• Latest news

Դիաբետիկ ռետինոպաթիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս է բուժվում

6 մարտի, 2024  14:30

Շաքարային դիաբետն էնդոկրին հիվանդություն է, որն այսօր տարածված է ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում։ Այն ախտահարում է ոչ միայն սրտանոթային համակարգը, այլև բազմաթիվ այլ օրգաններ, այդ թվում՝ աչքերը։

Տեսողության ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ շաքարային դիաբետի պատճառով: Ի՞նչ ախտանիշներով կարելի է հասկանալ, որ հիվանդությունն սկսել է ազդել տեսողության վրա: Հնարավո՞ր է բուժել աչքի հիվանդությունները, որոնք առաջանում են շաքարախտի պատճառով: Այս ամենի մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբույժ Սոֆյա Կասյանը։

Շաքարախտ և աչքեր. ի՞նչ է պետք իմանալ

Շաքարային դիաբետը, ըստ մասնագետի, այս կամ այն ​​չափով ախտահարում է աչքի բոլոր կառուցվածքները։ Հիվանդությունը հանգեցնում է օրգանիզմում նյութափոխանակության խաթարմանը, թուլացնում է իմունային համակարգը, ինչի արդյունքում հիվանդի աչքերն ավելի խոցելի են դառնում վարակների նկատմամբ։

«Շաքարային դիաբետ ունեցողների մոտ հաճախ բորբոքային այնպիսի հիվանդություններ են լինում, ինչպիսիք են կոնյուկտիվիտը, բլեֆարիտը, ակնագարիկը, խալազիոնը»,- նշեց ակնաբույժը։

ARS_6906.JPG (98 KB)

Կատարակտը կամ ոսպնյակի մթագնումը ևս մեկ խնդիր է, որին հաճախ բախվում են շաքարային դիաբետով հիվանդները, հատկապես նրանք, ովքեր վատ են վերահսկվում: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մշտական ​​տատանումները և նյութափոխանակության խանգարումները վատթարացնում են ոսպնյակի սնուցումը, և ժամանակի ընթացքում այն ​​սկսում է ավելի վատ կատարել իր գործառույթները և մթագնել: Մասնագետի խոսքով՝ կատարակտն այսօր շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է առաջանալ և՛ 50 տարեկանում, և՛ նույնիսկ 40 տարեկանում։

Դիաբետի հետևանքով աչքի հետ կապված ամենալուրջ բարդություններից մեկը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել կուրության:

Դիաբետիկ ռետինոպաթիա․ ի՞նչ է դա

Ինչպես պարզաբանեց Սոֆյա Կասյանը, արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին արյունատար անոթների, հատկապես ցանցաթաղանթի փոքր անոթների վիճակի վրա։ Այս անոթների պատերի կառուցվածքը փոխվում է, դրանք դառնում են ավելի թափանցելի, ինչը թույլ է տալիս, որպեսզի հեղուկ թափանցի ցանցաթաղանթի մեջ։

ARS_6897.JPG (93 KB)

Դիաբետիկ ռետինոպաթիայի սկզբնական փուլը, ինչպես նշեց մասնագետը, կոչվում է ոչ պրոլիֆերատիվ։

«Անոթի պատերը դառնում են փխրուն և թափանցելի։ Սա դրսևորվում է կետային արյունազեղումների, զարկերակների տեղային պարկանման (սակուլյար) լայնացումների և միկրոանևրիզմների ձևավորմամբ։ Թափանցելի անոթների միջոցով արյան հեղուկ մասը մտնում է ցանցաթաղանթ, ինչը հանգեցնում է ցանցաթաղանթի այտուցի, իսկ երբ գործընթացում ներգրավվում է ցանցաթաղանթի կենտրոնական մասը՝ մակուլան, տեսողությունը նվազում է»,- պարզաբանեց ակնաբույժը։

Դիաբետիկ ռետինոպաթիայի հաջորդ փուլը կոչվում է պրոլիֆերատիվ․ ցանցաթաղանթում արյան շրջանառության խանգարումը հանգեցնում է դրա իշեմիայի (թթվածնային քաղցի): Ի պատասխան՝ օրգանիզմը փորձում է նոր արյունատար անոթներ ստեղծել՝ ցանցաթաղանթում թթվածնի բավարար մակարդակը պահպանելու համար։ Այս գործընթացը կոչվում է նեովասկուլյարիզացիա: Այնուամենայնիվ, նոր ձևավորված այս անոթները կատարյալ չեն և արյունահոսության աղբյուր են դառնում, ինչը հիվանդի մոտ առաջացնում է լողացող պղտորումներ՝ տեսողության սրության նվազման հետ մեկտեղ:

Դիաբետիկ ռետինոպաթիայի վերջին փուլերում նոր ձևավորված անոթների և սպիացած հյուսվածքի շարունակական աճը կարող է հանգեցնել ցանցաթաղանթի և գլաուկոմայի տրակցիոն շերտազատման և, որպես հետևանք, տեսողության կորստի:

Ախտանիշներ. ինչպե՞ս է դրսևորվում դիաբետիկ ռետինոպաթիան

Հիմնական խնդիրն այն է, որ հիվանդության սկզբնական փուլում հիվանդները, որպես կանոն, որևէ գանգատ կամ ախտանիշ չեն ունենում։ Նրանք կարծում են, որ չնայած արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակին, իրենց մոտ ամեն ինչ կարգին է։

ARS_6845.JPG (119 KB)

Գանգատներն սկսում են ի հայտ գալ հիվանդության զարգացմանը զուգահեռ: Դրանք կարող են ներառել լողացող պղտորումները, աչքերի առաջ սևանալը, տեսողության պարբերական մթագնումը, որը կարող է կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի տատանումների, պատկերների և գծերի աղճատումը, ինչպես նաև տեսողության աստիճանական կամ հանկարծակի վատթարացումը:

«Հիվանդն ինքը երկար ժամանակ չի էլ գիտակցի, որ իր տեսողությունը վտանգված է։ Ուստի շատ կարևոր է, որ շաքարային դիաբետի ախտորոշումից հետո հիվանդը հնարավորինս շուտ հետազոտվի ակնաբույժի մոտ: Եթե ​​նախնական հետազոտության ժամանակ աչքում դիաբետիկ փոփոխություններ չեն հայտնաբերվում, ապա հետագա հետազոտությունները կատարվում են առնվազն տարին մեկ անգամ»,- նշեց բժիշկ Կասյանը։

Կանխարգելում. հնարավո՞ր է խուսափել ռետինոպաթիայի զարգացումից նույնիսկ եթե առկա է շաքարախտ

Շաքարային դիաբետ ունենալը չի ​​նշանակում, որ հիվանդի մոտ անպայման կզարգանա դիաբետիկ ռետինոպաթիա: Արյան մեջ գլյուկոզայի նորմալ մակարդակի պահպանումը զգալիորեն կնվազեցնի այս հիվանդության առաջացման ռիսկը:

ARS_6855.JPG (118 KB)

«Իդեալական տարբերակում գլյուկոզայի կոնցենտրացիան պետք է լինի 6 մլ-ից ցածր մեկ լիտրում: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ շատերի համար այս մակարդակին հասնելն անհնար է: Այդ դեպքում շաքարի մակարդակը պետք է հնարավորինս ցածր պահել, կտրուկ տատանումներ թույլ չտալ։ Սա կարևոր է, քանի որ գլյուկոզայի մակարդակի կտրուկ փոփոխությունները շատ ավելի մեծ վնաս են հասցնում աչքերին, քան դրա փոքր աճը»,- ասաց մասնագետը։

Ռետինոպաթիայի կանխարգելման համար խորհուրդ է տրվում նաև վերահսկել արյան ճնշման մակարդակը և այն պահպանել նորմալ սահմաններում: Մասնագետը նաև խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ անալիզներ հանձնել պլազմայի աթերոգեն ինդեքսը գնահատելու համար և անհրաժեշտության դեպքում սկսել դեղորայքի միջոցով դրա կարգավորումը։

Կարևոր է նաև հավասարակշռված սննդակարգ ունենալ և վերահսկել սպառվող ածխաջրերի քանակը, ժամանակին ստանալ ինսուլին կամ ընդունել գլյուկոզայի մակարդակն իջեցնող հաբերը: Ի լրումն այս ամենի, խորհուրդ է տրվում չանտեսել չափավոր ֆիզիկական ակտիվությունը և հրաժարվել ալկոհոլից ու ծխելուց։

«Պարտադիր կանխարգելիչ միջոցառումները ներառում են էնդոկրինոլոգի մոտ կանոնավոր զննություններ և հետազոտություններ անցնելը և առնվազն տարին մեկ անգամ ակնաբույժին այցելելը։ Եթե ​​աչքում արդեն փոփոխություններ կան, ակնաբույժը կասի, թե որքան հաճախ է պետք գալ հետազոտության»,- նշեց մասնագետը։

Բուժում. ի՞նչ կարելի է անել, եթե արդեն զարգացել է ռետինոպաթիան

Դիաբետիկ ռետինոպաթիայի բուժումը, ինչպես նշեց մասնագետը, պահանջում է բազմամասնագիտական ​​մոտեցում․ այս գործընթացում պետք է ներգրավված լինեն ոչ միայն ակնաբույժները, այլ նաև էնդոկրինոլոգները։

ARS_6910.JPG (845 KB)

Բուժման մոտեցումները կախված կլինեն ախտորոշման արդյունքներից և հիվանդության փուլից: Որպես կանոն, հիվանդության զարգացման վաղ փուլերում սկսում են այնպիսի դեղամիջոցներով, ինչպիսիք են անգիոպրոտեկտորները, հակակոագուլանտները կամ միկրոշրջանառությունը բարելավելու համար նախատեսված միջոցները:

Այսօր դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման ոսկե ստանդարտ է համարվում ժամանակին արված լազերային կոագուլյացիան։

«Լազերային կոագուլյացիան ցանցաթաղանթի մակերեսին այրվածքների, տարբեր չափերի և քանակի կոագուլանտների կիրառումն է։ Գոյություն ունի լազերային կոագուլյացիայի երեք հիմնական մեթոդ, որոնք կիրառվում են դիաբետիկ վնասվածքների բուժման համար: Պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի բուժման համար առաջինը պանռետինալ լազերային կոագուլյացիան է, որը ներառում է կոագուլատների կիրառում ցանցաթաղանթի գրեթե ողջ տարածքում՝ բացառելով մակուլյար հատվածը։ Այս հատվածների վրա լազերային ազդեցությունը հանգեցնում է ցանցաթաղանթի հիպոքսիայի նվազմանը և նոր ձևավորված պաթոլոգիկ անոթների աճի նվազմանը»,- պարզաբանեց ակնաբույժը։

ARS_6889.JPG (1000 KB)

Նրա խոսքով՝ մակուլյար այտուցը բուժելու համար օգտագործվում է ֆոկալ լազերային կոագուլյացիա, եթե առկա է անոթային տեղային թափանցելիություն: Ցրված մակուլյար այտուցի դեպքում օգտագործվում է ցանցային տիպի լազերային կոագուլյացիա․ այն իրականացվում է ամբողջ մակուլյար տարածքում։

Մակուլյար այտուցի բուժման մեկ այլ մեթոդ ներառում է նորագոյացած անոթների ինհիբիտորներ, այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «Լուսենտիս»-ը, «Էյլեա»-ն և կորտիկոստերոիդները: Այս դեղերը ներարկվում են ապակենման մարմին վիրահատարանում տեղային անզգայացման պայմաններում։

Դիաբետիկ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի դեպքում կարող է իրականացվել նաև վիրաբուժական բուժում՝ վիտրեկտոմիա, որի նպատակն է ցանցաթաղանթի մակերևույթից հեռացնել փոփոխված ապակենման մարմինը և սպիացած հյուսվածքը՝ դրա լարվածությունը և շերտազատումը վերացնելու համար։ Վիտրեկտոմիան կատարվում է կրկնվող հեմոֆթալմոսի դեպքում՝ տեսողության սրության զգալի նվազմամբ, ֆիբրոանոթային արտահայտված պրոլիֆերացիայով և ցանցաթաղանթի տրակցիոն շերտազատմամբ։

«Դիաբետիկ ռետինոպաթիան վտանգավոր հիվանդություն է, սակայն հիվանդի վիճակի պատշաճ մշտադիտարկման և կանխարգելման կանոնների պահպանման դեպքում հնարավոր է խուսափել լուրջ հետևանքներից։ Ժամանակին ախտորոշումը և բուժումը կարող են օգնել պահպանել տեսողությունը և կյանքի նորմալ որակը: Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել աչքի բարդությունների ռիսկը՝ պարզապես պարբերաբար այցելելով ակնաբույժի: Բարդությունների մեծ մասը շատ ավելի հաջող է բուժվում, եթե հայտնաբերվում են վաղ փուլերում»,- նշեց բժիշկ Կասյանը:

ARS_6849.JPG (893 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է