• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. Ցրված սկլերոզ

2 հունվարի, 2018  18:13

Որոշ հիվանդությունների մասին Դուք, հավանաբար, կյանքում երբեք չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք։ Բայց կան հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, ու նրանց մասին չիմանալ չի կարելի։

NEWS.am Medicine-ի շարքում մենք ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում ունենա այն մասին, թե ինչ վտանգ են դրանք իրենցից ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից ու ինչ է պետք անել, եթե Դուք այնուամենայնիվ հիվանդացել եք։

Այսօրվա թեման է ցրված սկլերոզը, որով ամբողջ աշխարհում շուրջ 2 մլն մարդ է տառապում։

Ախտանշաններ

Հակառակ առաջացած կարծրատիպին, ցրված սկլերոզը ոչ մի առնչություն չունի տարեց մարդկանց շրջանում տարածված հիշողության խնդիրների հետ։ Սա աուտոիմունային հիվանդությոն է, որին բնորոշ են գլխուղեղի ու ողնուղեղի նյարդային հանգույցների միելինային թաղանթի բազմակի ախտահարումները։

Սովորաբար ցրված սկլերոզը առաջին անգամ դրսեւորվում է 20-40 տարեկանում, բայց կարող է առաջանալ նաեւ երեխաների մոտ։ Հիվանդությունը կարող է սկսվել ոտքերի թուլությունից, մարմնի տարբեր մասերի թմրությունից, ողնաշարով հոսանքի անցման զգացողությունից, գլխապտույտից, սրտխառնոցից, տեսողության վատացումից, միզարձակման կամ կղազատման հաճախացումից կամ ուշացումներից։

Հիվանդի վիճակը գնահատելու ու ախտորոշումը պարզելու նպատակով նյարդաբանները օգտագործում են ֆունկցիոնալ համակարգերի վիճակի ու հաշմանդամացման գնահատման ընդլայնված սանդղակները։ Առաջինի օգնությամբ նրանք գնահատում են ախտահարումների արտահայտվածությունը, իսկ երկրորդի օգնությամբ՝ հիվանդի հաշմանդամության ընդհանուր աստիճանը։ Նաեւ ախտորոշումը ճշգրտելու համար օգտագործվում է մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիա։

Ցրված սկլերոզ. բազմագործոնային հիվանդություն

Դրա զարգացումը պայմանավորված է արտաքին միջավայրի (բակտերիաներ ու վիրուսներ, բնապահպանություն ու վնասակար սովորություններ) ու ժառանգական հակման գործոնների փոխգործակցությամբ։ Ցրված սկլերոզը չի դասվում գենետիկ հիվանդությունների շարքին, բայց գենոմի որոշակի փոփոխությունները բարձրացնում են հիվանդության զարգացման հավանականությունը։

Մի շարք հետազոտություններում հնարավոր ռիսկի գործոնների շարքում նշվում է սթրեսը, օրգանիզմում միզաթթվի մակարդակի նվազումը ու հեպատիտ B-ի դեմ պատվաստումը։

Հիմնականում հանդիպում է նահանջող- կրկնող ցրված սկլերոզը։ Դրան բնորոշ են սրացման ժամանակաշրջաններ, որոնց հաջորդում են լավացման կամ նույնիսկ ամբողջական վերականգնման ժամանակաշրջանները, իսկ ախտանշանները ժամանակի ընթացքում չեն զարգանում։ Երկրորդային պրոգրեսիվ սկլերոզի ժամանակ ախտանշանները սկսում են վատանալ։ Առաջնային պրոգրեսիվ ցրված սկլերոզի ժամանակ թեթեւ ապաքինման ժամանակաշրջանները հազվադեպ են հնարավոր։ Եւ վերջապես ամենահազվագյուտ՝ սրացումներով պրոգրեսիվ տեսակի դեպքում հիվանդության հենց սկզբից ախտանշանները անշեղորեն վատանում են, իսկ դրանց ֆոնին պարբերաբար զարգանում են ավելի վառ արտահայտված սրացումներ։

Բուժումը ենթադրում է սրացումների կանխում, պայքար նորմալ կենսակերպին խանգարող ախտանշանների դեմ, օրգանիզմի հարմարողական փոխլրացնող մեխանիզմների ուժեղացում։ Դրա համար գործածվում են կորտիկոստերոիդ դեղորայքներ, իմունոսուպրեսորներ, հակաուռուցքային դեղամիջոցներ։ Մկանային սպազմները թուլացնելու համար օգտագործում են մկանային հիպերտոնիան նվազեցնող դեղամիջոցներ։

Նոր հետազոտություններ

Հետազոտություններ, որոնք կոչված են գտնել հիվանդության դեմ պայքարի նոր միջոցներ, մշտապես իրականացվում են։

Եվ այսպես, 2017-ի դեկտեմբերի կեսերին ավելի քան հազար դեղամիջոցների կլինիկական հետազոտությունների վերլուծության հիման վրա հաջողվել է պարզել, որ ախտանշանների թեթեւացման համար կարելի է օգտագործել կլոպիրամին հակադեպրեսանտը, որը հատկապես արդյունավետ է սրացումների ժամանակ։

Իսկ դեկտեմբերի 28-ին հրապարակվել էր հոդված, որը եզրակացնում էր, որ ցրված սկլերոզի բուժման համար կարելի է օգտագործել կանացի սեռական էստրոգեն հորմոնը։ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները ուշադրություն են դարձրել, որ հղիության վերջին եռամսյակում կանանց մոտ հիվանդության սրացման հավանականությունը նվազում է 70 տոկոսով՝ հղիության մնացած ամիսների համեմատ։ Այդ ժամանակ օրգանիզմում էստրոգենների մակարդակը ավելանում է գրեթե 30 անգամ՝ ելման մակարդակի համեմատ։ Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ էստրոգենը ակտիվացնում է որոշակի սպիտակուցներ, որոնք նպաստում են վնասվածքներից ուղեղի պաշտպանությանը։

Հիմա գիտնականները մշակում են ավելի կատարյալ սինթետիկ էստրոգենանման միացություն, որը թույլ կտա հուսալիորեն պաշտպանել նյարդային բջիջները։

Նաեւ պարզվել է, որ կարեւոր դեր է կատարում տաուրինը՝ սուլֆաթթու, որը բժշկության մեջ գործածվում է սրտանոթային անբավարարության ժաանակ, նաեւ աչքի կաթիլների ձեւով՝ ցանցաթաղանթի դիստրոֆիկ ախտահարումների ժամանակ։ Կենտրոնական նյարդային համակարգում տաուրինը կատարում է արգելակող նեյրոմեդիատորի ֆունկցիա։

Գիտնականները պարզել են, որ տաուրինի գործածումը այնպիսի դեղամիջոցների հետ, որոնք արագացնում են միելինային թաղանթի ստեղծման համար պատասխանատու օլիգոդենդրոցիտների հասունացումը, նպաստում է դրանց առավել արդյունավետ առաջացմանը ու բնականաբար նյարդային բջիջների ավելի արագ վերականգնմանը։

«Տաուրինի ու բջիջների դիֆերենցացմանը նպաստող դեղամիջոցների համադրությունը զգալիորեն լավացնում է գործընթացը,- նշում են աշխատության հեղինակները,- միելինի քանակն ավելանում է»։

Ախտանշանները թեթեւացնելու ամենահեշտ միջոցը ճիշտ սննդակարգն է։ Բավականաչափ բանջարեղեն միրգ ու ամբողջական հատիկներ պարունակող սննդակարգը կարող է կանխել հիվանդության զարգացումը։

Հետազոտությանը մասնակցել է գրեթե 7 հազար մարդ՝ ցրված սկլերոզի տարբեր տեսակներով։ Ըստ սննդակարգի տեսակի՝ գիտնականները նրանց հինգ խմբի են բաժանել։ Պարզվել է, որ այն հիվանդները, որոնք առավել առողջ սննդակարգի են հետեւում, 20 տոկոսով հազվադեպ էին տառապում ծանր դեպրեսիայից, նաեւ նրանց մոտ ցածր էր հաշմանդամացման զարգացման հավանականությունը։ Այն մասնակիցների մոտ, որոնք ավելի առողջ կենսակերպ էին վարում, ընդհանուր առմամբ 30 տոկոսով հազվադեպ էր հանդիպում ուժեղ հոգնածություն, ու 40 տոկոսով հազվադեպ՝ ցավային զգացողություններ։

Սակայն հետազոտողները նման հարաբերակցության պատճառների վերաբերյալ նաեւ մեկ այլ վարկած ունեն։ Նրանք ենթադրում են, որ հիվանդների ախտանշանների ուժեղացման պատճառով նրանց ուժերը պարզապես չեն բավականացնում առողջ կենսակերպ վարելու ու ճիշտ սննդակարգ պահպանելու համար։

Տարածվածություն

Այս հիվանդությունը բնորոշ է ցուրտ կլիմայով երկրներին։ Ըստ ցրված սկլերոզի տարածվածության՝ ընդունված է առանձնացնել երեք գոտիներ։ Տարածման ամենաբարձր մակարդակը, 100 հազար բնակչությանը ավելի քան 50 դեպք հարաբերակցությամբ, գրանցվում է Եվրոպայի հյուսիսային ու կենտրոնական մասերում, ԱՄՆ հյուսիսային շրջաններում, Կանադայի ու Ավստրալիայի հարավում, Նոր Զելանդիայում։ Միջին (10-50 դեպք՝ 100 հազար բնակչությանը)՝ հարավային Եվրոպայում, ԱՄՆ հարավում ու Ավստրալիայի հյուսիսում։ Իսկ տարածման ամենացածր մակարդակը (մինչեւ 10 դեպք 100 հազար բնակչությանը), Հարավային ԱՄերիկայում, Ասիայում, Աֆրիկայում ու Օկեանիայում է։

Կանայք սկլերոզից ավելի հաճախ են տառապում, քան տղամարդիկ։ Բացի դրանից սովորաբար այս հիվանդության զոհերն են դառնում եվրոպեոիդ ռասայի ներկայացուցիչները՝ Կորեայում, Չինաստանում, Ճապոնիայում 100 հազար բնակչությանը ընդամենը 2-6 դեպք է բաժին ընկնում։ ԱՄՆ-ում սեւամորթների շրջանում հիվանդությունը նվազ տարածված է, քան սպիտակամորթների շրջանում, բայց ավելի շատ է տարածված, քան Աֆրիկայի բնիկների շրջանում։ Խոշոր արդյունաբերական քաղաքներում ու տարածաշրջաններում հիվանդացության մակարդակն ավելի բարձր է։ Ռուսաստանում ցրված սկլերոզով շուրջ 150 հազար հիվանդ կա, իսկ աշխարհում՝ մոտ 2 մլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել