• Latest news

Նեյրոնների խումբը «փորձանոթում» սովորել է համակարգչային խաղ խաղալ

13 հոկտեմբերի, 2022  19:09

Մոնաշի համալսարանի ավստրիացի կենսաբանները հարյուր հազարավոր նեյրոններ կապել են համակարգչի հետ եւ ստիպել նրանց սովորել համակարգված գործողություններ կատարել։ Նման «պրոտոուղեղը» հեշտությամբ յուրացրել է Pong համակարգչային խաղը, երբ պահանջվում է գնդակը հետ մղել վիրտուալ ձեռնաթիակով։ Փորձը նկարագրվել է Neuron ամսագրում հրապարակված հոդվածում։

Բրեթ Կագանը (Brett Kagan) եւ նրա գործընկերները ստացել են կենսաբանական նեյրոնային ցանցեր «փորձանոթում»՝ օգտագործելով կրծողների եւ մարդու ցողունային բջիջները։ Մոտ 800 հազար բջիջներից կազմված համակարգն աճեցրել են միկրոէլեկտրոդների զանգվածի վրա, որն ապահովել է ազդանշանների փոխանակումը համակարգչի հետ. գիտնականներն այն անվանել են DishBrain՝ «ուղեղ փորձանոթում»։ Իսկ Pong համակարգչային խաղը սեղանի թենիսի պարզ երկչափ անալոգն է, որի համար պահանջվում է հետ մղել գնդակը վիրտուալ ձեռնաթիակով։ Այն որպես թեստ է ծառայել DishBrain-ի հարմարվելու եւ սենսորային ինֆորմացիան մշակելու կարողությունը, այլ կերպ ասած՝ սովորելու ունակությունը ստուգելու համար։

Կարեւոր էր հակադարձ կապը, որը նեյրոններն ստանում էին էլեկտրական ազդանշանների ձեւով, որոնք գեներացվում էին հատուկ ստեղծված SpikeStream ծրագրով։ Այն թույլ էր տալիս կոդավորել խաղագնդակի շարժումները. էլեկտրական  խթանումը DishBrain-ի այս կամ այն հատվածում նշում էր գնդակի դիրքը տարածությունում, իսկ դրա հաճախականությունը՝ մինչեւ այն ընկած հեռավորությունը։ Կոդավորվում էր նաեւ ելման ազդանշանը. նեյրոնների ակտիվության տեղայնացումը համապատասխանում էր ձեռնաթիակի շարժման ուղղությանը, իսկ հաճախականությունը՝ նրա արագությանը։

DishBrain-ը շատ ավելի պարզ է անգամ ամենապարզունակ ուղեղից, դրանում չկա դոֆամինային կան այլ համակարգ։ Ուստի նման դեր է խաղացել ազատ էներգիայի սկզբունքը, որի համաձայն՝ կենդանի համակարգերը ձգտում են էնտրոպիայի նվազման, իրենց շրջապատի անորոշության։ «Բջիջներին կցվում է անկանխատեսելի խթան, եւ համակարգը, որպես մեկ ամբողջություն, վերակազմակերպում է իր ակտիվությունն այնպես, որպեսզի ավելի լավ խաղա եւ նվազագույնի հասցնի պատահականությունը»,- նշել է Բրեթ Կագանը։- Կարելի է ասել՝ հետ մղելով գնդակը եւ կանխատեսելի պատասխան ստանալով՝ այն ստեղծում է իր համար ավելի կանխատեսելի շրջապատ»։

Եթե DishBrain-ը սխալվում էր խաղում, ապա ի պատասխան ստանում էր քաոսային էլեկտրական ազդանշաններ՝ մի քանի վայրկյան տեւողությամբ։ Իսկ եթե նեյրոնները հետ էին մղում վիրտուալ գնդակը, ապա ի պատասխան ստանում էին կարճ եւ կանխատեսելի ազդանշան։ Եվ նման մոտեցումն աշխատել է. պարզվել է, որ տառացիորեն հինգ րոպեում համակարգը սովորել է համակարգել առանձին բջիջների ակտիվությունը՝ հարմարվելով եւ հաջողությամբ սովորելով խաղալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել