• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. ուղեղի կաթված

27 հոկտեմբերի, 2016  13:15

Որոշ հիվանդությունների մասին դուք հավանաբար կյանքում երբեւէ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել ամեն ոք, եւ չի կարելի անտեղյակ լինել դրանց մասին: NEWS.am Medicine-ի նոր խորագրի ներքո մենք ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին հարկ է, որ իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում կազմի, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից եւ ինչ պետք է անել, եթե դուք այնուամենայնիվ հիվանացել եք:

Այսօրվա թեման կաթվածն է: Ավելին իմանալ այս հիվանդության մասին NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյանը:

Կաթված

Կաթվածը գլխուղեղի հյուսվածքի վնասվածքն է, որն առաջանում է ուղեղը սնուցող մեկ կամ մի քանի անոթների պատռվելու կամ խցանվելու հետեւանքով: Կա կաթվածի մի քանի տարատեսակ, եւ դրանք բոլորն էլ հավասարապես վտանգավոր են, ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում կարող են հարուցել մահ կամ ծանր հաշմանդամություն:

Կաթվածի տեսակները

Մասնագետները զանազանում են կաթվածի երկու հիմնական տեսակ` հեմորագիկ եւ իշեմիկ:

Հեմորագիկ կաթվածի ժամանակ տեղի է ունենում ուղեղի արյունազեղում, որի հետեւանքով արյունը մասամբ խեղում, մասամբ ճնշում է շրջակա նյարդային հյուսվածքը եւ առաջացնում է ուղեղի այտուց եւ խաթարում:

Իշեմիկ կաթվածի ժամանակ ուղեղը սնուցող անոթը խցանվում է թրոմբով, որը պոկվում է այլ անոթներից եւ թափանցում ուղեղ կամ էլ գոյանում է հենց ուղեղի անոթում: Թրոմբի պատճառով ուղեղի արյան մատակարարումը խանգարվում է, իսկ ուղեղի շրջակա հյուսվածքը սկսում է մահանալ:

Տարածվածությունը

Հայաստանում այժմ չկա կաթվածի տարածվածության վիճակագրություն, իսկ աշխարհում ամեն օր 450.000 մարդ ստանում է կաթված. փաստացի դա մի մեծ քաղաքի բնակչություն է: Ըստ միջազգային վիճակագրության, կաթվածով հիվանդների շուրջ 80%-ը մահանում է կամ դառնում է հաշմանդամ, եւ միայն 10–20%-ն է լիովին ապաքինվում, բայց նրանցից կեսին հաջորդող 5 տարիներին սպառնում է երկրորդ կաթվածը: Ներկայումս կաթվածը համարվում է չափահաս բնակչության առողջության հիմնական խնդիրներից մեկը, եւ մահվան պատճառների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը զարգացած երկրներում:

Ռիսկի գործոնները

Կաթվածի ռիսկի գործոնները, ինչպես նշեց Նունե Եղիազարյանը, կարելի է բաժանել երկու խմբի. նրանք, որոնց վրա մարդը կարող է ազդել, եւ նրանք, որոնց դեմ մարդն անզոր է: Տարիք, սեռ, գենետիկա. այս գործոնների վրա մարդը ոչ մի կերպ չի կարող ազդել: Տարիքի հետ կաթվածի վտանգը մեծանում է եւ ամեն հաջորդող տասնամյակում կրկնապատկվում է նախորդի համեմատ: Տարեց մարդկանց մոտ (60 տարեկան եւ ավելի) կաթված պատահում է 17 անգամ ավելի հաճախ, քան մինչեւ 45 տարեկան հասակում: Բացի այդ, հայտնի է, որ կանանց մոտ կաթվածներ սովորաբար զարգանում են 10-20 տարի ավելի ուշ, քան տղամարդկանց մոտ:

Ժառանգական հակվածությունը եւս կարող է իր դերը խաղալ, եւ այն ճնշել ժամանակակից գիտությունը դեռեւս անզոր է: Սակայն մարդը կարող է վերահսկել այնպիսի գործոններ, ինչպիսիք են` դիաբետը, ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սրտի հիվանդությունները եւ կենսակերպը: Արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ինչպես նաեւ սրտի որոշ հիվանդություններ (օրինակ, առիթմիան) զգալիորեն մեծացնում են կաթվածի հավանականությունը: Նույնչափ նաեւ վտանգավոր են ծխելը, սխալ սնվելը եւ նստակյաց կյանք վարելը: Բոլոր այս գործոնների բացառումը կարող է զգալիորեն նվազեցնել կաթվածի վտանգը: Ինչպես նշեց Նունե Եղիազարյանը, Հայաստանում կաթվածի ռիսկի գործոնների վերահսկողությունը դեռ գոհացնող մակարդակի չէ. շատերը ունեն բարձր ճնշում, սակայն դեղեր չեն ընդունում այն վերահսկելու համար, եթե ճնշումը նրանց չի անհանգստացնում: Մինչդեռ բարձր ճնշումը, ինչպես բացատրեց մասնագետը, վտանգավոր է, եթե անգամ չի առաջացնում գլխացավ կամ այլ  խնդիրներ:

Կաթվածի ախտանիշները

Կաթվածը սովորաբար վրա է հասնում հանկարծակի, եւ նրա ախտանիշներն ի հայտ են գալիս եւ զարգանում կայծակնային արագությամբ: Հենց այդ պատճառով էլ շատ կարեւոր է ճանաչել այդ ախտանիշները եւ ճիշտ վարք դրսեւորել:

Այժմ Արեւմուտքում լայնորեն կիրառվում է, այսպես կոչված, կաթվածի ինքնուրույն հետազոտության ալգորիթմ FAST-ը.

Face – դեմք – եթե մարդու դեմքը ծռված է, նկատելի է միմիկայի մկանների թուլություն դեմքի մի կողմում, բերանի անկյունը թեքված է, եւ եթե մարդը չի կարողանում ժպտալ, դա կարող է լինել կաթվածի ախտանիշ:

Arm – ձեռք – եթե մարդը չի կարողանում երկու ձեռքերը բարձրացնել 90 աստիճանով, եթե մի ձեռքը կամ մարմնի մի կեսը թուլացել է եւ կորցրել է զգայունությունը, դա կարող է լինել կաթվածի ախտանիշ:

Speech – խոսք – խոսքի խանգարումը եւ գիտակցության շփոթը եւս կարող են կաթվածի ազդանշան լինել:

Time – ժամանակ – պետք է հիշել, որ կաթվածի դեպքում օգնություն ցուցաբերելիս ամենակարեւորը ժամանակն է: Հապաղել չի կարելի, ըստ այդմ` որեւէ մեկի մոտ տեսնելով վերը թվարկված ախտանիշները` պետք է անմիջապես կանչել շտապ օգնություն:

Առաջին օգնություն

Կաթված ստացած մարդուն տնային պայմաններում օգնություն ցուցաբերելու փորձն անիմաստ է: Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել շտապ օգնություն եւ տեղեկացնել կարգավարին, որ մարդու մոտ, ամենայն հավանականությամբ, կաթված է: Այդ ընթացքում խորհւրդ չի տրվում ճնշումն իջեցնել, եթե այն բարձր չէ 180-ից, ինչպես նաեւ, խորհուրդ չի տրվում հիվանդին ասպիրին տալ, քանի որ կաթվածը կարող է լինել ոչ թե իշեմիկ, այլ հեմորագիկ, այսինքն` ուղեղում կարող է արյունազեղում լինել, իսկ ասպիրինը, որը նոսրացնում է արյունը, միայն կսրի վիճակը: Նշենք, որ «Էրեբունի» հիվանդանոցում կա կաթվածների բուժման կենտրոն, որտեղ մասնագետների անձնակազմը օրվա ցանկացած ժամի պատրաստ է ընդունել հիվանդների եւ անհապաղ ցուցաբերել օգնություն:

