• Latest news

«Ես ծնվել եմ հունվարի 6–ին, եւ վերածնվել մարտի 8–ին». Նամակ Wigmore հիվանդանոցին՝ արցախցի փոքրիկից

26 ապրիլի, 2023  19:05

«Ես ծնվել եմ հունվարի 6–ին, եւ վերածնվել մարտի 8–ին։ Այս տողերով է սկսվում Արցախցի փոքրիկ տղայի շնորհակալական նամակը, որը նրա անունից Ուիգմոր մանկական հիվանդանոցի բուժանձնակազմին են ուղարկել երեխայի ծնողները։ Նամակում փոքրիկը նաեւ բժիշկների ներողամտությունն  է հայցում մարտի 8–ի տոնական օրը նրանց անքուն գիշեր պարգեւելու համար։

Անքուն գիշեր, որի շնորհիվ բժիշկները կարողացան բեկում մտցնել երեխայի վատթարացող առողջական վիճակի մեջ։ 

Մեկ տարեկան երկու ամսական փոքրիկը ծանր վիճակում Արցախից տեղափոխվել էր Երեւան։

Շրջափակված Արցախից մեզ հետ դժվարությամբ կապի դուրս եկած երեխայի մայրը՝ Սուսաննան պատմում է, որ խնդիրները փոքրիկի մոտ սկսվել են փետրվարին՝ նա պարբերաբար ունեցել է բարձր ջերմություն եւ թուլություն։ Ճարտարից ընտանիքը մեկնել է Ստեփանակերտ, «Արեւիկ» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները երեխայի մոտ լեյկոզ են կասկածել։

«Եվ դիմեցին ռուս խաղապահներին, եւ հենց նրանց միջոցով էլ հասանք Գորիսի հիվանդանոց։ Այնտեղից էլ շտապօգնության մեքենայով հասանք արյունաբանական հիվանդանոց։ Այնտեղ հետազոտվելու արդյունքում լեյկոզը հերքվել է։ Երեխան ծանր վիճակում, բարձր ջերմությամբ տեղափոխվեց Ուիգմոր հիվանդանոց», – հիշում է մայրը։

Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ–վարակաբան Թեհմինե Ղալեչյանը պատմում է՝ երեխայի նախնական զննումից պարզ էր, որ առկա է ընդերային լեյշմանիոզի արտահայտված կլինիկական պատկեր։ Թեեւ Արցախում այդ ախտորոշումը երկու անգամ հերքվել էր, բժշկուհին պնդեց, որ պետք է կրկին լաբորատոր հետազոտություն անցկացնել։ Փորձառու բժիշկն իրավացի էր. երեխայի մոտ լեյշմանիոզ ախտորոշվեց։

Ընդերային լեյշմանիոզը տրոպիկական մակաբուծային հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիներից հատուկ խմբի մոծակների միջոցով։ Հայաստանի եւ Արցախի համար այն էնդեմիկ հիվանդություն է։ Վաղ շրջանում այս հիվանդությունը դժվար է ախտորոշվում՝ ոչ սպեցիֆիկ սիմպտոմների պատճառով՝ ջերմության պարբերական բարձրացում, թուլություն, որոնք որպես կանոն շփոթում են  կրկնվող սովորական վարակների հետ։ Ախտորոշումը բարդացնում է նաեւ այն, որ լեյշմանիոզի ոչ մի ախտորոշիչ թեստ չունի 100 տոկոսանոց զգայունություն, եւ կարող են լինել կեղծ բացասական պատասխաններ, ինչը եւ տեղի էր ունեցել արցախցի փոքրիկի դեպքում։

«Կարծես թե ամենահավանական ախտորոշումը, որը կարող էր բացատրել այդ ծանր ընթացքը, թվում էր որ հերքված է, բայց այստեղ մեզ օգնության եկավ կլինիկայի թիմի աշխատանքը, երբ ամբողջ թիմը հավաքվեց, եւ քննարկեց, որ ինչքան էլ այդ բարձր զգայունությամբ թեստերը բացասական են, բայց միեւնույն է այդ ամբողջ կլինիկան ամենահավանական բացատրող վիճակը դա միեւնույն է լեյշմանիոզն է մնում, եւ այդ մի քանի թեստով չպետք է բավարարվել», – ասում է Թեհմինե Ղալեչյանը։

Փոքրիկը Ուիգմոր հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8–ին, եւ չնայած ոչ աշխատանքային օր էր, կլինիկայում մոբիլիզացրին ոչ միայն սեփական ուժերը, այլեւ այլ բուժկենտրոնների գործընկերներին՝ ախտորոշումը վերջնականապես հստակեցնելու եւ անհրաժեշտ դեղորայքը երեխային հասցնելու համար։

