• Latest news

Ինչպե՞ս ճանաչել ռևմատոիդ արթրիտը. պարզաբանում է բժիշկը

24 փետրվարի, 2024  19:06

Ռևմատոիդ արթրիտ ունի աշխարհի բնակչության 0,3 տոկոսը։ Թեև հստակ տվյալներ չկան, թե մեր երկրում հասարակության քանի տոկոսի մոտ է ախտորոշվել այդ հիվանդությունը, այդուհանդերձ, այն համարվում է հաճախ հանդիպող։  Ռևմատալոգիական այս հիվանդության առաջացման պատճառն իմունային համակարգի խնդիրներն են։ Տարիքային շեմը՝ բավական լայն։ Այն կարող է ի հայտ գալ վաղ մանկական տարիքից՝ մինչև 80-ն անց մարդկանց մոտ։

«Ռևմատոիդ արթրիտի ժամանակ առաջին բանը, որ մարդուն անհանգստացնում է և տանում է բժշկի՝ դա հոդի այտուցվածությունն է, ցավը շարժումների ժամանակ և առավոտյան կարկամվածությունը։ Մարդն արթնանում է առավոտյան, հասկանալով, որ դասակի մեջ չունի բավականաչափ ուժ, որպեսզի դաստակը, օրինակ, բռունցք անի։ Շատ ժամանակ չի կարողանում արմունկը բացել ամբողջությամբ՝ 180 աստիճանի և մնում է կիսատ։ Կարող է արթնանալ և տեսնել ծնկներում կա դժվարություն շարժվելու», – ասում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյանը։

Խոսքը շարժումների սահմանափակվածության մասին է։ Հոդը կամ չի շարժվում, կամ շարժվում է սահմանափակ։ Եթե կարկամվածությունը պահպանվում է կես ժամից ավելի, ապա արժե մտածել ռևմատոիդ արթրիտի մասին և դիմել բժշկի։

Ըստ բժշկի՝  այդ կարկամվածության պահը խիստ կարևոր է մեր համար՝ որպես թե տարբերակիչ ախտանիշ և թե կարևոր ինֆորմացիա մեր համար։

Հիվանդության ժամանակ ախտահարվում ու այտուցվում են հոդերը։ Որպես կանոն կարմրածություն չի լինում։ Հիվանդը կարող է ունենալ փոքր ջերմություն՝ 37,2-ից մինչև 37,4։ Մարմնի բարձր ջերմաստիճանն այս հիվանդությանը բնորոշ չէ։ Ռևմատոիդ արթրիտն ունի իր սիրած հոդերը, որոնք ախտահարում է։ Բայց կան հոդեր, որոնք որ երբեք չեն ախտահարվում։ Դրանք համարվում են բացառման հոդեր։

«Դիստալ միջֆալանգային հոդերում ախտահարում նկատելիս՝ ռևմատոլոգները միանգամից բացառում են ռևմատոիդ արթրիտը։ Իր սիրած հոդերն են ճաճանչ-դասակային հոդերը, նախադաստակ ֆալանգային հոդերը, պրոքսիմալ միջֆալանգային հոդերը, արմնկային հոդերը,  ծնկան հոդերը, սրունքթաթային հոդերը։ Ուսային հոդերն ու կոնքազդրային հոդերը ևս, բայց կոնքազդրային հոդերը, մասնավորապես, ավելի քիչ։ Այն հոդերը, որոնք չեն ախտահարվում ռևմատոիդ արթրիտի ժամանակ՝ դիստալ միջֆալանքային հոդերը՝ այ էս ամենավերջին հոդերը», – նշում է Մուկուչյանը։

Եթե նույնիսկ հոդերի այտուցն առանց բուժման նահանջում է, միևնույնն է՝ կրկնվելու հավանականությունը մեծ է, իսկ բարդություններն՝ անխուսափելի։ Կարող է նույնիսկ հաշմանդամության հասցնել։ Դրա համար շատ կարևոր է վաղ շրջանում ռևմատոլոգի հետ հանդիպումը։ Նաիրի բժշկական կենտրոնի Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության ղեկավարը շեշտում է՝ հիվանդության ախտորոշումն ու բուժումը բարդ չէ։ Ռևմատոլոգն ախտորոշումն անում է՝ բուժառույի հետ հանդիպելով։ Գործիքային հետազոտություններն այս դեպքում երկրորդական են։

«Կան դեպքեր, որ մարդը սկսում է պատմել, մի քանի նախադասությունից արդեն դիագնոզ կա։ Կան դեպքեր, որ պահանջում են օրեր, լաբորատոր քննություն, ևս մեկ անալիզ, սոնոգրաֆիա, ռենտգեն, հետևաբար՝ կանոնն այն է, որ լսել բուժառուին, տեսնել իր ուռած, այտուցված հոդերը, կատարել լաբորատոր քննությունները և ունենալ ախտորոշում։ Որպես կանոն մեծ բարդություն իրենից չի ներկայացնում», – ասում է բժիշկը։

Վերջին տարիներին պակասել են ռևմատոիդ արթրիտի ինքնաբուժության ու բարդացած վիճակում բժշկին դիմելու դեպքերը։ Վահան Մուկուչյանի կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում ռևմատոլոգիների թիվն ավելացել է։ Մասնագետն ուշադրություն է հրավիրում հիվադության ու դրա բուժման վերաբերյալ տարածված միֆերի վրա։

«Մտածում են, որ դե անբուժելի հիվանդություն է, դե ինչ իմաստ կա գնալ բժշկի, դե դեղորայքը թանկարժեք են, հորմոններ են, մեզ վնասում են, կուզեմ այդ կարծրատիպը կոտրվի, որովհետև ոչ միշտ է, որ հորմոններ են։ Եթե հորմոններ կան, ապա դա սկզբից է ու քիչ քանակությամբ, հետո ձգտում ենք դուրս գա մարդը հորմոնների կիրառությունից», – պարզաբանում է ռևմատոլոգը։

Վահան Մուկուչյանը շեշտում է՝ նորագույն դեղորայքը, որն ավելի լավ արդյունք է ապահովում, այժմ ավելի մատչելի է, քան նախկինում, հասանելի է միջին եկամուտ ունեցող մարդուն։ Վաղ ախտորոշման և բուժման դեպքում հիվանդությունը լրացուցիչ բարդություններ չի առաջացնում։

«Շաբաթական երկու երեք դեղ ընդունելով մարդը կարող է ամբողջ կյանքն ապրել առանց խնդրի։ Հետևաբար չարժե այդ հնարավորությունը բաց թողել և թողել հիվանդությունը բարդանա, անդառնալի փոփոխությունների ենթարկի մեր հոդերը և մենք նոր սկսենք դրա բարդրություններով զբաղվել, որովհետև բնականաբար բարդացած հիվանդություն բուժելը  շատ ավելի դժվար է», – ասում է նա։

Գանգատներ ունեցող պացիենտները կարող են դիմել Նաիրի բժշկական կենտրոնի Ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայության մասնագետներին։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է