Բուժումը

Այսօր կան կաթվածի բուժման բազմաթիվ դեղորայքային եւ վիրահատական միջոցներ: Ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է TPA դեղամիջոցը, որը լուծում է արյունային մակարդուկները, քայքայում է թրոմբները եւ կարող է նպաստել` վերականգնելու արյան մատակարարումը իշեմիկ կաթվածով հիվանդի ուղեղ, եթե այն ընդունվի ժամանակին` ոչ ուշ, քան կաթվածի ախտանիշների հայտնվելուց 4,5 ժամ անց:

Ինչպես նշեց Նունե Եղիազարյանը, այդ դեղամիջոցը ընդունած 100 կաթվածով հիվանդից 17-ը ապաքինվում են, 4-ի մոտ արյան նոսրացման հետեւանքով լինում է արյունազեղում, նրանցից 1-ի մոտ` մահացու ելքով: Մյուսներին դեղամիջոցը չի օգնում, բայց եւ չի վնասում: Առաջին հայացքից, դեղամիջոցի արդյունավետությունը այդքան էլ բարձր չէ, սակայն Արեւմուտքում այն համարվում է կաթվածի բուժման ոսկե ստանդարտ. շատ մասնագետներ վստահեցնում են, որ հաշվի առնելով կաթվածից մահացության եւ հաշմանդամության բավականին բարձր վտանգը` լիովին ապաքինվելու 17%-անոց հնարավորությունը անտեսման արժանի չէ:

Բժիշկ Եղիազարյանը հիշեց 80-ամյա մի հիվանդի, որը խոսքի խանգարմամբ եւ կաթվածի այլ ախտանիշներով եկել էր «Էրեբունի»: Նրա մարմնի ամբողջ աջ կողմը փաստացի չէր գործում: Չմիջամտելու դեպքում այդ կինը կդառնար հաշմանդամ կամ գուցե մահանար, բայց 3 ժամվա ընթացքում նրան ներարկեցին TPA: Հաջորդ օրը նա արդեն իրեն հիանալի էր զգում, բայց մասնագետները նրան հիվանդանոցում պահեցին եւս մի քանի օր, որպեսզի պարզեն, թե ինչու էր նրա մոտ զարգացել կաթված, եւ ինչ անել, որպեսզի այն չկրկնվի: Մի քանի օր անց նա դուրս գրվեց հիվանդանոցից լիովին առողջ:

Կան նաեւ կաթվածի բուժման այլ միջոցներ, եթե հիվանդին այս կամ այ պատճառով չի ցուցվում TPA-ի օգտագործում:

Ինչ վերաբերում է կաթվածի բուժման վիրահատական միջոցներին, իշեմիկ կաթվածի դեպքում կարող է արվել էնդովասկուլյար միջամտություն, որի ժամանակ վիրաբույժը մտնում է անոթ եւ մեխանիկական եղանակով հեռացնում է այն խցանած թրոմբը: Հեմորագիկ կաթվածի դեպքում, եթե պատռվել է փոքր անոթ, երբեմն բավարար է դեղորայքային բուժումը` զարկերակային ցածր ճնշմամբ: Սակայն եթե պատռվելու պատճառը անոթային անոմալիան է, օրինակ, անեվրիզմը, առանց վիրահատական բուժման` ապաքինումն այնքան էլ հավանական չէ: Վիրահատության ընթացքում վիրաբույժը կարող է հատուկ գործիքների միջոցով փակել վնասված անոթը, որպեսզի նրա միջով այլեւս արյուն չհոսի: Կատարվում են նաեւ վիրահատություններ, որոնք կանխում են կաթվածը: Այդպիսի վիրահատություններից է, օրինակ, էնդարտերէկտոմիան, որի ժամանակ քներակից հեռացվում են աթերոսկլերոտիկ վահանիկները, որոնք պոկվելով կարող են թափանցել ուղեղ եւ կաթվածի պատճառ դառնալ:

Վերջաբանի փոխարեն

Կաթվածը ծանր հիվանդություն է, բայց ժամանակին բժշկին դիմելը եւ գրագետ բուժումը կարող են ապահովել լիարժեք կյանք ախտահարումից հետո: Հենց այդ պատճառով էլ այդքան կարեւոր է չհապաղելը եւ անմիջապես դիմելը բժկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է