց հրաժարվելը, ալկոհոլը սահմանափակելը, աղի ավելորդ օգտագործումից հրաժարվելը եւ առողջ սնունդը՝ թարմ մթերքներով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ միջերկրածովյան դիետան կարող է իջեցնել հիպերտոնիայի առաջացման ռիսկը։ Փորձագետների խոսքով՝ մարդիկ պետք է նաեւ զբաղվեն սպորտով եւ առողջ քաշ պահեն։

Շատ կարեւոր է պայքարը սթրեսի դեմ, ավելացնում է Լադեյրաս Լոպեսը, ինչպես նաեւ բժշկին կանոնավորապես այցելելը։

Կանխարգելումը.  ծխելուց հրաժարում, ալկոհոլի օգտագործման սահմանափակում, ավելորդ աղից հրաժարում, առողջ սնունդ, օրինակ՝ միջերկրածովյան դիետա։

Ջուլի Ուորդը, որը վստահության հեռախոսով պատասխանում է հարցերին, ասում է, որ Բրիտանական սրտաբանական ֆոնդը ստանում է շատ հարցեր արյան բարձր ճնշման մասին. «Մենք ջանում ենք պացիենտներին հնարավորություն տալ լուծել այդ հարցը տնային պայմաններում։ Օրինակ՝ կարելի է ունենալ ճնշումը չափելու սարք եւ օրագիր պահել՝ հետեւելու համար դինամիկային, ինչպես նաեւ խոսել բժշկի հետ կենսակերպի հնարավոր փոփոխությունների մասին։

Կան դեղեր, որոնք օգնում են իջեցնել ճնշումը։ Ամենագլխավորը «սեփական թվերն իմանալն է»։

Ռիկարդո Լոպեսը ընդգծում է, որ դա գլոբալ խնդիր է։ Այս տարի ուղեցույցները կթարմացվեն Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի կողմից։

«Ծերանալը ռիսկի գործոններից է։ Կարեւոր է նկատի ունենալ նաեւ ուրբանիզացիան եւ կենսակերպի փոփոխությունները, որովհետեւ դրանք հանգեցնում են ֆիզիկական ակտիվության նավզման եւ մշակված մթերքների օգտագործման ավելացման, ինչպես նաեւ սթրեսի մակարդակի բարձրացման, եւ դրա դեմ պետք է պայքարել»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է