«Անմիջապես մոբիլիզացվեցին նաեւ մյուս կլինիկաները հանձինս ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի եւ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի եւ բոլորի միահամուռ ուժերով կարողացանք շատ արագ, նույնիսկ ժամերի ընթացքում... Որ ռետրոգրադ հայացք ես նետում, մտածում ես, բայց ինչպես կարողացանք այդպես արագ այդ ամենը կազմակերպել, եւ շատ արագ, իմանալով, որ ժամերը նույնիսկ կարեւոր են, կարողացանք ունենալ ախտորոշումը եւ բացի ախտորոշումը բավական դժվար ճարվող դեղորայքը նաեւ բոլոր կլինիկաների միասին աշխատելու արդյունքում կարողացանք շատ արագ ձեռք բերել», – ասում է բժիշկը։

Ուիգմոր մանկական հիվանդանոցի մանկական ռեանիմատոլոգ Լուսինե Մուրադյանը պատմում է՝  երեխան Ուիգմոր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք ընդունվեց բավական ծանր վիճակում՝  պահպանված գիտակցությամբ, բայց քնկոտ, թույլ, հիպոդինամիկ, դանդաղ էր արձագանքում արտաքին ազդակներին։

«Երեխայի մոտ առկա էր պանցիտոպենիա, ինչը նշանակում է որ ոսկրածուծում ձեւավոր տարրերի սինթեզը, այսինքն արտադրումը բոլոր երեք օղակների՝ եւ լեյկոցիտներ, եւ տրոմբոցիտներ եւ էրիտրոցիտներ, կապված իր ինֆեկցիոն պրոցեսի հետ ընկճվում են։ Եվ այս պարագայում մենք ունենում ենք շատ ցածր թվով լեյկոցիտներ, ամենացածր թիվը, որ  մենք ունեցել ենք երեխայի մոտ, 900 000 է եղել, որը որ չափից ավելի ցածր է։

Ունեցել ենք սակավարույունություն՝ անեմիա մինչեւ 70գրամ լիտր, որի կապակցությամբ էլ կատարվել է էրիտրոցիտար զանգվածի փոխներարկում, ինչպես նաեւ հաշվի առնելով արտահայտված լեյկոպենիան՝ այսինքն, լեյկոցիտների ցածր քանակը արյան մեջ, կատարվել է ներերակային իմունոգլոբուլին։

Երեխան ունեցել է նաեւ արտահայտված արյան մակարդելիության խնդիրներ բավականին երկար ժամանակ, եւ բուժումներից հետո հնարավոր է եղել մակարդելիության գործոնները բերել համապատասխան մակարդակի», – պատմում է ռեանիմատոլոգը։

Բուժումն ամբողջությամբ իրականացվել է պետպատվերով։ 9 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո հիվանդության ծանր փուլը հաղթահարած երեխան տեղափոխվել է մանկաբուժական բաժանմունք։ Ի դեպ, Ուիգմոր հիվանդանոցը միակն է Հայաստանում, որտեղ երեխաները վերակենդանացման բաժանմունքում մնում են իրենց մայրիկների հետ, առանձին պալատներում, ինչը, ըստ բժիշկների, նվազեցնում է սթրեսը երեխաների մոտ։ Հիվանդանոցում կարեւորում են նաեւ ծնողներին ավելորդ սթրեսից զերծ պահելը։ Նման մոտեցում են ցուցաբերել նաեւ արցախցի փոքրիկի հարազատների դեպքում։

«Եվ որն է այս դեպքի այդպես ուշագրավ դարձնողը։ Այն, որ հիվանդի հարազատները, ծնողները, իրենք չեն զգացել այդ ամենը, թե կլինիկան ինչ դժվարությունով անցավ, ախտորոշումն ինչ բազմաթիվ օղակներ էր պահանջում, ովքեր միավորվեցին։ Եվ պարզապես ծնողը գիտեր, որ գտնվում է կլինիկայում, որտեղ կարող է վստահ լինել, որ ամեն ինչ արվում է այնպես արագ, որից արագ այլեւս հնարավոր չէ անել, եւ ուղղակի հանգիստ սպասում էր, թե ինչ են իրեն ասելու եւ ամենաարագ տեմպով ունենում  է եւ ախտորոշում եւ բուժում, եւ ուզում եմ, որ միշտ բոլոր ծանր դեպքերը այդպես ընթանան, որ հիվանդը ուղղակի չպատկերացնի, թե այն բուժհաստատությունը, որտեղ ինքը գտնվում է, ինչպես է հասնում իրեն ախտորոշմանը, բուժմանը, եւ ինքը այդ ամենի մասը չկազմի», – ասում է Թեհմինե Ղալեչյանը։

Փոքրիկն այժմ արդեն տանն է, հարազատ Ճարտարում։ Երեխայի վիճակը լավ է, ասում է մայրը, սպասում են հերթական հետազոտության արդյունքներին։ Փոքրիկն էլ իր անունից գրված նամակում խոստանում է՝ երբ մեծանա, իրեն անպայման կպատմեն իր կյանքը փրկած բժիշկների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել